Հավատավոր կառավարիչ է տիար Տարոնը, մայրաքաղաքի ներկա քաղաքապետը։ Եվ լուսաշող է նրա հավատը, հակառակ պարագայում նա յուր Facebook-յան ընկերներին չէր դիմի ահա այս կոչով. «Հարգելի Facebook-յան ընկերներ։ Աշխատանքային հերթական շաբաթի մեկնարկին ձեզ եմ ներկայացնում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող թեժ գծերի հեռախոսահամարները։
Հիշե՛ք ու տարածե՛ք այս հեռախոսահամարները և համոզված եղեք, որ ձեր կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները շատ կարևոր են մեզ համար։ Ձեր մասնակցությամբ օգնեք մեր մայրաքաղաքն ավելի լավը դարձնելուն»։
Հարգարժան տիար Տարոն, պատիվ չունեմ Ձեր Facebook-յան ընկերը լինելու, սակայն արժանապատիվ երևանաբնակ եմ ու մայիսմեկյան խանդավառությամբ եմ ընդառաջում «...մայրաքաղաքն ավելի լավը դարձնելուն»։ Ներկայացված լուսանկարում Շիրազի փողոցի վերգետնյա անցումն է և անցորդներին հաշմանդամելու հեռանկարով մայթը «քլնգած» և դեպի մայրուղի մխրճվող չարաբաստիկ այս հատվածը։ Խնդրի մասին շաբաթներ առաջ ահազանգել եմ թե՛ քաղաքապետարանի, թե՛ Աջափնյակ վարչական շրջանի «թեժ» գծերին։ Ինձ լսեցին ուշի ուշով։ Ավելին՝ կիսեցին արդար զայրույթս և անկասելի հուզմունքս։ Եվ ավելին՝ ներշնչվեցին, հուզվեցին, զայրացան և հասան դեպքի վայր։ Հասան, ուսումնասիրեցին և զանգահարեցին նվաստիս։ Զանգահարեցին և սառը թրջոց դրեցին ճակատիս։ Իհարկե, հեռակա կարգով, սառը թրջոցը, որը հանդարտեցրեց զիս, երիտասարդ պաշտոնյաների համաձայնությունն էր իրազեկմանս նյութին և բովանդակությանը, մայրուղի մխրճվող նորաբաց ճանապարհը կարող է դառնալ վտանգի աղբյուր անցորդների համար։ Ի՜նչ թեթևությամբ շունչ քաշեցի և ինչպիսի՜ թեթևամտությամբ արտաշնչեցի։ Ես կասեի անգամ, որ թեթևսոլիկաբար տոնեցի հաղթանակս, հավատալով, որ պատուհաս այս անցումը հրատապ կփակվի։ Եվ վերգետնյա անցումից մինչև կանգառ հասնելու համար անպատճառ պիտի կյանքներս վտանգենք։ Հարգարժան քաղաքապետ, ահավասիկ բարձրացնում եմ այս հրատապ հարցը և, իհարկե, սպասում եմ դրա լուծմանը։
Այժմ էլ հանդես եմ գալիս առաջարկով։ Հարգելի քաղաքապետ, այնուամենայնիվ, վստահե՛ք 4-րդ իշխանության ահազանգերին և անտերության մի մատնեք մեր թերթում հրապարակված և «մեր մայրաքաղաքն ավելի լավը դարձնելուն» միտված հրապարակումները։ Երկու-երեք տարի առաջ լալահառաչ պաղատեցի Ձեզ վերացնել Մարաշի 9-րդ փողոցի անհեթեթ արգելապատնեշները (այսպես կոչված՝ «պառկած ոստիկաններին», որոնք էապես խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և ստեղծվել են ինչ-որ չինական ընկերությանը հաճոյանալու համար, որպեսզի շարժակազմերը կտրուկ դանդաղեցնեն ընթացքը և չխանգարեն չինական կողմի անդորրը։ Ձեր կողմից պատասխան չեղավ, խնդիրն էլ, հասկանալի է, չկարգավորվեց։ Ժամանակ անց անդրադարձանք Սարի թաղի 26-րդ փողոցում տիրող խայտառակությանը, ջրագիծ քաշելու կապակցությամբ փողոցը տակնուվրա էր արվել, ջրագիծը քաշվել էր, սակայն փողոցի ասֆալտը չէր վերականգնվել։ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը բավականին բարեկիրթ մի նամակ հղեց մեզ, որում պարզաբանվում էր, որ նշյալ փողոցում, իրոք, աշխատանքներ են իրականացվել, սակայն ասֆալտի վերականգնումը դուրս է իրենց պարտականությունների սահմաններից, այսինքն՝ մայրաքաղաքի իշխանությունների պարտավորությունների շրջանակում է։ Մենք սիրահոժար տպագրեցինք նշյալ նամակը, Դուք շարունակեցիք պահպանել քար լռություն։
Հարգարժան քաղաքապետ, եթե ինչ-որ մեկը Ձեզ վստահեցրել է, որ մամլո հրապարակումները շրջանցելով Երևանն ավելի բարեկիրթ և բարյացակամ բնակավայր է դառնում, հավատացեք, նա Ձեզ մոլորեցրել է, այնպես որ աչալուրջ հետևեք մեր հրապարակումներին և հակաքաղաքային այս հարցերը լուծեք ու կարգավորեք, վերացրեք և հողմացրիվ արեք։ Հասկանալի է, խոսքս վերաբերում է հրապարակումներում տեղ գտած թնջուկներին, և ոչ թե ինձ կամ մեր թերթին։
Հիմա մի ուրախ-զվարթ պատմությամբ բարձրացնեմ Ձեր տրամադրությունը։ Ձեր Facebook-յան կոչի հենց հաջորդ առավոտյան հարմարավետ տեղավորվեցի ինձ մայրաքաղաքի կենտրոն հասցնող թիվ 46 երթուղին սպասարկող երթուղային միկրոավտոբուսում։ Այն, ինչ խոսք, հնամաշ էր, անշուշտ, վարորդն անթրաշ էր, անկասկած, նրա տրամադրությունը հրաշալի էր, քանի որ մեքենան ուղեգիծ մտնելուն պես քոքեց մի հրեշավոր բայաթի, ռաբիս երգի մի անզուգական գլուխգործոց։ Փորձեցի սաստել։ Պատասխանը ժողովրդավարության շողարձակում էր. «Ձյաձ, քեզի դուր չի գալի, ընձի դուր ա գալի»։ Հուզվեցի, զայրացա և որոշեցի քոքից պոկել տակավին երիտասարդ ավտովարորդի ականջներից մեկը, ենթադրաբար՝ ձախը։ Սակայն շաբաթն այս անգամ էլ նախորդեց ուրբաթին, քիչ հեռվում կանգառվեց թիվ 67 երթուղու ավտոբուսը։ Ավտոբուսում եմ։ Քիչ նեղվածք էր, սակայն այստեղ չես կռանում, սրահն էլ համեմատաբար մաքուր էր, ռաբիս կլկլոց-մրմնջոց էլ չկար։ Բայց րոպեներ անց «Ռադիո ջան» ռադիոկայանը դղրդացրեց ավտոբուսի սրահը, ջան-ջիգյարային մի քանի երգով (բարեբախտաբար, զերծ թուրքաարաբական սրտակեղեք մղկտոցից), հետո դղրդացին ռադիոընկերության գովազդային դադարները, որոնք իրազեկում էին, թե որտեղ է օրն ի բուն մեզ սպասում «Գենացվալե» պանդոկը, թունավոր հղիության երրորդ ամսում ինչ պիտի շշնջա հոգատար ամուսինը սիրելի կնոջ աջ ականջին և ինչպիսի կախարդական հատկություններով է օժտված X ընկերության արտադրած մաստակը։ Փորձեցի այս վարորդին էլ զգուշացնել։ Չկարողացա, ձայնս նրան չհասավ։ Մի խոսքով, ինձ համարեք Ձեր հավատարիմ գործընկերը, ես հրատապ հրապարակումներ կներկայացնեմ «Իրատես de facto»-ի էջերում, Դուք էլ անհապաղ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեք։ Այս ամենի արդյունքում կծաղկի մեր սիրասուն Երևանը։ Ո՛ղջ լերուք։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ