«ԵԱՏՄ-ից ինչ-որ որոշմամբ այս կամ այն երկրին հեռացնելն անհնար է։ Հնարավոր է տարբերակ, երբ երկիրն ինքն է հայտարարում այն մասին, որ այս կամ այն պատճառով դադարեցնում է համագործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ հանձնարարականներ ընդունվել: «Նման քայլի հնարավոր հետևանքները անհրաժեշտ է քննարկել, և դա կարվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում»,- հավելել է նա։               
 

Հրաժարվիր Նիկոլից

Հրաժարվիր Նիկոլից
24.05.2026 | 14:13

2018թ. ապրիլին Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարումը շարունակելու հայտ ներկայացրեց : Հայտի ձևավորումը հիմնված էր «սահմանադրական աջաբսանդալի» և համաժողովրդական լսարանի առջև ասված խոսքի դրժման վրա, ինչն էլ Հայաստանի հանրության համար առիթ դարձավ մերժելու այդ հայտը…և ծնվեց հայտնի «ՄԵՐԺԻ՛Ր ՍԵՐԺԻՆ» կարգախոսը՝ փողոց դուրս բերելով հարյուր հազարավոր մարդկանց: Դե, իսկ «մերժումի» բուն պատճառը հանրության լայն շերտերի մոտ իրավացի, անշուշտ նաև երբեմն հանիրավի ձևավորված համոզմունքն էր սարգսյանական ցածրորակ և անարդարացի կառավարման վերաբերյալ: Արդյունքը՝ հմտորեն կազմակերպված քաղաքական բազմաշերտ «քցոցու և աճպարարության» միջոցով իշխանության եկավ (բերվեց) Նիկոլ Փաշինյանը:

Թե ինչ տվեց նրա իշխանավարումը Հայաստանի հանրությանն ու Հայ ազգին ընդհանրապես՝ վերլուծվել է ավելին, քան անհրաժեշտ է: Հակիրճ՝ Հայ ազգը կորցրեց իր վերջին հազարամյակի ամենամեծ ձեքբերումը՝ Արցախի Հանրապետությունը, տարածքներ Հայաստանի Հանրապետությունից: Նրա «փայլուն» իշխանավարման արդյունքում այսօր ունենք պառակտված, իրար կոկորդ կրծելու պատրաստ հանրություն, ոտքի կոխան դարձած ազգային արժանապատվություն, կազմալուծված ազգային-պետական ինստիտուտներ:

Միամտաբար կամ խնամքով մշակված ծրագրի շրջանակներում թյուրքական ստորացուցիչ և կեղծ խաղաղության օրակարգի սպասարկմանը լծված կառավարության վերոնշյալ «ձեռքբերումները» համազգային աղետի սկիզբն են միայն, իսկ շարունակությունն ու ավարտը լինելու են ավելի աղետալի՝ հայոց պետականության և ընդհանրապես հայ ինքնության վերջնական կորուստը:

Այս ամենը կանխելու տարբերակ դեռևս կա՝ հրաժարվել թյուրքական օրակարգի սպասարկումից, հրաժարվել այդ օրակարգը թելադրողների հայաստանյան դրանիկների ծառայությունից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավությամբ:

Եկել է յուրաքանչյուր հայաստանցու, յուրաքանչյուր հայի ինքն իր հետ անկեղծ ու ազնիվ լինելու, ճշմարտության աչքերին ուղիղ նայելու և ինքն իրեն ճշմարտությունն ասելու պահը:

Եկել է պահն ասելու՝ «ՀՐԱԺԱՐՎԻ՛Ր ՆԻԿՈԼԻՑ»:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ