Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իշտվան Սաբոն արդեն մոտ կես դար փորձում է հասկանալ պատմությունը»

«Իշտվան Սաբոն արդեն մոտ կես դար փորձում է հասկանալ պատմությունը»
08.07.2013 | 19:45

«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հունգարացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացումը` նրա գերմանական եռապատումի մաս կազմող «Մեֆիստո» օսկարակիր ֆիլմով:

Սաբոն այս տարի նախագահում է «Ոսկե ծիրանի» խաղակային ֆիլմերի ժյուրին: Ժյուրիի կազմում են նաև Անդրեյ Պլախովը, Ջեյ Վայսբերգը, Սերժ Ավետիքյանը, Թինա Լոքը:
Սաբոյի ստեղծագործության մասին վերլուծական խոսքով հանդես եկավ կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյանը` մասնավորապես նշելով. «Իշտվան Սաբոն արդեն մոտ կես դար փորձում է հասկանալ պատմությունը, նրա առաջ բերած քաղաքական և սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտների մարդկային խորքը: Նրան միշտ հետաքրքրել է պատմությունը, սակայն արդիականության հետ միաձույլ: Այդպես, նրան մեծ, համաշխարհային հռչակ բերած, օսկարակիր «Մեֆիստոն» ներկայացնում է ոչ միայն նացիստական դիկտատուրայի ժամանակի դեպքերը, այլև ակնարկում է «երկաթե վարագույրի» հետևում տիրող մթնոլորտի մասին: Այս ֆիլմը և նրան հաջորդած «Գնդապետ Ռեդլը», «Հաննուսեն» կինոպատումները կազմեցին յուրօրինակ «գերմանական» եռերգություն` դառնալով Սաբոյի միջազգային հաջողության գագաթնակետ»:
Իշտվան Սաբոն ծնվել է 1938-ին, Բուդապեշտում: Հունգարիայի Թատրոնի և կինոյի արվեստի հեղինակավոր ակադմիան ավարտելուց հետո 26 տարեկանում նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Համերգը», որը մի քանի փառատոներում արժանացել է մրցանակների: 1966թ-ին Սաբոն նկարահանեց «Հայրը» պատմական դրաման, որի առանցքում 1956 թվականի հունգարական հեղափոխությունն էր: Հատկապես այս ֆիլմի շնորհիվ Սաբոյի անունը հայտնի դարձավ Հունգարիայի սահմաններից դուրս: 1980-ին Սաբոն Բեռլինի ՄԿՓ-ում արժանացավ Արծաթե արջի` «Վստահություն» ֆիլմի համար: Ռեժիսորին համաշխարհային ճանաչում բերեց նրա գերմանական եռապատոմը, որի մաս են կազմում «Մեֆիստոն» (1981թ.), «Գնդապետ Ռեդլը» (1985թ.), «Հանուսենը» (1988թ.): Եռապատումի յուրաքանչյուր ֆիլմն արժանացել է հեղինակավոր փառատոների բազմաթիվ մրցանակների: Սաբոյի նորագույն շրջանի ֆիլմերից հատկապես հիշատակելի են «Արևի լույսի համը» (1999թ.), «Կողմերի կարծիքները» (2001թ.), «Լինել Ջուլիան» (2004թ.):
Իշտվան Սաբոն պատվավոր պրոֆեսոր է բազմաթիվ նշանավոր կինոդպրոցներում, այդ թվում` Լոնդոնում, Վիեննայում, որտեղ նա կինոյի պատմություն է դասավանդում:
«Մեֆիստո» ֆիլմից բացի, «Ոսկե ծիրանի» հանդիսատեսին փառատոնի օրերին կներկայացվեն ռեժիսորի «Հայրը», «Գնդապետ Ռեդլը», «Կողմերի կարծիքները» ֆիլմերը:
Իր ստեղծագործական հավատամքի մասին այսպիսի բնութագիր է տվել ինքը` Իշտվան Սաբոն. «Ես չեմ կարծում, որ կարելի է արվեստն ու քաղաքականությունն առանձնացնել իրարից, քանի որ քաղաքականությունը կյանքն է: Իսկ եթե առանձնացնենք արվեստն ու քաղաքականությունը, ապա արվեստը կյանքի հետ ընդհանուր ոչինչ չի ունենա»:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ