Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ
02.12.2014 | 16:50

Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարված կրթության որակի ապահովման շաբաթը: Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՊՏՀ-ում «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին երկրում որակի ապահովման մշակույթի կայացմանը մասնակցության համար, նշեց, որ «Արարատ» ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում: Թոփչյանն ասաց, որ բուհ-գործատու կապի ստեղծմամբ հնարավոր կլինի հստակեցնել, թե ինչ հմտություններով մասնագետի կարիք ունի աշխատաշուկան, և բուհն ու դասախոսն ինչ գիտելիքներ պետք է փոխանցեն ուսանողին, որպեսզի ունենանք պահանջված մասնագետ:
Ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՊՏՀ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ կարևորելով Հայաստանում հերթական անգամ կրթության որակի ապահովման շաբաթ իրականացնելու ՈԱԱԿ նախաձեռնությունը: ՈԱԱԿ ներկայացուցիչ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը»-ի ստեղծման աշխատանքները: Նա նշեց, հիմնական խնդիրն այն է, որ թույլ է կապը բուհի և աշխատաշուկայի միջև. «Կան բուհեր, որոնք ուսումնասիրում են կարծիքներն իրենց շրջանավարտների վերաբերյալ, բայց այդ ուսումնասիրությունները չի կարելի համարել ամբողջական»: Այվազյանի խոսքով`խնդիր է նաև այն, որ չկան հանրության կողմից ճանաչված մասնագիտական ասոցիացիաներ, որոնք իրենց վրա աշխատաշուկայի պահանջները բուհերին ներկայացնելու պարտավորություն են վերցրել. Գործատուների միությունը միավորում է որոշ քանակի գործատուների, բայց միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատաշուկայի բոլոր ոլորտների պահանջները»:
Նա տեղեկացրեց, որ «Արարատ»-ի շրջանակներում կստեղծվեն ոլորտային հանձնաժողովներ, որոնք կմշակեն որակավորումների ոլորտային շրջանակներ: Այդպիսով կապահովվի կրթական ծրագրերի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին, աշխատաշուկայի և հանրության պահանջներին, ինչպես նաև ոլորտի զարգացումներին:
Քննարկումների ժամանակ հարց հնչեց, թե ինչ լուծում կա իրավիճակին, երբ գործատուն նեղ մասնագիտական հմտություններ է պահանջում, իսկ բուհն ուսանողին տալիս է ընդհանուր գիտելիք: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ դեմ է գործատուի պահանջով մասնագիտացում ստեղծելուն, քանի որ նման պարագայում, եթե գործատուն շրջանավարտների համար 100 տոկոսով զբաղվածություն չապահովի, ապա հետագայում նրանք խնդիր կունենան աշխատանք գտնելիս: Նրա խոսքով`քանի որ շրջանավարտի կարիերայի ողջ ցիկլը կանխատեսել հնարավոր չէ, հարկավոր է առաջնորդվել ընդհանրական որակավորումներով:
«Համալսարանն այդքան նեղ չպետք է նայի շուկայի կողմը, բայց շուկան պետք է կողմնորոշի, թե ուսանողն ինչ ընդհանրական ու մասնագիտական կարողություններ պետք է ունենա»,- ասաց Թոփչյանը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, թե մասնագիտական հմտությունների հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն խոշոր գործատուների , այլ անգամ փոքր ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կարծիքները: Նա ասաց, որ արդեն իսկ գործատուները հարցաշարեր են լրացրել`ներկայացնելով իրենց կարծիքը: Ըստ այդմ` գործատուների հիմնական պահանջն է հստակ տարանջատել բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերը:
Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը: Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան Որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի գործընկերները կներկայացնեն ՀՀ-ում տրանսազգային կրթության ճանաչման խնդիրները: Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը:

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ