ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Դանակը ոսկորին է հասել. իսկ ու՞ր է ոսկորը

Դանակը ոսկորին է հասել. իսկ ու՞ր է ոսկորը
17.09.2026 | 12:01

«Դանակը ոսկորին է հասել»․ դարերով սերնդեսերունդ փոխանցված այս դարձվածքը միշտ նշանակել է համբերության վերջին սահման, այն կետը, որից անդին այլևս լռելն ու հանդուրժելն անհնար է։ Սակայն այսօր ցավով արձանագրում ենք մի նոր, վտանգավոր իրականություն․ դանակն իջնում է ու իջնում, իսկ մենք դեռ սպասում ենք այդ «ոսկորին» հարվածելու ձայնին։

Անոսկորությունը դարձել է մեր ժամանակների ամենածանր ախտորոշումը։ Ոսկորը միայն անատոմիական հասկացություն չէ, այն ողնաշարն է, ինքնասիրությունը, արժանապատվությունն ու դիմադրողականությունը։ Երբ կորչում է ոսկորը, դանակը սկսում է անարգել կտրել միսն ու ջիլը, իսկ ցավի հանդեպ զգայունությունը՝ մարել։

Բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնում արտակարգ իրավիճակ էր։ Պրոֆեսոր Սարոյանը, ակնոցի վրայով նայելով հերթական «հիվանդի» ռենտգեն նկարին, հուսահատ շփում էր ճակատը։

- Հարգելիս,- դիմեց նա դիմացը նստած ժպտերես ու ընդարմացած քաղաքացուն,- ձեզ վրա արդեն երեք տեղից խոր կտրվածք կա։ Դանակը մտել է մինչև վերջ։ Բայց ոսկոր չկա… Ու՞ր է ձեր ողնաշարը։

- Վայ, պրոֆեսոր ջան, էդ հին ու բարի ժամանակներում էր, որ մարդիկ ոսկոր էին պահում,- հանգիստ պատասխանեց քաղաքացին՝ ուղղելով պատռված ճակատը։- Հիմա ոսկոր պահելը ձեռնտու չէ․ շատ է ցավեցնում։ Երբ դանակը ոսկորին է հասնում, ցավից աղաղակում ես, դիմադրում ես, կռիվ ես տալիս։ Իսկ առանց ոսկորի՞… Դանակը մտնում է մի կողմից, դուրս է գալիս մյուսից, իսկ դու շարունակում ես հանգիստ սուրճդ խմել ու «Ֆեյսբուքում» սմայլիկներ դնել։

- Բայց չէ՞ որ Դուք արնահոսում եք, արժանապատվության հյուսվածքները լրիվ քայքայված են,- անհանգստացավ պրոֆեսորը։

- Հոգ չէ,- մեղմ ժպտաց քաղաքացին,- կարևորը՝ «ոսկորին չի հասել»։ Սպասում ենք, տեսնենք՝ վերջում ինչ է լինելու։ Եվ ընդհանրապես, ճկուն լինելն է հիմա նորաձև․ դանակը գալիս է՝ փափուկ շրջանցում ես։

Պրոֆեսորը լուռ վերցրեց գրիչն ու ախտորոշման թերթիկում գրեց․ «Քրոնիկ անոսկորություն․ հիվանդն իրեն զգում է հարմարավետ, բայց արդեն մսացու է»։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ