Որ փոքր էի, մայրս ասում էր. «Տղա ջան, քուչեն չլիկ-դաստա խաղալու տեղը դաս սովորի, մի գիրք կամ մի էջ դասից ավելին կարդա, որ վաղը-մյուս օրը մարդ դառնաս»: Մի քիչ որ մեծացա. հայրս ասում էր. «Տղա ջան, մի արհեստ սովորի, որ վաղը քո տան շտեպցելը փոխելուն փող չտաս»:
Այո, ինձ միշտ էնպիսի խորհուրդներ են տվել, որոնք անմիջականորեն կապված են եղել սովորելու հետ: Հետագայում , երբ արդեն հասուն մարդ էի, հասկացա, որ եթե ժամանակին «շտեպցել փոխել» չսովորեի, որ ժամանակին գիրք չկարդայի, որ ժամանակին իմ կրթությամբ չզբաղվեի, ստիպված էի լինելու կա´մ հիմա դա լրացնել, կա´մ քոռ յաբուի պես քվեարկելու էի նրա օգտին, ով շատ փող կտա, ծափահարել նրան, ով կխոստանա ուրիշից խլել ու ինձ տալ:
Էս ամենը գրում եմ նրա համար, որ եթե Նիկոլը ժամանակին սովորեր, հնարավոր է՝ կլյաուզնիկի փոխարեն լրագրող դառնար, կարող է հասկանար, որ պետություն ղեկավարելն իր խելքի բանը չի (նրա հայրը դա գիտեր), կարող է գիտակցեր, որ հազարավոր մարդկանց զոհաբերության գնով իշխանությունը պահելը մահացու մեղք ու ծանր հանցագործություն է: Ի վերջո, կհասկանար, թե ինչ է հանցագործությունը, ու որ դրա համար պատիժ է նախատեսված:
Նիկոլը հիմա էլ չի հասկանում սովորելու անհրաժեշտությունը, այլապես հեծանիվ քշելու, ֆեյսբուքում պեռաշկի ուտելու, խոհանոցային խուլիգանություններ անելու փոխարեն կկարդար Արցախի հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը, ոչ թե այդ հակամարտության պատմությանը կծանոթանար Իլհամ Ալիևի պատմածներից:
Եթե Նիկոլը սովոր լիներ սովորելուն, ապա հասկացած կլիներ, որ կրթվելը նորաձևություն չէ, անհրաժեշտություն է, որ հայրենիքը միայն պետությունը չէ, պետությունն էլ միայն «պեչատը» չէ, ապրելն էլ միայն լափելը չէ:
Էդուարդ Սարիբեկյան