ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Սարդարապատից Շուշի

Սարդարապատից Շուշի
25.05.2012 | 12:30

Մայիսի 28-ը Անկախության և ազատության հռչակման օրն է: Դա սկիզբն է դարերով զսպված մեր ազատատենչ ոգու արթնացումի ու վերազարթոնքի, սկիզբն այն հաղթության, որ պսակվեց Սարդարապատի ճակատամարտում, որի հերոսը ժողովուրդն էր` ամբողջական ու միակամ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Սարդարապատով կոտրվեց ու խորտակվեց անհուսալիության պատը, որին հայ ժողովուրդը բախվում էր հարյուրամյակներ շարունակ` հաճախ մեծ տերություններին ուղղված խնդրագրերի հետ սին հույսեր կապելով: Այդքան համախումբ, այդքան միակամ ու միաբռունցք չէր եղել հայ ժողովուրդը վերջին մի քանի հարյուրամյակում: Սարդարապատը շտկեց հայ ժողովրդի կորացած մեջքը. պետականությունից զուրկ, անթագավոր, անմիաբան, հարյուրամյակներով այլոց տիրապետության ու այլոց օրենքներին հպատակ ժողովուրդը Սարդարապատի փառահեղ հաղթանակով կերտեց իր այնքան սպասված անկախությունը: Դա հրաժարում չէր պատմական հայրենիքից, դա ժողովրդի իղձերի սահմանափակում չէր, դա իր երբեմնի ահռելի երկրի մի փոքր տարածքի վրա սավառնող այն ծիծեռնակն էր, որ գալիս էր ավետելու նոր հաղթանակներ: Սարդարապատը ամուր հենարան ապահովելու փառահեղ նախաքայլ էր` վառ տեսիլքներով ու պապենական հողի կանչով: Այդ տեսիլքն էլ, այդ կանչն էլ շարունակում են մեր օրերի մեջ մնալ: Վկան` Սարդարապատի խորհրդին արժանի Շուշին:
Սարդարապատի օրերին ի՜նչ զորավոր ուժ էր ոտքի հանում ժողովրդին: Այնտեղ` 5-րդ դարում, Ղևոնդ Երեցի սկսած Սկիզբը Վարդանանց շարժում դարձավ ու Ավարայր դարձավ, այստեղ` 1918-ի մայիսին, հոգևորականներ Գարեգին և Զավեն եպիսկոպոսները, Դանիել և Թադևոս վարդապետները, աշխարհականներ Ակսել Բակունցը, Գրիգոր Ղափանցյանն ու շատ շատերը շրջում էին ժողովրդի մեջ ու ոգեկոչում ազատագրական պայքարի:
Օրհասական պահի բռնկում էր դա: Օրհասական չէի՞ն, արդյոք, Սարդարապատի ճակատամարտին նախորդած օրերը` 1918-ի մայիսի կեսերին, երբ թուրքական զորքերն արդեն գրաված Ալեքսանդրապոլից պատրաստվում էին շարժվելու դեպի Երևան ու Էջմիածին: Սա այն վիճակն էր, երբ արդեն ազգի կործանման, մի ծվեն մնացած երկիրը կորցնելու վտանգն էր ժողովրդի աչքի առաջ: Եղիշե Չարենցն այդ տագնապը նկատի ուներ, երբ իր ընկերոջն ուղղված նամակում գրում էր. «Մի անգամ էլ եթե թուրքերը Արփաչայն անցնեն, ո՛չ տուն կմնա, ո՛չ էլ ապագա»:
Օրհասական ժամանակ էր, և հենց նման վիճակներում ձեռք բերված հաղթանակն է փառավոր, երբ վերջը դառնում է հաղթանակների այն սկիզբը, որ 1918-ի մայիսով սկսվեց և շարունակվեց 92-ի մայիսով` Շուշիի ազատագրմամբ:


ՀԻՇԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Մեծ ու փառահեղ էր հայոց զենքի հաղթանակը Սարդարապատում, բայց, ավաղ, նույն հաղթանակը չունեցանք դիվանագիտական դաշտում: Այնինչ, «մեր սուրը փառքով պատյան դնելով», պարտավոր էինք քաղաքական դաշտում շարունակելու նույն հաղթարշավը` հաղթողի դիրքերից:
Իսկ թուրքե՞րը:
Թուրքերը, որ խայտառակ պարտություն էին կրել, ունակ եղան պայմաններ թելադրելու: Պարտված Վեհիբ փաշան, որ զարմացել էր հայ ոգու տոկունության և հայ զենքի զորության վրա («Դա հազվագյուտ ճակատամարտ էր… հայերը ցույց տվին, որ կարող են լինել լավագույն զինվորներ աշխարհում»), շտապեցնում էր պայմանագրի կնքումը: Եվ հունիսի 4-ին Բաթումում հաշտության պայմանագիր ստորագրվեց` պարտված թուրքերի համար առավել շահեկան պայմաններով:
Երանելի Խրիմյան Հայրիկի ակամա բացականչած «թղթե շերեփի» ճակատագրական խա՞ղն էր, որ դիվանագիտությունը հաճախ մեզնից երես է թեքել, ու մենք ժամանակի մեջ ժամանակի հրամայականին ճիշտ ու տեղին չենք արձագանքել: Հետո, շատ հետո, «հայի վերջին խելքի» հանգույն, պահանջել ենք այս կամ այն պայմանագրի վերանայում: Հիշո՞ւմ եք, այդպես եղավ Սևրի դաշնագրի (1920 թ. օգոստոսի 10) ստորագրման 80-ամյակի օրերին: Թերևս վերհիշե՞նք, թե ինչ էր տրվելու մեզ այդ դաշնագրով, որը, սակայն, թուրքերը կարողացան չեզոքացնել: Ահավասիկ: Ըստ Սևրի դաշնագրի` Հայաստանն ունենալու էր մոտ 170 000 քառ. կմ տարածք (Տարոնի, Բարձր Հայքի, Վասպուրականի պատմական շրջանների և սևծովյան Տրապիզոն նավահանգիստը` հարակից 100 000 քառ. կմ հողամասերով, գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը` 56 000 քառ. կմ, Ղարաբաղ, Լեռնային Գանձակ, Նախիջևան, Ջավախք` 14 000 քառ. կմ): Այս դաշնագիրը ստորագրվել էր մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, ևս 6 եվրոպական երկրների և Թուրքիայի միջև: Հիմա, զարմանանք, թե տարակուսենք, փաստն այն է, որ երբ այդ դաշնագիրը խափանվեց, հիշյալ երկրներից որևէ մեկը նեցուկ չեղավ իր հայրենի տարածքներն ապօրինաբար կորցնող Հայաստանի Հանրապետությանը:
Հիմա, երբ մենք Արցախի խնդրի լուծման ճանապարհին ենք, պարտավոր չե՞նք համադրելու զենքի հաղթանակը քաղաքական հաղթանակին: Պարտավոր չե՞նք անցյալներում կնքված մի շարք պայմանագրերի անօրինական ու պարտադրված լինելուց դասեր քաղելու: Դասեր քաղելու` նաև այլ ժողովուրդների օրինակին հետևելով: Այս պահին հիշեցի հայտնի մտավորական Հակոբ Կարապենցին. ծնողները ծնվել են Թավրիզում, պապը` Մեղրիում, պապի պապը` Շուշիում, ինքն ապրել է Բոստոնում: Ի՜նչ հայկական կենսագրություն: Կարապենցին հիշեցի` նրա մի ձևակերպումը ներկայացնելու համար. «Հարկադրված եմ զուգահեռ անցկացնելու մեր և հրեաների միջև: Նրանք նույնպես իրենց հետևում բանակ չունեին, բայց դիվանագիտություն ունեին: Նրանք երկու հազար տարի հայրենիք չունեին, բայց իրենց դիվանագիտությամբ կարողացան հարատևել: Այսօրվա Իսրայելը ստեղծվել է 100 տարի առաջվա ծրագրով»:
Դասեր քաղենք: Դասեր քաղենք ոչ միայն այսօր ունեցած ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման համար: Նաև ուշադիր նայենք մեր գալիք օրվան:

ՄԵՐ ԻՄԱՑԱԾՆ ՈՒ ԻՄԱՆԱԼԻՔԸ
ՄԱՅԻՍԻ 28-Ի ՄԱՍԻՆ
Լրագրողի տարօրինակ մի հետաքրքրասիրությամբ սկսեցի Խորհրդային Հայաստանի մամուլը թերթել` ի՞նչ է գրված եղել մայիսքսանության իրադարձությունների մասին: Անորոշությունների մեջ խարխափելով` փայլուն մի էջ գտա` Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրի բացումը: Մինչ այդ «մեծ ու կարևոր» իրադարձություններ են կատարվել. 1938 թվականի մայիսյան այդ օրերին Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել հանդիսավոր նիստ` նվիրված «Ասք Իգորի գնդի մասին» երկի 750-ամյակին: Իսկ 1970-ի մայիսի 28-ին Երևանում բացվել է Հայաստանի սպառողական կոոպերացիայի 12-րդ համագումարը: Կարդացի այս վերջին հաղորդագրությունը և, միամիտ լրագրող, շատ ուզեցի, որ հանրապետական թերթի մեկ ուրիշ էջում գտնեմ մեկ այլ հաղորդագրություն, ասենք` գիտությունների ակադեմիայում կայացած «Սարդարապատի դասերը» գիտաժողովի մասին: Չկար: Այն տարիներին մեզ հեռու էին պահում սարդարապատյան օրերի իրադարձությունների տեղեկատվությունից: Բայց չէ՞ որ դա մեր պատմական ու ամենախոշոր հաղթանակն էր 600 տարուց ի վեր:
Մայիսի 28-ը սոսկ կոնկրետ իրադարձության վավերագիրը չէ, սոսկ տարեթիվ չէ, այն խորհուրդ է ու գաղափար, և այդ գաղափարը համազգային է: Ֆրանսիացիները վաղուց դադարել են «Բաստիլ» բառի մեջ սոսկ բանտը տեսնելուց. նրանց համար Բաստիլը Հանրապետության վերականգնման խորհրդանիշ է: Սարդարապատը մեզ համար այդ նույն խորհրդանիշն է, և մեր սերունդները որքան ավելի տեղեկացված լինեն, այնքան նրանց մեջ երկար ու ամուր կապրի հայկական ոգու և զենքի հաղթանակի գաղափարը:
Ցանկալի ու անհրաժեշտ է, որ այդ ամենի մասին իմանանք ո՛չ առիթից առիթ, այլ մշտական հիշելու հրամայական որպես, այսօր ու հետայսու սերնդեսերունդ փոխանցվող սերտելի դաս որպես, որպեսզի մայիսյան հաղթանակները դառնան դրանք պահպանելու, ամրապնդելու խորհուրդ ու նաև պահանջ: Եվ հավաքական հերոսը` ժողովուրդը, աշխարհազորային ժողովուրդը, կերպավորվի գրականության մեջ ու երգերում, նկարչության մեջ ու դրամատիկական գործերում:

Որպես վերջաբան` Համո Սահյանի խոսքերը. «Մայիսի 28-ը մեր ազգի հավերժության փախած բևեռներն իրար կապող օղակն է»:
Մենք հիմա ա՛յն ճանապարհն ենք ելել, որ առտնին դժվարությունները ոչինչ պիտի թվան մեզ: Սա մեր սե՛րն է հայրենիքի հանդեպ։ Հիմա ամեն ինչ կախված է մեզնից՝ մեր կամքից, մեր ուժից, մեր համբերությունից: Մենք դա ունենք: Մենք հիմա ավելի ուժեղ ու հաստատուն ենք:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 6526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

‚½Ã¯Â¿Â½Ã¯Â¿Â½Ã¯Â¿Â½/1450767519" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը