«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Գավառ քաղաքի տնամերձ հողամասի քարե ցանկապատի մեջ նկատված մի քանդակի մասին

Գավառ քաղաքի տնամերձ հողամասի քարե ցանկապատի մեջ նկատված մի քանդակի մասին
29.04.2025 | 13:05

Գավառ քաղաքի բնակիչ Սոնյա Զաքոյանին պատկանող հողամասի քարե ցանկապատի դարպասի մուտքի մոտ, Հրաչյա Բունիաթյան փողոցի կողմից, պատի մեջ, աչքի է զարնում հղկված քարի վրա արված մի քանդակ, որտեղ պատկերված է առյուծի մարմին, գլխի հատվածում արտահայտիչ երևում է արծվի կտուցը, աչքը, իսկ առջևի աջ ոտքի առջևում պատկերված է զարդանախշ գավազան, որի մի ծայրը հենված է գետնին, մյուս մասը վերջանում է մեջքի ու պարանոցի հատման կետում։ Գլխի ամենավերին մասում նկատելի է խույրը կամ թագը, հետնասում առյուծի պոչն է՝ վեր բարձրացրած ու ոլորված վիճակում։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա մի սովորական քանդակ է, մեր ժամանակների ինչ-որ անհայտ կամ հայտնի վարպետի ձեռքի գործ։ Սակայն մանրազնին ուսումնասիրությունը կարող է բերել այն համոզման, որ մենք ավելի հավանական է, գործ ունենք շատ ավելի հնագույն ժամանակների ստեղծագործության ու շատ կարևոր, նորահայտ հուշարձանի հետ։

Մեզ առաջին հերթին հետաքրքրեց, թե երբվանից ու ինչպես է մոտ 40 սանտիմետր լայնության, 45 սանտիմետր երկարության ու քսանհինգ-երեսուն սանտիմետր հաստության այդ քարի վրա քանդակը հայտնվել ցանկապատի մեջ, փողոցի երևացող մասից։ Հողի սեփականատեր Սոնյա Զաքոյանից պարզեցինք, որ իրենք հողամասը և նրա վրա կառուցված հին շինությունը 2000 թվականին գնել են Գավառ քաղաքի բնակիչ Պետրոս Գզրարյանից, քանդել հին շինությունը և նոր շենք ու ցանկապատ կառուցել։ Շինարարական աշխատանքների ժամանակ էլ ի հայտ է եկել քանդակը։ Սոնյա Զաքոյանի՝ արդեն վաղամեռիկ ամուսին Աշոտ Հակոբյանը որոշել է քանդակը դնել այնպիսի տեղում, որ և լավագույնս ու ապահով պահպանվի, և տեսանելի լինի հանրությանը։

-Հիմա լավ չեմ հիշում, քանդակված այդ քարը քանդված պատի մեջ էր, թե սալարկված բակի քարերի մեջ։ Ամեն դեպքում, այդ շինարարության շնորհիվ կարողացանք պահպանել ու սերունդների համար տեսանելի ու հասանելի դարձնել այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Չեմ կարող ասել, թե սա որ դարում է քանդակվել, ինչ է խորհրդանշում, սակայն պարզ է, որ այն պատմական արժեք ներկայացնող քար է։ Արդեն երջանկահիշատակ, «Կենաց տուն» մշակութային ՀԿ նախագահ, արվեստագետ, մեր համաքաղաքացի Լալա Մնեյանը զբոսաշրջիկներին ուղեկցում էր այս քանդակի մոտ ու բացատրում դրա պատմահնագիտական արժեքի մասին,-պատմեց Սոնյա Զաքոյանը։

Այնուհետ զննեցի այն տարածքը, որտեղից հայտնաբերվել է քանդակը։ Տարածքով մեկ ավերակ շինություններ են, որտեղ ավելի շատ ընդգծված երևում են 19-20-րդ դարերի ընթացքում կատարված կառույցների հետքեր, կավաշեն կիսաքանդ պատեր։ Բայց կիսաքանդ պատերից մեկի անկյունային հատվածում նկատվեց սրբատաշ մի քանի քարերով շարվածք, որում օգտագործված շաղախն իր ամրության աստիճանով նման էր շատ ավելի հին ժամանակներում կառուցված պալատների կամ տաճարների վրա օգտագործված շաղախներին։

Այնպիսի տպավորություն է, որ այստեղ, 19-20-րդ դարում արված կառույցների մեջ հնարավոր է գտնել նաև շատ ավելի վաղ ժամանակներում արված կառույցների հետքեր, որ այս տները ժամանակին բարձրացել են մշակութային մեկ այլ շերտի վրա։

Մասնագետներից ճշտեցի, որ քանդակն արվել է Գավառի տարածքի կարմիր բազալտի վրա, որը շինարարության, ճարտարապետության ու քանդակագործության ուղղություններում օգտագործվել է դեռևս ուրարտական կամ ավելի վաղ ժամանակներից ու հասել մինչ մեր օրերը։

Ավելորդ չէ հիշել ու հիշեցնել, որ Գավառ քաղաքի բերդի գլխի տարածքից է հայտնաբերվել ՈՒրարտուի արքա Ռուսա Առաջինի արձանագրությունը, քանի որ այս քանդակի գտնվելու վայրը Բերդի գլխից գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Չի բացառվում նաև, որ այս քանդակը կարող է լինել մի որևէ պետական կազմավորման կամ իշխանական տան զինանշան։

Ամեն դեպքում, մեզ մնում է սպասել համապատասխան մասնագետների անսխալ եզրակացությանը։

Խոսրով ԽԼՂԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ