Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչ-որ բա՞ն է հասունանում

Ինչ-որ բա՞ն է հասունանում
12.06.2015 | 00:44

Հայաստանյան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական դաշտում սողացող գործընթացներ են ընթանում: «Կոնկուրենտ ֆիրման» ջանք չի խնայում տեղեկատվական պատերազմում, սակայն, ինչպես հեղափոխություն «ստանալու», այնպես էլ այս հարցում գրեթե չի հաջողում: Առայժմ: Մի կողմից՝ լուրեր են «արտածում», թե Ռոբերտ Քոչարյանին վերջապես հաջողվեց հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Հաջորդական քայլով, թե` Ռուսաստանն «ահարկու» դեմ է մեր սահմանադրական փոփոխություններին: Երրորդ քայլով իրենց սատելիտների միջոցով հեղափոխական «բուռն-անկասելի» գործընթաց են «խոստանում» ու «սկսում», որը պետք է քարը քարին չթողնի, ինչի ցցուն արտահայտությունը, ըստ ամենայնի, «Ալյանսի» «ահեղադղորդ» ցույցն էր` ընդդեմ էներգետիկայի նախարարի… հիսուն հոգուց ու քրեական օրենսգրքից «բաղկացած»: Չորրորդ կողմից` սեփական քարոզչամիջոցներով դեմարշերի մոռացված ցիկլն է վերազարթնեցնում և այսպե՜ս շարունակ: Կոնկուրենտի բոլոր «ճանապարհները» տանում են դեպ «Հռոմ», այն է` ամեն գնով թույլ չտալ, որ սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան:
Նախ՝ տեղեկացնենք հարգարժան «կոնկուրենտին». փոփոխությունները տեղի են ունենալու: Մեկ: Եվ երկու. եթե անգամ անցում չկատարվի կառավարման խորհրդարանական մոդելին, ապա միևնույն է, կիսանախագահականի ժամանակ այնպիսի «նուրբ» փոփոխություններ են լինելու, որոնցով փոփոխության մոդերատորները էլի ու էլի շահելու են, քանզի «ահարկու» հաշվողներ են, ի տարբերություն «կոնկուրենտի», որի հաշվարկը ոչ մի կերպ չի ստացվում այն պարզ պատճառով, որ վերջիններս հաշվել չեն կարողանում (հազար անգամ արձանագրել ենք) մինչև մեկը, էլ առավել գլոբալ-գեոքաղաքական «հաշիվ-ֆակտուրաները» նրանց «մտոք» չեն, և յուրյանք բացառապես այդ պատճառով են անվերջ կանգնում կոտրած տաշտակի առաջ:
Բացի այդ, խաղը շահելու օբյեկտիվ շանսերն ու հնարավորություններն են անչափ ցածր, և առնչվում են բացառապես ֆորսմաժորային իրավիճակներին: Այն է` արտքաղաքական-տարածաշրջանային և ղարաբաղյան «սպասվող» զարգացումներին, ինչը, գոնե այս պահին, գրեթե անհնար է, որովհետև «ֆորսմաժորիստների» գլուխներն անչափ խառն են` ռուս-ուկրաինական, մերձավորարևելյան թնջուկներով, ու ինչպես երևում է, իսկապես որոշել են 2015-ին իրականացնել հայազգի Բժեզինսկու «մարշալ»-պլանը` ամբողջովին քայքայել Ռուսաստանը և անկյուն քշել վերջինիս: Այս են արձանագրում ԵՄ-ԱՄՆ վերջին, իրապես անընդունելի քայլերն ընդդեմ Ռուսաստանի, որոնք գնալով ոչ միայն ագրեսիվ, այլև «անհամբեր» են դառնում:
Ընդ որում, Աստված մի արասցե, եթե նման ֆորս-մաժոր տեղի ունենա, այդ դեպքում էլ «կոնկուրենտ ֆիրմայի» հնարավորությունները ևս անչափ սուղ են: Խիստ պարզունակ պատճառով, քանզի խաղի ելքի վրա իրենց ազդեցությունն են ունենալու նաև արտաքին «կոնտուրներն» ու խաղացողները, և խիստ կասկածելի է լինելու՝ արդյո՞ք վերջիններս կցանկանան խաղի կողմ ունենալ «կոնկուրենտ ֆիրմային»` մանավանդ հիբրիդային պայքարի ու մտածողության այս պայմաններում, երբ մեկ խաղացողը հերթագայում է մյուսին, և խաղացող կողմերից շատ քչերը գիտեն, թե ում համար է, ի վերջո, տեղ բացվում հաջորդ ռաունդում, էլ առավել` խաղի ֆինալում. տե՛ս Մերձավոր Արևելքում արդեն քանի տարի շարունակվող քաոսը, որը, ի դեպ, Իսլամական պետության «հայտնությունից» հետո էլ ավելի «խառնշտորվեց»:
Մեկ բան գոնե այս պահին ակնհայտ է. որքան էլ Պուտինը փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին ու Ալիևին` ԵԱՏՄ «խորճկելու» համար, որքան էլ Եվրոպան փորձում է իր հերթին «բլիթ» ու «մտրակ» մատուցել Ադրբեջանին, մի կողմից՝ փորձելով իր զեկույցներով անկյուն քշել Հայաստանին` հանուն Ադրբեջանի, մյուս կողմից՝ փոխել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը` Ֆրանսիայի մանդատը Գերմանիային տալու «հաշվին», որպես ԵՄ ընդհանրական մանդատ, այնուհանդերձ, ֆորս-մաժոր գոնե այս պահին անհնար է, այն էլ ՀՀԿ լիդերի, ուզում, թե չենք ուզում, բավականին ճկուն մանևրի պայմաններում:
Այնպես որ, «կոնկուրենտին» մնում է թուլանալ և հաճույք ստանալ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ