Սեպտեմբերի 11֊ ին լրանում է մեկ տարին, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սկսեցի Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնություն` կոչ անելով ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին համախմբվել սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ, որը որպես հետևանք կարող է ունենալ թե ՛ այս իշխանության հեռացումը, թե՛, ինչը շատ ավելի կարևոր է, նմանի վերարտադրության հավանականությունը նվազագույնի հասցնելը։
Այսօր քաղաքական ընդդիմադիր ուժերի խոսույթը որպես կանոն սահմանափակվում է միայն Նիկոլ Փաշինյանի արած ֊ չարածի, ասած ֊ չասածի մասին քննարկումներ անելով։ ՈՒստի հարց է առաջանում. ի՞նչ են առաջարկում իրենք, որպեսզի քաղաքացին իրենց հետևից գա, քանի որ, եթե դա տեղի չունենա, Նիկոլ Փաշինյանի հեռացումն էլ կարող է տեղի չունենա (եթե իհարկե մենք հույսներս չենք դրել արտաքին ուժերի աջակցության վրա)։
Օբյեկտիվորեն միակ բանը, որ կարող են հստակ ասել քաղաքական ուժերը և փորձել համախմբել ժողովրդին սրան հեռացնելու համար, դա երկրի ներսում խաղի կանոնների փոփոխությունն է, որի պարագայում որևէ ղեկավար այսքան մեծ լծակներով և հնարավորություններով օժտված չի լինի և մեր գլխին այսքան մեծ արհավիրք բերելու հնարավորություն չի ունենա։
Միևնույն ժամանակ քանի դեռ այդ նույն ուժերը այդ խոսույթը հանրային սեփականություն չեն դարձրել, չի բացառվում, որ իրենք էլ կրկին կգան ու կխաբեն։
Պետք է ելնել հնարավոր վատ ղեկավար ունենալու սցենարից, անկախ նրանից թե մարդիկ ինչքան ազնիվ ձևով են խոսում ապագայում իրենց իշխանության գալու մասին։
Ի վերջո, այս խոսույթով կարելի է նաև շահել հասարակության վստահությունը։
ՈՒստի սեպտեմբերի 11֊ին, ժամը 18։30-ին հրավիրում եմ Ազատության հրապարակ Թումանյանի արձանի հարևանությամբ քննարկելու համար հենց այդ հարցի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու հնարավորությունը, քննարկելու միջոցները, թե ոնց կարելի է ստիպել ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ թեկուզ իրարից անկախ հանդես գալ հենց այդ խոսույթով որպես առաջնահերթություն։
Հայկ ԴՈՐՈՒՆՑ