Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սպասում են

Սպասում են
25.05.2012 | 12:44

Ընտրություններից հետո տեղի ունեցող ԱԺ առաջին նիստերը շատ հետաքրքիր են հազար ու մի պատճառով. նոր դեմքեր, նոր կոստյումներ, նոր ֆիգուրացիաներ և կոնֆիգուրացիաներ. էկզոտիկա` մայլի տղերքը չոմփ-չոլոմփ իրար համբուրում են, նորեկներին հենց առաջին օրը «չար-թունավոր» լրագրողները բերման ենթարկում, սադրում, փուռն են տալիս։
Ամենաէկզոտիկը նույնիսկ այն չէ, որ նիստը վարող ամենածեր պատգամավորը կարգին զվարճացնում է «հայ հանդիսատեսին»` նիստ վարելու իր «արվեստով»: Արդեն գիտենք, Մկրտիչ Մինասյանն է նիստը վարելու: ՈՒ թե մնացյալ «ծերերը» ժամանակին մի բաժակ օղի էին ըմպում` հանուն խիզախության, որ նիստը վարելիս չշփոթվեն, իրենց չկորցնեն, պարոն Մինասյանը խոհուն ուսումնասիրում է ԱԺ կանոնակարգը:
Առաջին նիստին, գիտենք, մասնակցում են Վեհափառը և երկրի նախագահը: Նիստն սկսվում է «Հայր մերով», նախագահը հանդես է գալիս ուղերձով:
Հիշենք` նախորդ ԱԺ առաջին նիստը վարեց Ռաֆիկ Պետրոսյանը: Նիստի ամենամեծ կազուսը պատգամավորների երդման պահն էր. նիստը նախագահողը կարդաց երդման տեքստը` ծառայել «հանուն համազգային նպատակների, բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները…»: Կարդաց-կարդաց, երբ վերջացրեց, ասաց` նստե՛ք, շնորհակալություն:
Դահլիճը պայթեց ծիծաղից: Ռաֆիկ Պետրոսյանը, թե` սխալվեցի, կանգնեք, ներողություն, խնդրում եմ` երդվեք. բոլորս միասին ասում ենք` երդվում ենք:
Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Արզաքանցյանը «երդվեցին»:
Այս անգամ կերդվի Թոխմախի Մհերը:
Երդումից հետո նոր սկսվում է ԱԺ նախագահի, տեղակալների առաջադրման և ընտրության «պահը»:
«Հրավառված ու կրակոտ» (ուժեղ «կապտիտի» հոտ էր գալիս) ՀՀԿ-ի գրասենյակը գրեթե դատարկ էր, կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանն ու մեկ էլ Սերժ Սարգսյանի մոտից վերադարձած (ասացին` տրամադրությունը վատ չէ) Հովիկ Աբրահամյանն էին միայն այնտեղ, «պարկետներն» ուռել էին, տեղ-տեղ դուրս եկել, ընդհանուր հայացքով` վնասը շատ մեծ չէր:
ՀՀԿ-ականների հետ ստիպված էինք դրսում խոսել: Այսպիսով, ԱԺ նախագահի «ընտրության» երեք սցենար է «դիտվում» ՀՀԿ-ի շարքերում: Առաջինը, եթե ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, խոսնակ կդառնա Հովիկ Աբրահամյանը: Եթե` ոչ, ապա ստատուս քվոն կպահպանվի` Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Կար նաև պնդում, որ Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, այդ դեպքում կամ Արմեն Աշոտյանը, կամ Էդուարդ Շարմազանովը կղեկավարեն ԱԺ-ն:
Պնդումը պատճառաբանվում էր նրանով, որ վերջին օրերին Սերժ Սարգսյանն անչափ մեծ «մախ» է տվել երիտասարդ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանին, վերջինս, հիշենք, Երևանում անչափ բարձր տոկոսներ է ապահովել ՀՀԿ-ի համար, ու հիմա վստահության ահռելի մեծ պաշարով` փոփոխում է վարչական շրջանների ղեկավարներին` նույնպես թարմ, երիտասարդ կադրեր նշանակելով:
Ծխահարված ու կրակոտ, երիտասարդ ու ծեր ՀՀԿ-ականներն անհամբեր սպասում էին տեղի ունենալիք գործադիր մարմնի նիստին, որպեսզի երդումից հետո «բարեխղճորեն կատարեն ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները»:

Կարմեն Դավթյան

Դիտվել է՝ 3726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ