Ասեմ միանգամից` Լուսինե Գևորգյանն իմ աշակերտուհին է: Ավելին` իմ առաջին շրջանավարտներից է: Նա այսօր այն նույն տարիքին է (չէ, թող ների նա ինձ` մի քիչ ավելի), ինչ ես, երբ տասներորդում իրենց դասավանդում էի: Ամենաինքնատիպն էր դասարանում, եթե չասեմ` ողջ դպրոցում: ՈՒրիշ էր: Մտածում էի` մեծ ապագա է սպասում նրան:
Հետո կյանքի «խաչմերուկներում» կորցրինք իրար. անվերջ մտածում էի` ի՞նչ եղավ: Հետո մի օր հանդիպեցինք եկեղեցում (նա միշտ շատ գեղեցիկ է եղել), փոքր-ինչ «այլակերպվել» էր. հասկացա` Խաչի միջով է անցնում, դժվար ու ծանր օրեր ապրում: Ռեժիսորականն էր ավարտել, բայց աշխատանք չուներ երկար տարիներ: Հասկացա` չի կարողանում հարմարվել դաժան, ամեն օր արժեզրկվող աշխարհին:
Եվ ահա, Լուսինե Գևորգյանի ֆիլմի պրեմիերան է տեղի ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում` «Իմ Աստծուն որոնելիս»։ «Ֆիլմը զարմացրեց իր պարզությամբ, մաքրությամբ, անչափ խորքային ու մեծ փիլիսոփայությամբ»,- գրում են բոլորը:
Ֆիլմը Լուսինեն նկարահանել է Իսրայելում` «ճանապարհային նոթերի ժանրով», նրա մեջ ներառելով նաև հայոց սրբավայրերը: Իսկ թեման մարդու` ինքն իրենից, նյութի միջով հեռանալու մասին է, ապա իր Աստծուն գտնելու: Նա պատրաստվում է ֆիլմը ներկայացնելու տարբեր փառատոներում։
Ես չեմ տեսել ֆիլմը ֆիզիկական աչքերով, բայց հոգիս խայտում է, հաստատ լավ բան է ստացվել, իսկ ֆիլմից ավելի կարևոր է չափաբանումը. որոնողը նաև «գտանում է»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ