Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Պե՞տք է մեզ այսպիսի «խաղաղությունը»

Պե՞տք է մեզ այսպիսի «խաղաղությունը»
19.08.2025 | 19:40

Եվ այսպես, ըստ Ն. Փաշինյանի, «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել»։

Բայցև, ըստ նույն Փաշինյանի, այդ խաղաղության համար հայ ժողովուրդը պետք է՝

• ուրանա սեփական անցյալը և ընդունի թշնամու շարադրած կեղծիքները որպես հայոց պատմություն,

• հրաժարվի հայրենազրկված տարածքներից անգամ հիշողության մակարդակում,

• հրաժարվի միջազգային ատյաններում սեփական բնական իրավունքները ու ցեղասպանված զոհերի արդար դատը հետապնդելուց,

• հանձնի հայասպան թշնամուն Հայաստանի Հանրապետության՝ ռազմավարական նշանակություն ունեցող լրացուցիչ հողակտորներ,

• անձնատուր լինի այն աստիճան, որ նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ճանապարհները վերածվեն օտար գաղութարարների հսկողության տակ գտնվող միջանցքների՝ ծառայելով հայության դեմ պատերազմող թշնամիների ազատ տեղաշարժին («անխոչընդոտ հաղորդակցությանը»),

• ոչ միայն ների, այլև գրկախառնվի այն հանցագործների հետ, ովքեր սպանել են իր եղբայրներին և տեղահանել անմեղ հայրենակիցներին,

• սկսի հավատալ, թե հայոց հերոսները ոչ թե մաքառել են հանուն հայրենիքի և ընդդեմ հայասպան թշնամիների, այլ «անիմաստ առճակատման» առիթ են ստեղծել ու պայքարել «հանուն ոչնչի»,

• ժխտի դարավոր ազգային խորհրդանիշները. այս նախնական փուլում՝ անմիջապես վերջ տա Արարատ լեռան իր վաղնջական ազգային պաշտամունքին ու դեն շպրտի հայկական պատմական թագավորությունների պատկերաբանությունը,

• արմատապես վերափոխի ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը՝ ենթարկեցնելով այն ցեղասպան թշնամու պահանջներին,

• և վերջապես՝ պատրաստ լինի անել ավելին՝ ինչ էլ որ թշնամիները թելադրեն ապագայում։

Սա՛ է փաշինյանական «խաղաղությունը»։ Բայց սուտ անվան տակ հնարավոր չէ թաքցնել այս հանցավոր նախագծի իրական, վտանգավոր բովանդակությունը։ Արդարև, սա Հայաստանի ոչնչացման վատ քողարկված ծրագիր է, որի ճշմարիտ անունները մի քանիսն են՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՏՅԱՑ ՕՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՍԵՄԱՑՈՒՄ, ՍՏՐԿԱՑՈՒՄ, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ, ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ՝ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ ԿԱՄ ԹՈՒՐՔԱՑՈՒՄ։

Պե՞տք է մեզ այսպիսի «խաղաղությունը»։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2861

Մեկնաբանություններ