Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մահվան վարագույրից այն կողմ

Մահվան վարագույրից այն կողմ
10.04.2015 | 00:03

(սկիզբը` այստեղ)

ՀՈՒԴԱԻԶՄ ԿԱՄ ՄՈՎՍԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հուդաիզմի կամ մովսիսական հավատի հետնորդները, այսինքն` հրեաները, որոնք մերժեցին իրենց Մեսիային՝ Հիսուսին, մնացին Թորայի օրենքների շրջանակներում: Նրանք էլ են, բնական է, խորհում անխուսափելի մահվան մասին: Ահա մի քանի հրեական ռաբբիների մտորումներ մահվան մասին. «Հարցրին ռաբբի Յոհանանին. «Ինչո՞ւ են մեռնում անօրենները»: Նա պատասխանում է. «Որովհետև անօրենները քանի դեռ ապրում են, բարկացնում են սուրբ Աստծուն. օրհնյալ է Նա: Սա համաձայն այս խոսքի. «Դուք բարկացնում եք Տիրոջը ձեր գործերով» (Մաղաքիա 2.17): Երբ նրանք մեռնում են, դադարում են մեղանչելուց ու այլևս չեն բարկացնում Աստծուն, ինչպես որ գրված է. «Այնտեղ են հիմա ամբարիշտները, որ բորբոքեցին զայրույթը Տիրոջ»:
-Այդ դեպքում ինչո՞ւ են մեռնում արդարները:
-Որովհետև մինչ նրանք ապրում են, պետք է պայքարեն իրենց չար հակվածության դեմ: Երբ նրանք մեռնում են, հանգիստ են գտնում: Սա համաձայն այս խոսքին. «Այնտեղ հանգչեցին մարմնով տանջվածները» (Հոբ 3.17):
Եվ ըստ հուդայական կրոնի, մահից հետո մարդիկ անցնում են կամ Եդեմի այգի՝ «Երկնային ակադեմիա», կամ էլ Գեհեն, բայց ժամանակավորապես, որովհետև պիտի գա Մեսիան ու փրկի Իսրայելը:
Հրեաների սպասած Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը, եկավ, բայց Նրան խաչելով սպանեցին, ու ինչքան պիտի սարսափեն մեռնող հրեաները, երբ մարմնից դուրս գալուց հետո դեմ առ դեմ հանդիպեն հարություն առած իրենց Մեսիային:
Մեկ այլ մեկնաբանություն.
Երբ Յոհանան բեն Զաքարի տղան մահացավ, աշակերտները եկան մխիթարելու նրան:
Առաջինը ռաբբի Եղիազարն է մտնում, նստում նրա առաջ ու ասում.
-Թույլ կտա՞ս, ուսուցիչ, մխիթարության խոսք ասեմ:
-Ասա՛:
-Նախածնող Ադամը որդի ուներ, ու երբ նա մեռավ, Ադամը մխիթարվեց իր վշտից, ինչպես գրված է. «Եվ Ադամը նորից պառկեց կնոջ հետ» (Ծննդոց 4.25):
-Մի՞թե քիչ է իմ վիշտը, որ դու հիմա ինձ հիշեցնում ես Ադամի վշտի մասին,- պատասխանեց նրան Յոհանան:
Ներս մտավ ռաբբի Հեշուան ու ասաց.
-Թույլ կտա՞ս, ուսուցիչ, քեզ մխիթարության խոսք ասեմ:
-Ասա՛:
-Հոբը տղաներ ու աղջիկներ ուներ, ու նրանք բոլորն էլ մեռան: Հոբը մխիթարվում էր ասելով. «Աստված տվեց, Աստված վերցրեց, օրհնյալ է Անունը Նրա» (Հոբ 1.21): Մխիթարվիր և դու, ուսուցիչ:
-Մի՞թե քիչ է իմ վիշտը, որ դու հիմա ինձ հիշեցնում ես Հոբի վիշտը,- պատասխանեց նրան Յոհանան:
Ներս մտավ ռաբբի Հովսեփն ու ասաց.
-Թույլ կտա՞ս, ուսուցիչ, քեզ մխիթարության խոսք ասեմ:
-Ասա՛:
-Ահարոնը երկու մեծ որդիներ ուներ, երկուսն էլ մի օրում մեռան: Եվ Ահարոնը մխիթարվում էր, ինչը հաստատվում է գրվածքով. «Ահարոնը լռեց» (Ղևտ. 10.3): Լռությունը նշանակում է մխիթարություն: Դո՛ւ էլ մխիթարվիր, ուսուցիչ:
-Մի՞թե քիչ է իմ վիշտը, որ դու հիմա ինձ հիշեցնում ես Ահարոնի վիշտը,- պատասխանեց նրան Յոհանան:
Ներս մտավ ռաբբի Սիմեոնն ու ասաց.
-Թույլ կտա՞ս, ուսուցիչ, քեզ մխիթարության խոսք ասեմ:
-Ասա՛:
-Դավիթ թագավորը որդի ուներ, ու նա մեռավ, և Դավիթը մխիթարվեց, ինչը հաստատվում է գրվածքով. «Եվ մխիթարեց Դավիթը Բերսաբեին, քնեց նրա հետ ու նա որդի ծնեց և անունը Սողոմոն դրեցին» (Բ Թագ. 12.24): Դու ևս մխիթարվիր, ուսուցիչ:
-Մի՞թե քիչ է իմ վիշտը, որ դու հիմա ինձ հիշեցնում ես Դավիթ թագավորի վիշտը,- պատասխանեց նրան Յոհանան:
Ներս մտավ ռաբբի Էլիազար բեն Ազարիան, նստեց նրա առջև ու ասաց.
-Քեզ մի առակ պատմեմ: Դու նման ես մարդու, որին թագավորը գանձ տվեց ի պահ: Ամեն օր այդ մարդը հառաչում էր ու ասում. «Վա՜յ ինձ: Ե՞րբ եմ արդյոք ազատվելու ինձ հանձնարարված այս գանձը պահպանելու պարտականությունից»: Այդպես էլ քեզ հետ, ուսուցիչ, քեզ Աստված որդուդ տվեց, ում դու նախանձախնդրորեն սովորեցրիր Թորան ու մարգարեները, ու գրվածքները, և մեր իմաստունների խոսքերը: ՈՒ որդիդ անմեղությամբ գնաց այս աշխարհից: Արդյո՞ք պետք է դու չմխիթարվես նրանով, որ անաղարտ վերադարձրիր գանձդ, որ տրված էր քեզ ի պահ:
-Էլիազար, զավակս,- ասաց Յոհանան,- դու ինձ լավ մխիթարեցիր, այդպես պետք է մահացածների համար միմյանց մխիթարեն մարդիկ:
(շարունակելի)

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ