Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Համատարած փոխհատուցումը կարող է գրգռել տնտեսավարողների ախորժակը»

«Համատարած փոխհատուցումը կարող է գրգռել տնտեսավարողների ախորժակը»
16.02.2018 | 02:16

ԱՄՆ-ի պարտատոմսերի և հումքային բորսաներում գների կտրուկ անկումը տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել։ ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, հնարավո՞ր է, որ վերը նշված միտումները խորանալով տնտեսական նոր ճգաժամի դուռ բացեն:

-Ժամանակ առ ժամանակ, ֆինանսական շուկան կարճաժամկետ տատանումների է ենթարկվում, որոնք հիմնականում էմոցիոնալ բնույթի են,- ասաց նախարարը։- Երևի հիշում եք` 2015-ին ասիական տարածաշրջանի ֆինանսական շուկայում վարկային դեֆոլտի սվոպային գործիքը, որը կոչված է հակակշռեու տվյալ ակտիվի գնի նվազումը, անհասկանալիորեն չգործեց, և ակտիվների գների կտրուկ նվազման ֆոնի վրա տվյալ ակտիվների մասով վարկային դեֆոլտի սվոպների CDS (credit default swaps) գները, որ պետք է բարձրանային, իրականում չարձագանքեցին և չբարձրացան: Մշտապես աչքի տակ ունենալով վերը նշվածը՝ կարծում եմ, որ ԱՄՆ-ի և համաշխարհային հումքային շուկաներում գների նվազումը ժամանակավոր և կարճաժամկետ բնույթ է կրում: Համենայն դեպս, այս պահին միջազգային ֆինանսական կառույցները կանխատեսում են, որ հումքային ապրանքների գները առնվազն կպահպանվեն նախորդ տարվա մակարդակին, և 2018-ին նույնիսկ գների մի փոքր աճ կլինի:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ի պարտատոմսերի շուկայում գների անկումը նախագահ Թրամփի քաղաքականության հետևա՞նք է:
-Կդժվարանամ այդպիսի գնահատական տալ: Այն, որ վերջին ժամանակներս շուկաների մասնակիցների կողմից ԱՄՆ-ի պարտատոմսերի գների անկում և եկամտաբերության աճ էր ակնկալվում, ակնհայտ է: Որքանով է այն նախագահ Թրամփի քաղաքականության արդյունքը, դժվար է ասել, քանի որ ԱՄՆ-ի ֆեդերալ պահուստային համակարգը (ԱՄՆ-ի կենտրոնական բանկ) նախքան Թրամփի նախագահությունն էր խոսում տոկոսադրույքների բարձրացման մասին, ինչին սովորաբար արձագանքում է նաև ԱՄՆ-ի պարտատոմսերի եկամտաբերությունը. FED-ը բարձրացնում է տոկոսադրույքները, դրան հաջորդում են պարտատոմսերի տոկոսադրույքների բարձրացումը և վերջիններիս գների անկումը:
-Վերադառնանք Հայաստան. օրերս, ամփոփելով 2017-ի աշխատանքները և ներկայացնելով հարկաբյուջետային քաղաքականությունը, Դուք նշել էիք, թե իշխանությունները ևս գիտեին, որ հարկային օրենսգրքի փոփոխությունները, վառելիքի ԱԱՀ-ի բարձրացումը հանգեցնելու են գնաճի: Այդ դեպքում պետությունը ի՞նչ մեխանիզմներ է մտադիր կիրառելու, որ գնաճը հարկերի բարձրացման տրամաբանության մեջ լինի:
-Մենք որդեգրել ենք շուկայավարման կանոնների վրա հիմնված տնտեսական քաղաքականություն, և, դրանից ելնելով, չենք կարող կոշտ գործիքներ կիրառել, այսինքն որևէ տնտեսավարողի վարչական մեթոդներով ստիպել կամ թելադրել իր գնային քաղաքականությունը: Մյուս կողմից, մենք չենք կարող անտեսել որոշ զգայուն ոլորտներ, որտեղ, հարկային քաղաքականության կամ գործիքների կիրառման դեպքում, կարող են ի հայտ գալ սոցիալական խնդիրներ, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը: Դուք գիտեք, որ վառելիքի ԱԱՀ-ի բարձրացումից հետո կառավարությունը որոշել է այդ մասով սուբսիդավորել գյուղական տնտեսությունները` ռիսկը չեզոքացնելու համար: Մյուս ոլորտներում փոխհատուցումները կամ սուբսիդավորման կիրառումը կարող են հանգեցնել այդ հարկատեսակների բարձրացման իմաստազրկման:
-Հարցս միայն գյուղատնտեսությանը չի առնչվում. ընդհանրապես, ի՞նչ պետք է արվեր հարկերի բարձրացմանը զուգահեռ, որ գնաճի չափերն անտրամաբանական չլինեին: Եվ այստեղ կոշտ գործիքների կարիք չկա՝ չէ՞ որ պետությունն ունի նաև գները կարգավորելու այլ մեխանիզմներ:
-Ընդհանրապես, ինչո՞վ է կարևոր շուկայավարման քաղաքականությունը։ Այն կոչված է առողջ մրցակցության պայմաններում խելամիտ գնագոյացման իրականացմանը: Արտադրողները շահագրգռված են իրենց ապրանքի վաճառքով և շատ լավ գիտակցում են, որ եթե գները չափից ավելի բարձրացնեն, գնորդ կկորցնեն, որովհետև այդ գնորդներին «կգողանան» խելամիտ գին սահմանած մրցակիցները` որոշակի առավելություն ձեռք բերելով շուկայում: Եվ նա, ով հարկային դրույքաչափերի ազդեցությամբ գներն ավելի շատ է բարձրացրել, դուրս կմղվի շուկայից:
-Կարծում եք՝ այդ գործոնը կաշխատի՞:
-Դա միշտ աշխատում է: Դրա համար մենք հիմնականում պետք է ուշադիր լինենք շուկայավարման կանոնների պահպանման և ազատ մրցակցության ապահովման հարցում: Բնականաբար այն շուկաներում, որտեղ կան կենտրոնացվածություն կամ օլիգոպոլիանե, հնարավոր է խնդիր առաջանա: Որպեսզի այդ ռիսկը նվազեցվի, ՏՄՊՊՀ-ն իր գործիքներով մշտապես այն վերահսկում է: Ընդհանրապես, պետք է հաշվի առնել նաև, որ գնաճը կարող է լինել ոչ միայն հարկերի բարձրացման հետևանք, այլև պայմանավորված լինել տարբեր գործոններով: Օրինակ՝ 2010-2011-ին մենք ունեցել ենք գյուղմթերքների զգալի գնաճ, որը պայմանավորված էր երաշտով: Նմանապես 2017-ին վառելիքի համաշխարհային շուկայում գների աճը ևս զգալի ազդեցություն ունեցավ բենզինի, դիզվառելիքի ներքին գների վրա:
-Այո, գնաճը մեկ գործոնով չի կարող պայմանավորվել, այն նաև տնտեսական անկման հետևանքով է լինում:
-Պատճառները բազմաթիվ կարող են լինել, դրա համար պետք է մշտապես դիտակետի տակ պահել սոցիալապես անապահով խավին: Մեր նպատակն է այնպիսի քաղաքականություն վարել, որ միջնաժամկետ ժամանակահատվածում աղքատության գծից բարձր լինեն թոշակառուները, նվազագույն աշխատավարձ ստացողները: Ի դեպ, 2017-ին նկատվող տնտեսական ակտիվությունը փաստում է, որ տնտեսությունում մենք զգալի աճ ենք ունեցել նախորդ տարվա համեմատ: Նկատենք, որ ԱՎԾ-ն ամբողջությամբ դեռ չի ավարտել իր աշխատանքները, և տնտեսական աճի մասին պաշտոնական տեղեկատվությունը երևի թե լինի փետրվարի վերջին, մարտի սկզբներին: Միևնույն ժամանակ պետք է հիշեցնեմ, որ մեր նպատակն էր տնտեսության կայունացումը, որը կարևոր երաշխիք է հետագա աճի համար, ինչն էլ թույլ կտա ավելացնել կենսաթոշակները և, ինչու ոչ, նաև աշխատավարձերը: Իսկ եթե գործիքներ ասելով դուք նկատի ունեք փոխհատուցումը, ապա հավատացեք` շատ վտանգավոր կլինի, եթե որևէ ապրանքի գնի բարձրացման դեպքում այդ մասով փոխհատուցում սահմանվի:
-Պարոն նախարար, երբ ես խոսում եմ գործիքներից, նկատի չունեմ փոխհատուցումը, այլ այն, թե բացի դրանից ուրիշ ի՞նչ գործիքներով պետությունը կարող է գների բարձրացումը համահունչ դարձնել հարկերի բարձրացմանը: Ինչպես հասկացա, Դուք դա թողեցիք շուկայի վրա, այսինքն գործարարների խղճին:
-Պետական գործիքները հետևյալն են՝ ռիսկերի վերահսկում և հակամենաշնորհային քաղաքականության իրականացում: Երկրորդ՝ սոցիալապես անապահովներին թիրախային օգնության տրամադրում: Հակամենաշնորհային գործիքը կիրառվում է պետական մեկ այլ կառույցի կողմից, ինչ վերաբերում է սոցիալապես անապահովներին, արդեն նշեցի, որ գյուղատնտեսությունը սուբսիդավորվելու է, և այդտեղ դրված է սոցիալական թիրախավորված խնդիրներ լուծելու տեսլականը: Սուբսիդավորումը ևս պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում և չի կարող տարածվել բոլոր ոլորտների վրա: Եթե գնաճային տատանումների դեպքում հանրությանը համատարած փոխհատուցում է տրվում, դա կարող է գրգռել տնտեսավարողների ախորժակը, նրանք անընդհատ կպահպանեն գնաճային բարձր ֆոնը, վստահ լինելով, որ դրա բեռը կկրի պետությունը` պարտադրված փոխհատուցումներով:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ