Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Սաղմոս հրաժեշտի

Սաղմոս հրաժեշտի
03.11.2025 | 16:28

(վեպի փոխարեն)

Կուսակցության գրասենյակի նիստերի սրահում, որտեղ տեղի էր ունենում հանգուցյալի հոգու հանգստության կարգը, մարդ գրեթե չկար. ընդամենը մի քանի հոգի` հեոու և մոտ ազգականներ, ի պաշտոնե ներկայացած հատուկենտ փողկապավորներ, կամավոր-պարտադիր սկզբունքով ներկայացած կուսակիցներ և սգո արարողակարգի աշխատակիցներ: Բացակայող քահանայի դերը ճարահատյալ ստանձնեց ինչ-որ չուլանից պեղված մի կարգալույծ հոգևորական, որը աղոթք հիշեցնող մի քանի անհասկանալի բառ մրմնջաց քթի տակ, կիսատ-պռատ արտասանեց մի նորահայտ սաղմոս ու շարական երգեց` շատ նման՝ «ընկեր նախագահ կնկանդ ծախա, նագան դու կախա» երգի երաժշտությանը, ապա ձեռքով նշան արեց, որ հյուրերը կարող են իրենց ցավակցական զորակցության խոսքն ասել հանգուցյալի հարազատներին: Այնուհետև, արարողության կազմակերպիչն ազգարարեց գործողությունների հաջորդ շրջափուլի մեկնարկը: Թափորը շարժվելու էր գերեզմանատուն, որտեղ պատրաստվում էին հողին հանձնել մեր ժամանակի կարկառուն հերոսին, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել էր նոր աշխարհակարգի աներկբա էկզիստենցիալ գործարկմանը` հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատությունների, ժողովրդի բարեկեցության էլ ավելի բարելավման, սիրո և բաց ափերով հանդուրժողականության հաղթանակի, նաև բազմաթիվ նորամուծությունների խավարամիտ ու աղքատ ուղեղներով քաղաքացիների կյանքում` ներառյալ անխուսափելի ապագայի տեսլականում խոստացվող հանգուցային լուսեղեն արտոնությունները:

Փոսի մեջ թափվող քարքարոտ հողի աղմուկը հաստատեց, որ առաջնորդն այլևս հավիտյանս հավիտենից չի վայելելու արեգակի լույսը, հասարակությունը չի ըմբոշխնելու նրա սոփեստական իմաստությունները:

Game over, ինչպես հաճախ սիրում էր կրկնել նորին գերազանցություն հանգուցյալը: Դամբանականը ևս կարդաց նույն կարգալույծը` հիշելով Ալեքսանդր Մակեդոնացու պատգամը մեռնելուց առաջ առ այն, որ կյանքից հեռանալուց առաջ նույնպիսի համարձակությամբ ու դուխով, ինչպես աշխարհակալ զորահրամանատարը, կուսակցապետը կարող էր հրամայել իր գեներալներին, որ լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իր դին, որ բոլորը տեսնեն` լավագույն բժիշկներն անգամ անզոր են մահվան առջև: Շաղ տան իր հարստությունն ու ոսկին ճանապարհին, և բոլորը տեսնեն, որ անհագորեն վաստակած հարստությունը մնում է այս աշխարհում և չես տանում քեզ հետ անդրշիրիմյան աշխարհ: Վերջապես, ձեռքերը դագաղից դուրս տանեն իր դին, և բոլորը տեսնեն, որ վեհագույնն այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:

Ահա, այսպիսի զուգահեռներ երկու համաշխարհային հսկաների միջև` համազոր, նույնական, վերջինիս պարագայում, առավել քան կապիտալիզացված: Միայն թե ոսկեդրամներ չդրվեցին հանգուցյալի աչքերին ի նշան աչքածակին աչքը կուշտ ճամնապարհելու: Յուրայինները կամ չափազանց գծուծ էին, կամ խուսափեցին չհայտարարագրված ոսկեղենի բացահայտումից:

Հռետորը հընթացս բազմիցս շեշտեց հրավերքի մասին` մի կտոր հաց կիսելու և մեկական բաժակ բարձրացնելու, հոգեհացի վայրի մասին` մանրամասն նկարագրելով ոչ միայն հացատան հասցեն, այլև չզլացավ անդրադառնալ ճաշացանկի ճոխ պարունակությանը:

Նա խոսքը եզրափակեց գնաս բարով մաղթելով համայն մարդկության հորը, քեռուն ու, հարկ եղած դեպքերում, քեռակնոջն ու քավոր-քավորկնկան:

- Հանգչիր խաղաղությամբ, մեծն նահապետ համաշխարհային մտքի և տիեզերական հոգու, - եզրափակեց ելույթը հռետորը, նրան կոչելով միջազգային համայն բեմահարթակների մեծն թավշյա հեղափոխական, սրբազան արարիչ համայն մարդկության, թագավոր և արքայից արքա հակամարտող ազգերի համերաշխության ու խաղաղ գոյակցության, որը թեկուզ հետմահու միանգամայն արժանի է Նոբելյան մրցանակի:

Մեռելահացն, ինչպես և սպասելի էր, վերածվեց խնջույքի, հայտնվեց նաև նվագախումբ` իր երգիչ-երգչուհիներով: Մի քանիսը գինովցած, նաև փոշին քիթները քաշելուց հետո պար բռնեցին, երգչուհուն և մատուցողուհիներին պորտապարի հրավիրեցին, ցնծաց երգն ու երաժշտությունը` ի հիշատակ հանգուցյալ կուսակցապետի։

Հուղարկավորության հաջորդ օրը` ինքնահողենքին, ընտանիքի անդամները, ըստ կարգի, այցելեցին սիրելի ամուսնու և հայրիկի, անզուգական աներձագի և փեսայի շիրմին և, օ՜վ զարմանք, առաջնորդի դագաղը գտան գերեզմանափոսից դուրս դրված:

Տիկինն իսկույն հիստերիկ ճիչերով նետվեց դեպի գերեզմանատան տնօրենի աշխատասենյակ.

- Սա ի՞նչ նորաձև խայտառակություն է, ո՞վ է համարձակվել պղծել ամուսնուս գերեզմանը,- ճղճղաց մեկօրական այրին:

- Չի կարող այդպիսի բան պատահել,- զայրացավ տնօրենն ու պահանջեց տեսախցիկների տեսագրությունները:- Բացառվում է նման բան իմ տերիտորիայում, ոչ ոք, ոչ մի շունչ չի մոտեցել գերեզմանին, տիկի’ն, խնդրեմ, ինքներդ համոզվեք:

- Չեմ հասկանում, այսինքն, դագաղը ոտքեր առավ ու դու՞րս եկավ փոսից:

Դեպքն արտասովոր, ավելին, առեղծվածային էր: Տնօրենը հանձնարարեց գերեզմանափորներին իսկույն վերաթաղել դագաղը և ընտանիքի անդամներին խոստացավ խիստ հսկողություն սահմանել շիրմի մոտ` միայն թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ պահպանել քար լռություն` հանուն իր և գերեզմանատան պատվի և արժանապատվության:

Կրքերը որոշ չափով հանդարտվեցին, բնականաբար, ոչ ամբողջովին:

Ավանդույթի համաձայն՝ հուղարկավորության յոթերորդ օրը, երբ Աստված ավարտել էր իր վեցօրյա արարչագործությունը և յոթերորդ օրվա խորհրդով հանգուցյալի մարմինը վերջնական հանգստություն էր գտնելու հողի գրկում, հարազատները այցելեցին ննջեցյալի շիրիմին։

Կրկնվեց նույն զավեշտալի պատմությունը. սգակիրների առջև բացվեց նույն գաղջ ու դժգույն դժբախտ տեսարանը՝ դագաղը դարձյալ հայտնվել էր գերեզմանափոսից դուրս։

Այլևս անիմաստ համարելով ցածր օղակներում հանգուցալուծումը գտնելու ջանքերը՝ տիկինը դիմեց իշխանության համապատասխան մարմիններին և ուժային կառույցների ղեկավարներին՝ ազգային անվտանգության ու ներքին գործերի ծառայությունների, քննչական մարմինների պետերին՝ անհապաղ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու պահանջով։

«Մախաթը պարկում երկար չես պահի»։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց հանրության բոլոր շերտերում և մեկնաբանվեց յուրաքանչյուր վերլուծաբանի գիտելիքի ու քննական ունակությունների չափով։

Օդում կախված անթիվ-անհամար լուրեր ճոճվում էին երկնակամարում, փուչիկների նման ուռչում ու պայթում, և չէին սպառվում:

Մտրակված նժույգի արագությամբ ու թափով թևածում էր ազատ արձակված երևակայության, հորինվածքի և դառն ու դաժան իրականության թնջուկը: Գերակշռում էին ընդդիմադիր ու ըմբոստ բացահայտումները, վերաճում հայհոյախառն արդարացի քննադատությունների: Թացն ու չորը, հինն ու նորը, սև ու սպիտակը, նախկինն ու ներկան գուժում էին, թե ապագա էլ կա, ապագա էլ: Հուսալի ապագա կա, եթե թիկունքին ամուր ու աներեր ներկա ունի…

ՈՒնայնությամբ լեցուն հայացքները թափառում էին անորոշ հեռաստաններում` փորձելով լույսի ու հույսի գեթ մեկ շող որսալ: Հիասթափությունը բնական էր դժոխային խոչուխութերը հաղթահարողների կյանքում, հուսահատությունը` մերժելի, պայքարը` անհրաժեշտություն և կործանումից փրկության միակ ուղի։

- Ամեն սրբություն ապականեցին,- բողոքում էին շատերը,- հերթը հասավ գերեզմաններին։

- Երկիրը բառդակ են դարձրել, պռախադնոյ դվոռ… Ամեն օր արթնանում ես ու մի նոր մուտիլովկայի, մի անակնկալ ստորաքարշության, հանցագործության մասին ես լսում:

- …Որովհետև պայմանավորված պատերազմ հրահրեցին, հազարավոր երիտասարդների գլուխը կերան ու հաշմանդամ դարձրեցին, և ոչ մի հրձիգ ու դավաճան չպատժվեց, պատասխանատվության չենթարկվեց։

- Ի’նչ դավաճան, դրանք բացահայտ պատերազմ են հայտարարել մեր երկրին ու ազգային սրբություններին և թշնամաբար տանում են երկիրը կործանման։ Թշնամուց թշնամի են, որովհետև թիկունքից են խփում, դավեր են նյութում ինքնավստահ, ինքնագոհ, համարձակ` օգտվելով ժողովրդի միամտությունից ու դյուրահավատությունից։

- Սրանք ամեն բան կանեն, միայն թե չզրկվեն բախտի նվիրատվությունից: Ախոռներից հայտնվել են պալատներում, որից հրաժարվել, բնականաբար, չեն ցանկանում: Գիտեն, որ պաշտոնազրկվելուց հետո իրենց դառը, շատ դառը ճակատագիր է սպասվում: Ախր, սրանց պատճառած ցավը չի սպիանա, վերքը չի ապաքինվի. շատ խորն է, անբուժելի։

- Ա՛յ մարդ, ո՞նց կլինի, որ մարդ արարածը առավոտյան մտավորական լինի, ցերեկը` թմրամոլ ու գողական, երեկոյան գործ տա ոստիկանական բաժանմունքում ու դատախազությունում։ Առավոտյան եկեղեցի մտնի, կեսօրին` մզկիթ, երեկոյան` սինագոգ։ Էսօր Ելիսեյան պալատում ու Բունդեսթագում հայտնվի, վաղը` Վատիկանում, մյուս օրը` Կրեմլում, հաջորդ օրը Սպիտակ տանն ու Դոլմաբահչեում։ Առավոտյան մի բան ասի, ցերեկը հերքի այն, երեկոյան մի նոր զրպարտություն ու խաբեություն մոգոնի ու հետո չքմեղանա, թե ես այդպիսի բան չեմ ասել։

Բայց, քանզի բազումք են կոչեցյալք և սակավ ընտրյալք` բոլորը ճառում էին, և քչերն էին գործնականում ձգտում գահընկեց անել միահեծան գոռազ ցարին ու ցրել արքունիքը: Կային այնպիսիք, որ ճարահատյալ ահից, երկչոտությունից, թե զգուշավորությունից դրդված ապավինում էին միասնական համազգային աղոթքի առ Երկնային Տերն ու Արարիչը, և դարձյալ հաջողում էր նեռի մանևրունակությունը` միասնական աղոթքի ցասմանը չէր հաջորդում պառակտված հասարակության միասնական համազգային համազարկը: Մերթընդմերթ լռությունը խախտող անարդյունավետ հանրահավաքներ, ցույցեր ու երթեր և երկարատև, կեղեքող տագնապ ու պայթյունավտանգ անդորր` մեն մեկ կայծի սպասման անուրջներում:

Քննարկումներ, վարկածներ, բամբասանք` միմյանց շաղախված դարձան ամենօրյա ինստիտուցիոնալ զբաղմունք պատերի տակ ու տաղավարներում պարապ թրևողների համար, թափանցեցին մամուլ ու զանգվածային լրատվամիջոցներ:

«Անտեսանելի և անորոշ ուժեր են վխտում երկրում, որոնք գերեզմաններից դուրս են շպրտում հանգուցյալներին։

Ոստիկանությունն անզոր է բացահայտելու հանցագործներին։

Դիվերսիոն խմբեր են գործում անտերության մատնված երկրում։

Ուժայիններն անզոր են, որովհետև պրոֆեսիոնալ չեն։ Հնարավոր է, որ հանցագործները համագործակցում են կամ հովանավորվում իշխանության վերին շերտերի կողմից։

Մի՞թե ճիշտ էր իմաստունը, երբ ահազանգում, էր քաղաքում շրջող սատանայի և նրա վտանգավորության մասին:

Անմակարդակ հակահետախուզությունը քամահրանքով վերաբերվեց նրան անհապաղ վնասազերծելու հանձնարարականին:

Գողինն ու բոզինը քառասուն օր է, միևնույն է, եթե ցանկություն ու կամք դրսևորեն մի քանի ժամում կհայտնաբերեն ու ասֆալտին կծեփեն դրանց:

Եթե իշխանությունների մատը խառը չէ` մեկ ուչաստկովիի գործ է: Երկրի ամբողջ բնակչությունը, ինչպես համակենտրոնացման ճամբարում, հսկողության տակ են, գաղտնալսվում է ամեն ոք, տեսագրվում է ամեն քայլ»:

Եվ այլն, և այլն:

Խոսակցություններն ընդարձակում էին իրենց աշխարհագրությունը, բնակչության հիշողության մեջ արթնանում էին հին ու նոր, անցյալում և ներկայում չբացահայտված, նաև պարզորոշ միտումնավոր ծածկադմփոց արված հանցագործություններ` պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահումներ, ակնհայտ դավաճանություններ, վնգստացող դատավորների գետնաքարշություններ, կամակատար դատախազների մեքենայություններ, տնտեսական և քաղաքական ճնշումներ, սպանություններ, սեքսուալ այլասերումներ, գողություններ, հավելագրումներ, ատկատներ, ոստիկանական, մաքսային և հարկային արկածախնդրություններ։

Բացահայտ բռնապետական նկրտումներ:

Փողոցային հայհոյախառն բառապաշարով գռեհիկ ելույթներ ու սպառնալիքներ ամենաբարձր ամբիոններից; Ժողովրդավարության բաստիոնի քողով շղարշված ոտնձգություններ ժողովրդավարության դեմ` հօդս ցնդող մարդու իրավունքներ, խոսքի ազատություններ…

Հազար ու մի զըրթ ու զիբիլ` թանկացումներ, բարձր հարկեր, տույժեր ու տուգանքներ, կոռ ու բեգյար` թափված լքված քաղաքացու անճար գլխին։ Անհարկի ձերբակալություններ և ներողամտություն, անպատժելիություն սեփական թիմակիցների հանցանքների ու զանցանքների նկատմամբ: Կյանքից քաղված աներևակայելի հանցափունջ, սոդոմ-գոմոր, որի մասին լռում էին միջազգային կազմակերպությունները, հանցավոր անտարբերություն ցուցաբերում երկրում տեղակայված դեսպանատները:

Ըստ երևույթին, միջազգային հանրության նշաձողը շրիշակից ավելի էր ցածրացրել և անցել զրոյական կետի սահմանագիծը: Հաղորդագրությունները գուժում էին, որ անգործության մատնված օպերատիվ աշխատողների բացատրական աշխատանքներն ու ջանքերը արդյունք չեն տալիս, նրանք ապավինում էին հասարակության ակտիվ աջակցությանը. աննախադեպ սրբապղծությունը վերածվում էր համազգային ողբերգության: Անհայտ և անտեսանելի հանցագործին նկատելու դեպքում անհապաղ դիմել մոտակա ոստիկանական բաժանմունք կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։

Ինչևէ: Թեև տիկինը երազում էր ամուսնական կյանքից կապանքազերծ լինելու և իր կանացի կրքերն ազատորեն անսպառ բավարարելու մասին, այնուամենայնիվ, հետամուտ էր հանցագործի կամ հանցախմբի բացահայտմանը: Ողորմածիկն իր կյանքի ընթացքում շատերի հետ էր տմարդի վարվել, և վրեժխնդրության նետերը կարող էին փոխանցվել նաև իրեն ու իր ընտանիքի մյուս անդամներին:

Ինքնակոչ տիկնոջ դիմում-բողոքներին արձագանքեցին հատուկ ծառայությունները, ներգրավվեցին նույնիսկ արտաքին հետախուզության, արտակարգ իրավիճակների, մարդու իրավունքների պաշտպանի ծառայությունները և սկիզբ առավ բազմաբնույթ հետաքննություն, որի ընթացում բացահայտվելու էին աներևակայելի փաստեր: Պարզվեց, որ տարիներ շարունակ հանգուցյալին բուժող բժիշկը չի կարողացել ճշգրիտ ախտորոշել պացիենտի հիվանդությունը, որը, ըստ բժշկական անկետայում արձանագրված գրառման, համաշխարհային առողջապահության պատմությանն անհայտ բարոյահոգեբանական-մտաֆիզիկական արատների փունջ էր, որը կարող էր արտահայտվել շրջապատի հանդեպ չարամիտ, ագրեսիվ դրսևորումներով:

Ընդ որում, հատուկ շեշտված էր, որ հիվանդը մի քանի անգամ հյուրընկալվել էր Գաբրիել հրեշտակապետին և հարություն առել:

Բուժող բժիշկը փաստում էր նաև, որ իր տարօրինակ հիվանդը բողոքել է հալյուցինացիաներից, պարբերաբար իրեն քնած և արթմնի այցելող տեսիլք-ուրվականներից, որոնք հրեշավոր ծրագրեր են պարտադրել իրեն, ստիպել հրահրելու քաղաքացիական բախումներ, դրդել հոսեցնելու արյան վարար գետեր։

«Նրան հաճույք են պատճառում երկնքից թափվող անթիվ-անհամար գլխատված ու արնաշաղախ դիակների երազային պատկերները: Ի հակադրություն դրա, նրան հետապնդում է այն գաղափարը, թե ինքն է սպանել իր ծնողներին, պատճառ դարձել հազարավոր զոհերի: Նա ատում է ամեն շարժվող ու շնչավոր արարածի, նույնիսկ իր հարազատ ընտանիքի անդամներին»,- գրված էր բժշկական եզրակացության մեջ:

Հարցաքննության կանչվեց նաև դիահերձող պատանատոմը: Նա խոստովանեց, որ հանգուցյալի գանգի կափարիչը բացելիս, ուղեղի ծալքերում առկա են եղել թարախի մեջ անկանոն շարժումներ կատարող և լողացող դեղնականաչ որդեր, որոնցից տարածվել է լեղիի խեղդող գարշահոտ: Հանկարծակիի եկած դիահերձողը, որի պրակտիկայում դա աներբա աննախադեպ երևույթ էր, անակնկալի եկած, ինքնաբերաբար արագ ամուր փակել է գանգատուփը, ակամայից, անգիտակցաբար ենթադրելով հանրության համար որդերի տարածման վտանգավորության մասին: Մարդ-հրեշի տպավորության սարսափի ներքո նա սոսնձել, վիրաբուժական թելով կարել է գանգատուփը: Չբավարարվելով այդքանով, ապահովության նպատակով, նա մետաղական ամրակներով ամրացրել է այն: Այնուհետև դիահերձողը հույժ գաղտնի հղումով գրություն է հասցեագրել առողջապահության նախարարություն և ազգային անվտանգության ծառայություն և ներկայացրել եղելությունը, սակայն նրա նամակը մնացել է անպատասխան:

Չար լեզուները հայտնել են, որ հատուկ ծառայությունները ներկայումս զբաղվում են պետական նշանակության ավելի կարևոր գործունեությամբ`մշակում են քաղաքական գործընթացների զսպման և անհնազանդ քաղաքական ակտիվիստների չեզոքացման քաղաքականության հայեցակարգ, որի նախագիծը պետք է ներկայացվի պառլամենտական քառօրյայի առաջիկա նիստերից մեկում, և նման մանր-մունր անձնական խնդիրների համար աշխատակիցների քանակը և ժամանակը չի բավարարում:

Իսկ հասարակական կյանքն ընթանում էր բնական ուղիով: Սրճարանները լեփ-լեցուն էին անհոգ մարդկանցով, զվարճանքի գոլորշիներում ու փրփուրներում կյանքն ըմբոշխնող դասալիքներով, որոնց ապահովությունը ստանձնել էին անապահով և շարքային ընտանիքներից զորակոչված հասակակիցները:

Անտրամաբանորեն ուռճացող և անմիտ չափերի հասնող քաղաքում քաղաքաշինությունն այլևս անելիք չուներ, քանզի բազմաթիվ կամայականությունների հետևանքով այն կորցրել էր իր երբեմնի փառքն ու նկարագիրը և վերածվել անդեմ բնակատեղի:

Մոռացության էին մատնել մարզերի համաչափ զարգացման ծրագրերը, փոխարենը ստացել մեծ գլխով, փոքր մարմնով անճոռնի օրգանիզմ, որը միտում էր դատարկել փոքր ու միջին բնակավայրերը իրենց քիրվաների համար և հանրապետությունը վերածել քաղաք-պետության։

Նրանցից շատերին ամենևին չէր հետաքրքրում երկրի ճակատագիրը, քաղաքական անցուդարձերը, բնակչության սոցիալական վիճակը: Այո, շատերը վերածվել էին ոչինչ չստեղծող, այլ ֆեստիվառներում, տարատեսակ շոուներում, փարթիներում ու զվարճավայրերում, աղանդավորական հանդեսներում ու հակամշակութային հավաքներում սպառվող անբանական արարածների` նման խոտի դեզը երջանկորեն որոճացող չորքոտանիների: Այդ ամենով հանդերձ, նրանց շրջանում ևս տարածվեցին շշուկներ ու բամբասանքներ, հավանական ու անհավանական վարկածներ քննարկվեցին իրենց հետաքրքրություններից դուրս գտնվող իրադարձությունների մասին:

- Ինչի՞ց է մահացել:

- Ով բերել էր իշխանության, նա էլ գլուխը կերավ։

- Կնգա մատը խառն է: Հաստատ կնիկը գլուխը կերավ:

- Ասում են` ինքնասպան է եղել:

- Չէ’, բնական մահով է մահացել: Կարող է պերեդոզիրովկա լինի: Եսի՞մ:

- Իսկ եթե չուզողները թունավորե՞լ են: Լսել եմ, որ մեծ փողային բազարների մեջ էր:

Ոտքերը վերմակի տակից արդեն դուրս էին ցցվել։

- Սպանած կլինեն: Քենեդիից ու Քադաֆիից լավ տղա չլինի: Դրան հասնում էր…

- Օտարերկրյա գործակալ ու լրտես էր: Շատերին էր գցել ու խաբել: Ստախոսի բերանում մի դուզ խոսք չկար։

- Թշնամու կուտը կերավ: Աղանդավոր էր: ՈՒրացավ, սուրբ Խաչին դեմ գնաց սրբապիղծը: Աստված է պատժել:

- Ասում են, ծանր ու անբուժելի հիվանդությամբ էր տառապում: Դեղերն ուշացրել են:

- Անսպասելի չէր: Մի օր սատկելու էր։

Բոլոր շշուկները որպես անքննելի գնահատական բարձրաձայն եզրափակում էր ամենուր հայտնվող գինովցած թափառական պոետը` իր ավագ գրչեղբոր հայտնի տողն անվերջ բարձրաձայնելով.

«Սանձել է ուզում հողմերին այս ողորմելին…»:

Վարկածները բազմաթիվ էին: Հերթով ի հայտ էին գալիս հանգուցյալի կյանքի և գործունեության վերաբերյալ ժողովրդական բանահյուսության հավանական և անհավանական գոհարներ, անձնական և հասարակական կյանքի հայտնի և անհայտ դրվագներ, գաղտնազերծվում էին շշմեցնող փաստեր, բայց, ինչպես ընդունված է մեռելահեն անձանց շրջապատում, մեռնողից հետո` կամ լավ, կամ ոչինչ:

Առաջարկվեց այրել դիակը և աճյունասափորը հանձնել հարազատներին ի տնօրինություն, սակայն դիակից ազատվելու այդ տարբերակը ևս ձախողվեց: Նախ դրան դեմ արտահայտվեցին ընտանիքի անդամները, ու նաև դիակիզարանը մերժեց: Այրման ենթակա չէ: Չի հրկզվում: Հրակայուն է…

- Դուք պարտավոր եք դամբարան կառուցել ամուսնուս համար և քանդակել նրա սիրելի քայլող մարդու արձանը, թևատակի և ոտքերի արանքի կրքահարույց մազափնջերն անգամ մեկ առ մեկ ֆիքսել,- ղժղժում էր կինը:- Իմ ամուսինը եզակի և բացառիկ էր: Նա թանգարանային նմուշ էր: Նա մեր դարի ամենանշանավոր գործիչն էր, սիրո և հանդուրժողականության մարմնացում: Նա նվիրյալ հեղափոխական էր: Իր վրա էր վերցրել կառավարման ամբողջ ծանրաբեռնվածությունը բոլոր բնագավառներում` և’ բժիշկ էր, և’ գյուղատնտես, և’ ֆինանսիստ, և’ իրավաբան, և’ շինարար, և’ դիվանագետ… Ամեն ինչ: Ժողովրդի ընտրյալն էր: Կառավարությունը պարտավոր է դամբարան կառուցել Լենինի օրինակով: Ինչով էր նրանից պակաս: Մանավանդ, իրար նման են և արտաքնապես, և իրենց գործած աննախադեպ հրաշքներով:

Բայց տիկնոջն այլևս լսող չկար:

- Ո՞վ, քո ամուսի՞նը,- տարակուսած արձագանքեցին հանրահավաքի մասնակից մի քանի շնաբարո վնգստացող դուրսպրծուկներ, որոնք օրեր առաջ և տարիներ շարունակ զբաղված էին ընդդիմադիր ցուցարարներին սադրելով, իսկ հիմա ջանք ու եռանդ չէին խնայում իրենց հեղինակությունը որպես ընդդիմադիր վերականգնելու համար: Թեև ժողովուրդը դրանց կաշին դաբախանից էր ճանաչում: Գողն ամենքից բարձր է գոռում` բռնեք գողին: Իրավիճակ էր փոխվել: Տիկինը կորցրել էր նախկին ազդեցության ուժը, երբ օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող հայտնվել այնտեղ, որտեղ սիրատոչոր զույգն էր հերթական թատերախաղը բեմադրում, երբ իրենց անվտանգությունը հսկում էին գույզգույն բերետավորներ, նաև օտարազգի հատուկ ծառայությունների թիկնազորի մարդատյաց անդամներ:

- Կողմնորոշվե'ք, տիկին: Եկած օրվանից զբաղված եք միայն երկիրը հոշոտելով: Գետինը մտնեք, անամոթնե’ր... Ավելի լավ է, կարգավիճակդ ճշտես: Դուք դեռ ժողովրդին պետք է վերադարձնեք այն ահռելի թալանը, որ հարկատուների, գործարարների, նվիրատուների գրպաններից և այլ դրամագլուխներից տարիներ շարունակ կորզել եք։

Հեռացե’ք, թողեք ապրենք։

-Հե-ռա-ցե’ք, հե-ռա-ցե’ք, հե-ռա-ցե’ք,- վանկարկում էր փոթորկված բազմությունը:

Բախտագուշակները վերծանեցին գերեզմանատան դեպքը որպես գերբնական երևույթ, որպես Տիեզերական ուժի հայտնություն, ուրիշները եզրակացրեցին, որ անտեսանելի թշնամական ուժ է գործում, որը վրեժ է լուծում հանգուցյալից ժամանակին գործած ինչ-ինչ մեղքերի համար:

Երրորդները հորինեցին հազար ու մի վարկած: Իրականում ոչ մի հանցագործ, առավել ևս հանցախումբ դիակապտությամբ չէր զբաղվում:

Գերեզմանաքարերին գիշերող տարեց գերեզմանափորին, որը մշտապես լուռ հետևում էր գերեզմանի շուրջ ծավալվող անցուդարձին, սիրո և հանդուրժողականության հրեշամարդու քառասունքի օրը տեսիլք այցելեց` սևազգեստ մի ուրվական, որը ներկայացավ որպես հերոսածին մայր: Նրան ուղեկցում էին բազմաթիվ այրիներ, անհետ կորածների և գերիների ծնողներ, մանկահասակ որբեր և հարազատներ: Բազմության գլխավերևում թևածում էին հազարավոր ճերմակ հրեշտակներ. մի՞թե հայրենիքի պաշտպանների հոգիներն էին արթնացել ցասումով` արգելելու նեռի ներկայությունը իրենց կյանքի գնով պաշտպանած հողում: Շատ հայրենիքի պաշտպաններ նույնիսկ հողի չարժանացան և մնացին բաց երկնքի տակ: Նա չպետք է հանձնվի հողին: Կինը զգուշացրեց, որ հանգուցյալը, փաստորեն, մեռած ժամանակ ևս խիստ վտանգավոր է, և խորհուրդ տվեց տեղափոխել նրա մարմինը անմարդաբնակ ու ամայի մի վայր, հեռու վռնդել քաղաքակրթությունից և մարդկային հասարակությունից, և հանձնել լեշակեր գազանների ու բորենիների ոհմակների քմահաճույքին: Միայն այդպես կարող է երկիրն ազատվել իրեն պատուհասած սրբապիղծ չարքից։ Այդպիսով ավարտին հասցնել մարդկության ամոթն ու ստորաքարշությունը մարմնավորող հակամարդու մահաբեր ու ողբերգական պատմությունը:

Գերեզմանափորն այդ մասին տեղեկացրեց ղեկավարությանը:

Ոչ ոք չէր համարձակվում ստանձնել դիակը տեղափոխելու պատասխանատվությունը:

- Մեկին մի քանի կանաչ տվեք, հետույքներդ պաչպչելով կտանի,- հորդորեց կազմակերպիչը:

- Ո’չ, -հակաճառեց ժողովուրդը: -Բավական է մեզ նվաստացնեք ու ստորացնեք, խաբեք ու կողոպտեք: Նա մեզ միայն վնաս է հասցրել, ձե’զ`միայն օգուտ: Նա մեր ղեկավարը չէր, այլ ձեր պարագլուխը: ՈՒրեմն, դուք էլ թաղեք ձեր մեռելը:

Բոլորը միասնաբար, խոսքները մեկ արած, հրաժարվեցին հեռավոր վայր տեղափոխել դագաղը իրենց փոխադրամիջոցներով:

Միայն մի սրտացավ ու ազնիվ գյուղացի` սահմանամերձ բնակավայրից իր ավանակի հետ հայտնվեց քաղաքի կենտրոնում և առաջարկեց սպասված օգնությունը` երկիրը դուրս բերելու անելանելի և, ամենայն հավանականությամբ, հանգուցյալի պատճառած վերջին փակուղային վիճակից: Նա պատրաստ էր իր ավանակով տեղափոխել դագաղը անմարդաբնակ և ամայի տարածք: Հանգուցյալի թիմակիցները, որոնց թիվը ժամ առ ժամ նվազում էր` քաղաքական այլ բարիկադներ տեղափոխվելու հետևանքով, տեղավորեցին դագաղը հսկայական պարկի մեջ, երկար շղթայով կապեցին այն ավանակին, շղթայի կենտրոնում զետեղեցին հայտնի ժապավենի թիթեռնիկը, որպես երթևեկության մեջ նախազգուշական նշան և, ուսերից ծանր բեռ թոթափողի երջանկությամբ, սիրով ու խոնարհումով ճանապարհեցին առաջնորդի դին համապատասխան վայր:

Ղողանջեցին եկեղեցու զանգերը: Բակերում գարի ու կորեկ կտցող աղավնիները համերաշխորեն թռան զանգերի ուղղությամբ և թառեցին եկեղեցու զանգակատանն ու գմբեթին: Հորիզոնում ցրվեցին չարագուշակ սև-մութ ամպերը և որպես սրբապատկեր հառնեց Բիբլիական Արարատ լեռան փառահեղ լուսեղեն դեմքը:

Երկիրը թևակոխում էր արժանապատիվ խաղաղության և ստեղծագործ արարումի ժամանակաշրջան։

Իրականում հազարամյակներ շարունակ երկրի իրական տերերի արյամբ ներծծված հողն ընդվզել և մերժել էր իր մարմնի մեջ քաղցկեղածին գոյանքին` նրան որակելով բացառիկ ու եզակի հակամարդ, որը տեղ չուներ Անմահների Տաճարի հերոսների արյամբ սրբագործված հողի մեջ, և ամեն պարագայում ներքին խռովքը դուրս էր ժայթքելու դրան: Պարզապես սրբազան հողն ըմբոստացել ու չէր հանդուրժել դահճի և հանուն հայրենյաց հերոսացած արիների համատեղումը, և ժայթքել ու դուրս էր թքել անիրավի դին: Հայրենի հողը չէր խաբվում ու կաշառվում քաղաքական ճիվաղների աճպարարություններից, կուլ չէր գնում նրանց ստոր կրքերին, և երբ հողին հանձնեցին նրա դին, շատերի բնորոշմամբ, ջանդակը, հողը չընկրկեց նրա առջև, այլ վերահաստատեց, որ թուլամորթ ստահակներին, երեսուն արծաթով Հայրենիքն ու հայրենական սրբությունները աճուրդի հանող և վաճառվող դավաճան գործակալներին չի հանդուրժելու:

Ժողովուրդը երկարատև ծանր հարվածներ կրելուց հետո մասամբ հանդարտվեց և, իր բնականոն ընթացքին զուգահեռ, ինքնամոռաց անձնուրացությամբ տրվեց իր բարի համբավն ու արժանապատվությունը վերականգնելու, ճկված մեջքը շտկելու, ավերակված երկրի վերակառուցման և շենացման տաժանակիր աշխատանքին։

Արդյո՞ք այսքանով ավարտվեց բազմաշերտ և անհաշիվ արարներից բաղկացած տրագիկոմեդիան՝ այն անհավանական թատերախաղը, որն անհեթեթ կթվա յուրաքանչյուր բանական արարածի:

Չգիտե’մ:

Կյանքը ցույց կտա:

Կապրենք, կտեսնենք, եթե չվերանանք ազգովի:

Երբ հաղթահարվի այս համազգային ողբերգությունը, կկարողանա՞նք սրբել մեր վրայից համաշխարհային խայտառակության խարանը, որ դավադրաբար դաջվել է մեր միջազգային վարկանիշի վրա։

Չգիտե’մ: Կապրենք` կտեսնենք: Չարիքը եկավ, տեսավ, վայելեց, լափեց ու ավերեց` իր հետևից թողնելով անդառնալի կորուստներ և անդարմանելի ցավ: Կունենա՞նք ազգովի այնքան իմաստություն և խելամտություն, որ այլևս մեր պատմությունը զերծ պահենք նման թյուրիմացություններից ու փորձություններից։ Դարձյալ` չգիտե’մ: Կապրենք` կտեսնենք: Անթիվ-անհամար հարցեր, որոնց պատասխանը հավանաբար կտան միայն գալիք պատմությունը և Աստծո արդար, ոմանց համար` Ահեղ դատաստանը:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ