Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Դու ընդամենը զբոսաշրջիկ ես և պաշտոնավարման ժամկետդ օգտագործում ես աշխարհով մեկ շրջելու համար

Դու ընդամենը զբոսաշրջիկ ես և պաշտոնավարման ժամկետդ օգտագործում ես աշխարհով մեկ շրջելու համար
05.09.2025 | 12:12

Դիտում եմ Չինաստանում ռազմական շքերթի կադրերը եւ մարմնովս սարսուռ է անցնում` անթերի հագնված, ձիգ զինվորականների քայլք, զենք-զինամթերքի նախանձելի ցուցադրություն:

Տրիբունան ու հանդիսատեսը, դրոշներն ու երաժշտությունը, չինացիների ոգեւորությունը մեծ պատկառանք են ներշնչում:

Պարզ է, որ մենք Չինաստանի հետ «ոտք գցել» չենք կարող, եւ այդ հզորությունը բնակչության քանակով, հարյուրամյակների տքնաջան աշխատանքով, պատերազմների ու հակամարտությունների գնով ձեռք բերված իրողություն է:

Բայց միայն քանակը չէ, որ ազգերին ազգ է դարձնում, պետությունները` պետություն:

Դա տվյալ ազգի հավաքական խելքի, կոլեկտիվ աշխատանքի, գաղափարական հենքի, իր պատմության ընթացքում ճիշտ ընտրություն կատարելու հետեւանք է: Երբ պետության գլխին կանգնած մարդիկ ոչ թե իրենց խղճուկ աթոռը պահելու մասին են մտածել տասնամյակներ շարունակ եւ ամեն խորամանկ հնարքի դիմել` մրցակիցներին ոչնչացնելու, իշխանությունը երկար պահելու-վայելելու համար, այլ պետության մասին են մտածել, իրենց միջի խելացի անհատներին են առաջ մղել, խելացիների խորհուրդներն են լսել, հեռանկարային ծրագրեր են իրականացրել: Իսկ երբ տեսել են, որ իրենց մոտ չի ստացվում պետություն կառավարելը, եւ պետությունն իրենց պատճառով կորուստներ է կրում, ժամանակին հեռացել են՝ շանս տալով իրենց ազգին նոր իշխանություն ձեւավորելու, «զրոյական կետից», մաքուր էջից իր պատմությունը կերտելու:

Հակառակ դեպքում ստացվում է, որ դու` որպես պետության ղեկավար, չես կարողանում բանակ ստեղծել, զենք-զինամթերք ձեռք բերել, 7 տարվա ընթացքում գեթ մեկ զորահանդես անել, ստրատեգիական պարտնյորներ գտնել, բայց գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսներն ես նայում եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրում:

Ստացվում է, որ դու ընդամենը զբոսաշրջիկ ես եւ պաշտոնավարման ժամկետդ օգտագործում ես աշխարհով մեկ շրջելու, այս ու այն երկրի տեսարժան վայրերն ու անգամ` աղբամանները նկարելու եւ դա ֆեյսբուքում հրապարակելու համար:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ