ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաշինյանը մեր կյանք ներմուծեց խոսքի համար կալանավորելու և դատելու մշակույթը

Փաշինյանը մեր կյանք ներմուծեց խոսքի համար կալանավորելու և դատելու մշակույթը
15.11.2025 | 11:46

Տարրական տրամաբանությունն ասում է, որ դժգոհելու, քննադատելու եւ անգամ հայհոյելու լիքը առիթներ ունի մեր ժողովուրդը, իսկ իշխանությունը ոչ միայն չպիտի համարձակվի դժգոհել, այլեւ գլուխը կախ պետք է լսի այդ լուտանքները եւ լռի:

Այն, ինչ կատարվել է այս 7 տարիների ընթացքում, այն բոլոր աղետները, որ եղել են այս իշխանությունների ժամանակ, ամենամեծ ցանկության անգամ չեն կարող չվերագրվել ՔՊ-ին ու նրա առաջնորդին, ուստի դեռ շատ զուսպ, մեղմ ու ներողամիտ ժողովուրդ ունենք, որ այս ամենը հանդուրժում է, մի բան էլ դեռ 2021-ին եւս մի շանս է տվել սրանց` իրենց փչացրածը շտկելու համար:

Բայց իշխանությունը դժգոհ է: Դժգոհ է, որ իրեն առաջվա պես չեն սիրում, որ ոմանք համարձակվում են քննադատել: Կատաղում է` երբ հայհոյում են ու ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, գործի է դնում ռեպրեսիվ մեթոդներ` այդ դժգոհության ու բողոքի ձայները լռեցնելու, հիմքից արմատախիլ անելու համար:

30 տարվա ընթացքում մենք, իհարկե, ամեն ինչ տեսել ենք` եւ քաղաքական հետապնդումներ, եւ ազատ խոսքի նկատմամբ ճնշումներ, եւ անարդար դատավճիռներ, բայց որ իշխանությանը քննադատած անձի տուն կամ Վեհարան ուղարկեն դիմակավորված Ալֆային եւ ընդամենը խոսելու համար մարդկանց նվաստացնելով` տեղափոխեն մեկուսարան ու կալանք տան: Կալանավորեն հարգված հոգեւորականներին, հայտնի գործարարին, ընտրված համայնքապետերին, փաստաբանին... անկեղծորեն ես նման բան չեմ հիշում:

Առավել ուշագրավ է, որ սա կատարվում է մասնագիտությամբ լրագրող, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի կամքով ու հստակ հրահանգավորմամբ: Գուցե սա էլ յուրահատուկ հարգանքի «տո՞ւրք» է խոսքի նկատմամբ: Խոսքը, քննադատությունն արժեւորելու ձե՞ւ...

Պետք է արձանագրենք, որ Փաշինյանը նոր մշակույթ ներմուծեց մեր կյանք` խոսքի համար կալանավորելու եւ դատելու մշակույթը: Նախկին իշխանությունները, փաստորեն, ոչ այդքան կարեւորում էին խոսքը, ոչ խոսքի համար մարդ էին բռնում, ոչ էլ այսքան շատ էին խոսում: Սրանք` մեծից փոքր, խելոքից մինչեւ հիմար, գրագետից մինչեւ անգրագետ 24/7 ռեժիմով խոսում են, լայվ են մտնում, ելույթներ են ունենում, գրառումներ են անում, համաժողովներ ու քննարկումներ են կազմակերպում... մարդկանց ուղեղները լվանալու եւ իրենց չարաբաստիկ գործունեությունն արդարացնելու համար:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ