ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Մե՞ր Սարիկը, թե Նիկոլի, «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի, թուրքերի, Թուրքիայի, Ադրբեջանի, ադրբեջանցիների Սարիկը

Մե՞ր Սարիկը, թե Նիկոլի, «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածի, թուրքերի, Թուրքիայի, Ադրբեջանի, ադրբեջանցիների Սարիկը
26.03.2025 | 23:46

Գյումրիում քիչ փողոցներ տեսա, որտեղ չկային «Մեր Սարիկը» գրությամբ նախընտրական գովազդային վահանակներ, տակն էլ գրված՝ «Քաղաքացիական պայմանագիր»: Քիչ էր մնում գլուխս պայթեր երկար մտածմունքից՝ ո՞վ է էս Սարիկը, որ դարձել է մերը ու ես չեմ հիշում, տեղը չեմ բերում: Եվ ինչպե՞ս է դարձել…

Իմ ամենամերձավոր շրջապատում Սարիկ չկա, չի՛ք… Հարազատներ, բարեկամներ, ընկերներ, նրանց բոլորի քույրեր, եղբայրներ, խնամիներ, զավակներ, նաև իմ ընկերներ, գործընկերներ, հարևաններ… Սկսեցի մեկ առ մեկ նրանց բոլորին հիշել, թո՜ւ, ահագին ժամանակ կորցրեցի, նրանց շարքերում էլ Սարիկ չգտա: Բա լավ, էս տղան ո՞վ է, որ դարձել է մերը ու ես իրեն տեղը չեմ բերում, չեմ հիշում, չեմ ճանաչում, չգիտեմ: Ծո, ես ախր էդքան չե՛մ բիձցել, որ չհիշեմ… Որ մերը լիներ, հաստատ կհիշեի: Ուրեմն այդ Սարիկն իմը չէ, գյումրեցիներ, յուրաքանչյուրդ մտածեք՝ ձե՞րն է, արդյոք, այդ Սարիկը…

Հասկանալի է, երբ ոմանք գնահատելով իրենց ծննդավայրի անարատ ապրանքը կամ եթե առևտրական են, ապրանքը գովազդելու, արագ վաճառելու կամ հաճախորդին սաղացնելու նպատակ ունենալով, ասում են՝ մեր գյուղի լավաշը, մեր գյուղի մածունը, մեր գյուղի հավկիթը… Բայց «մեր Սարիկը» ո՞րն է կամ ո՞վ է… Այնպես որ, որքան քցի- բռնի, Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան, դուք իմը չեք և ոչ էլ մերն եք: Եթե դուք գյումրեցիներին, Գյումրու ընտրողներին նկատի ունեք, կամ նրանց նկատի ունի ձեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը, նրանց էլ չեք, համենայն դեպս, նրանց մեծամասնությանը չեք, հետևաբար եթե այդպիսով փորձել եք յուրային ներկայանալ, կամ Նիկոլը, կամ ՔՊ- ն փորձել է այդպիսով ձեզ յուրային, մերը, ներկայացնել, համարեք, որ ձեր այս հնարքը չանցավ:

Սարիկ. լավ անուն է, գրեթե վստահ եմ, որ ծագում է «սար» բառից, որը հայերիս համար հաճախ նույնականացվում, ասոցացվում է մեր Մասիս սարի հետ, համենայն դեպս, «սար» ասելով, «սար» գրելով, հայերիս մտքին առաջին հերթին գալիս է մեզանից խլված մեր սուրբ սարը՝ Մասիսը: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է, որի կողմից առաջադրված է Սարիկ Մինասյանը, անձամբ Նիկոլը, նրա շրջապատը մասիսատյաց կամ մասիսամերժ են, Մասիսը մերը չհամարող են, համարում են, որ այն թուրքինը, Թուրքիայինն է ու նրանցից երբեք չպետք է պահանջենք Մասիսը, պետք է ընդհանրապես պահանջատիրությունից հրաժարվենք:

Վերոնշյալի և ոչ միայն վերոնշյալի, այլև բազմաթիվ այլ առումներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ գնահատմամբ, համոզմամբ, հայկական կուսակցություն չէ, այն, ըստ էության, թուրքական և ադրբեջանական կուսակցություն է, Նիկոլն էլ Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի կարկառուն ներկայացուցիչն է և Հայաստանի, հայերիս թիվ մեկ ներքին թշնամին, ինչպես բխում է վաղուց հրապարակված բազմաթիվ փաստերից, հիմքերից, անհերքելի ապացույցներից, պետական դավաճան է, որն առ այսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել սոսկ երկրում արմատացած քաղաքական կոռուպցիայի պատճառով և իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների հանցավոր անգործության արդյունքում, որոնք դրա և ոչ միայն դրա համար, ուշ թե շուտ, ստիպված են լինելու պատասխան տալ և անխուսափելիորեն պատժվելու են ամենայն խստությամբ…

Այս ամենի համատեքստում ստացվում է, որ Սարիկը ոչ թե մերն է, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր պատկանելությամբ Գյումրուն սահմանակից Թուրքիայինը, թուրքերի Սարիկն է, Հայաստանին սահմանակից Ադրբեջանի և ադրբեջանցիների Սարիկն է, կամ եթե ինքը համարում է, որ նրանցը չէ, իր կնոջ, իր ընտանիքի Սարիկն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և իր «շեֆ» Նիկոլի Սարիկն է, բայց մեր՝ հայերիս, Սարիկը չէ: Մենք այդպիսի Սարիկ չունենք, չենք ճանաչում, հո զոռով չէ՞…

Ուզում եմ հասկանալ, թե գյումրեցիներն ինչո՞ւ պետք է ընտրեն նախկին ՀՀԿ- ական, կուսակցափոխ- ճամբարափոխ, այս փաստը հերքելիս ստի մեջ բռնված, ստախոս (https://livenews.am/press/2025/337991/08/19/14/ )Սարիկին…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրին կորած է ահավոր փոշու մեջ, փոշու մակարդակը քաղաքում բազմապատիկ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը, մարդիկ հատկապես ամռանը փոշուց շնահեղձ են լինում, ձեռք բերում շնչուղիների և այլ հիվանդություններ, ալերգիա, ալերգիկ ռինիտ ու նույնիսկ քաղցկեղ, քանի որ առաջին հայացքից անվտանգ թվացող փոշին իր մեջ բազմաթիվ թունավոր ու քաղցկեղածին նյութեր է պարունակում: Եթե ոմանք կույր չեն, թող գնան ու տեսնեն նույնիսկ նախանցյալ տարի հիմնանորոգված, ասֆալտապատված «Անի» թաղամասի 11-րդ փողոցի մայթերին և ասֆալտին նստած փոշու մակարդակը, էլ չասեմ նշված թաղամասի մնացած փողոցների մասին…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրիում սննդամթերքի անվտանգության տեսանկյունից «բարդակ» վիճակ է, ոմանք Հայաստանի երկրորդ քաղաքը համարելով երկրորդական քաղաք, այստեղ անպատիժ իրացնում են ժամկետանց սննդամթերքներ…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրու գրեթե բոլոր փողոցներն ու մայթերն ավերակ են, քանդուքարափ վիճակում, հատկապես տարեցների համար անանցանելի, վայր ընկնել, կոտրվածքներ ստանալու առումով փորձանքի բուն, և նույնիսկ այն տպավորությունը կարելի է ստանալ, թե իշխանությունները վնասվածքաբանների, վիրաբույժների մի մասի հետ ունեն գաղտնի ու փոխշահավետ պայմանավորվածություն…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրին այսօր Հայաստանի թերևս ամենաթշվառ քաղաքն է իր բնակչության գործազրկության, աղքատության, հիվանդացության, արտագաղթի առումներով, շատերն էլ տարիներով «խոպան» գնացածի կարգավիճակում են…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ քաղաքում փողոցային լուսավորությունը խայտառակ վիճակում է, շներն էլ մարդ կուտեն, հատկապես գիշերը…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլը, ուրիշները խաբեցին թե՛ քաղաքացիներին, թե՛ հայ ժողովրդին, խախտեցին, ոտնահարեցին իրենց «պայմանագիր» կոչվածը, չկատարեցին իրենց նախընտրական և ոչ նախընտրական խոստումները, գործեցին իրենց հրապարակային մի շարք հայտարարություններին ճիշտ հակառակ կերպ

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որևէ մեկը չհամարձակվի ասել, թե այս ամենի հետ Սարիկն ի՞նչ կապ ունի: Անկախ նրանից, թե 2018- ի «թավշյա» չարիքից առ այսօր Գյումրու քաղաքապետները կուսակցական ինչ պատկանելություն են ունեցել կամ չեմ ունեցել, նրանք բոլորը եղել են Նիկոլի և իշխող քաղաքական ուժի մարդիկ, գործել են նրանց հետ համաձայնությամբ, համագործակցությամբ, թողտվությամբ, ենթարկվել են նրանց, կատարել նրանց կամքը, հետևաբար նրանց բոլորի գործունեության համար պատասխանատու են Նիկոլը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է և որի կողմից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում որպես Գյումրի համայնքի ղեկավար առաջադրված է Սարիկ Մինասյանը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10125

Մեկնաբանություններ