Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծեր չեմ, շատակեր էլ չեմ, ԲՀԿ-ում էլ, կարծում եմ, շատակերներ չկան»

«Ծեր չեմ, շատակեր էլ չեմ, ԲՀԿ-ում էլ, կարծում եմ, շատակերներ չկան»
17.01.2014 | 00:27

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
(ԱԺ ԲՀԿ խմբակցություն)


-Վահան Բաբայան, եկեք մի պահ մոռանանք, որ Ռ. Քոչարյանը Ծննդյան տոներին միախառնվելով` մի քիչ ձմեռպապիացավ բոլորիս, էլ առավել ԲՀԿ-ի համար, իրեն մի կողմ թողնենք ու դեռ խոսենք անցած տոներից: Ի՞նչ էիք խնդրել Ձմեռ պապից:
-Ես Ձմեռ պապին խնդրելու և հավատալու տարիքից դուրս եմ եկել:
-Մի՞թե կա նման տարիք, Բաբայան, փաստորեն, հեքիաթներին չեք հավատում:
-Ոչ, հավատում եմ:
-Ո՞ր հեքիաթներին` Գագիկ Ծառուկյանի մասի՞ն:
-Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը հեքիաթների և մեր զրույցի հետ, ես հավատում եմ իմ մանկության բոլոր հեքիաթներին, բայց հիմա ավելի պրագմատիկ եմ դարձել:
-Երբվանի՞ց:
-Վերջին տարիներին:
-Երբ լքեցիք Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունը, որովհետև Քոչարյանն այդ ժամանակ ուզում էր քանդել նրա կուսակցությունը, արդե՞ն պրագմատիկ էիք, թե՞ դեռ չէ: Ի դեպ, այսքան երիտասարդ եք, բայց կարծես արդեն մի քանի կուսակցություն եք փոխել. Ձեր բոլոր կուսակցություններից ամենապրագմատիկը ո՞րն էր:
-Դե, եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականացնում է այն, ինչին Դուք, կարծում եմ, քաջատեղյակ եք, և մենք էլ այդ գործընթացում մեր ուրույն դերակատարումն ունենք, կարծում եմ` ամենապրագմատիկը «Բարգավաճ Հայաստանն» է:
-Պարոն Բաբայան, կարո՞ղ է Դուք ընդհանրապես երեխա չեք եղել:
-Եղե՜լ եմ:
-Սիրել եք ծաղիկ, բռնել թիթեռնի՞կ…
-Հա՜, ինչու` ոչ, երեխա էլ եմ եղել, դպրոցական էլ, ամեն ինչ էլ եղել եմ:
-Քանի՞ տարեկան եք:
-Երեսուներեք:
-Խաչվելու ժամն է: Բոլոր դեպքերում, շատ արագ եք լքել Ձեր մանկությունը` դառնալով ԲՀԿ անդամ: Ինչպես ասում են` հիմա Դուք «ծեր եք» ու «շատակե՞ր», որպես ԲՀԿ անդամ:
-Ծեր չեմ, շատակեր էլ չեմ, ԲՀԿ-ում էլ, կարծում եմ, շատակերներ չկան:
-Որտե՞ղ է բաբախում Ձեր սիրտը, Բաբայան:
-Այնտեղ, որտեղ բաբախում են բոլոր մարդկանց սրտերը:
-Բոլոր մարդկանց սրտերը լեռներում են բաբախում:
-Լեռներո՞ւմ:
-Այո, Վիլյամ Սարոյանն է ասել։ Ճանաչո՞ւմ եք Վիլյամ Սարոյանին:
-Այո:
-Ի՞նչ եք կարդացել նրանից:
-Վիլյամ Սարոյանի՞ց… Հիմա էստեղ մանկապատանեկա՞ն, թե՞ դպրոցական հարցաքննություն է:
-Չէ, ֆրոյդիստական ուսումնասիրություն, թե որտեղից երեսուներեք տարեկան երիտասարդի մոտ այսքան… պրագմատիզմ: Այ, որ Վիլյամ Սարոյան կարդացած լինեիք, կիմանայիք, որ նրա հերոսները վագր են պահում. կարդացե՞լ եք այդ պատմվածքը… Ձեր ղեկավարն էլ, փաստորեն, առյուծ է պահում. բայց մի փոքրիկ «նո»-ով. ձեր ղեկավարինը պրագմատիկ է, իրական, իսկ Սարոյանի վագրը անտեսանելի հոգու ու մտքի վագր էր…
-Ի՞նչ կապ ունի վագրը առյուծի հետ:
-Մեծ: Չնայած ճիշտ եք` այս դեպքում չունի: Դուք, փաստորեն, դատապարտո՞ւմ եք ձեր ղեկավարին, որ նա առյուծ է պահում:
-Դուք արդեն հարցից դուրս հարցեր եք տալիս: Առյուծների, վագրերի հետ ես ի՞նչ կապ ունեմ։
-Չեք սիրո՞ւմ Ծառուկյանի պահած առյուծներին:
-Իսկ Դուք սիրո՞ւմ եք:
-Շա՜տ: Իհարկե սիրում եմ, մանավանդ որ տեղյակ եմ` առաջին առյուծը նրան նվիրել է Վովա Գասպարյանը:
-Դե, վանդակ է` մեջը առյուծ:
-Տառապանքը փորձ ունի: Տեսե՞լ եք` վանդակն ու առյուծը մոտիկից. ի՞նչ առիթով:
-Ես միայն գազանանոցում եմ առյուծ տեսել:
-Չեք սիրում, էլի՛, առյուծներին: Եվ վերջին հարցը. որտե՞ղ է Ձեր ընկեր Սարգիսը` Ասատրյան, որի կուսակցության անդամն էիք նաև. վերջին անգամ ես Ձեզ իր կուսակցության գրասենյակում եմ տեսել` տարիներ առաջ: Ասում են` ձերբակալված է. ի՞նչ է պատահել նրան:
-Մոսկվայում է, տեղյակ չեմ:
-Տարիներ հետո, երբ, ասենք, ձեր նոր կուսլիդեր Ծառուկյանին մի բան պատահի, էլի՞ «տեղյակ չեք լինելու»:
-Դուք կրկին հարցից դուրս հարց տվեցիք։


«Պրագմատիկ» ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ