Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանդիպում Շիրակի մարզում

Հանդիպում Շիրակի մարզում
19.06.2015 | 15:02

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը հունիսի 18-ին այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրու մասնաճյուղ, որտեղ կազմակերպվել էր հանդիպում Շիրակի մարզի գիտական կազմակերպությունների ղեկավարների և գիտաշխատողների հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Շիրակի մարզի գիտական կազմակերպություններում իրականացվող գիտական հետազոտությունների աջակցության ծրագիր - 2015» մրցույթի մանրամասները և ցուցաբերել մեթոդական աջակցություն:
Հանդիպման սկզբում պարոն Հարությունյանը համառոտ խոսեց վերջին տարվա ընթացքում կոմիտեի կողմից կատարված հիմնական աշխատանքների մասին: Կոմիտեի նախագահը հատուկ անդրադարձավ միջազգային կապերի ընդլայնմանը,- «ՀՀ-ում այսօր իրականացվում են շուրջ 100 միջազգային համատեղ գիտական ծրագրեր: Գիտության ոլորտում համագործակցում ենք 8 պետությունների հետ` Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա և այլն:»:
Պարոն Հարությունյանը խոսեց նաև Եվրասիական տնտեսական տարածք ինտեգրվելու ուղղությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ իրականացվող ծրագրերի մասին: Հայտնեց, որ շուտով Աստանայում կստորագրվի նոր համաձայնագիր Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի վերաբերյալ, որում Հայաստանն ունի մեծ դերակատարում` որպես տարածաշրջանային լուրջ ծրագրեր իրականացնող երկիր:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում մեկնարկած գիտական ծրագրերի ռեգիոնալ ֆինանսավորմանը, ապա կոմիտեի նախագահը նշեց, որ նմանատիպ մրցույթ արդեն իրականացվել է Լեռնային Ղարաբաղում, արդյունքները բավականին գոհացուցիչ են:
Շիրակի մարզի գիտական կազմակերպությունների համար անցկացվող մրցույթը, որը հայտարարվել է հունիսի 5-ին, առաջին հերթին ուղղված է տարածաշրջանում նոր կադրերի պատրաստմանը և նոր ենթակառուցվածների հիմնմանը: Պարոն Հարությունյանը խոստացավ, որ եթե ծրագիրը հաջողվի, հետագայում այն կընդլայնվի` ընդգրկելով թե' ֆինանսական, թե' մարդկային նոր ռեսուրսներ:
Մրցույթին վերաբերող այլ մանրամասներ ներկայացրեց կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանը:
Պարոն Մարդոյանը նշեց, որ Գիտության պետական կոմիտեն ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում մրցույթ է հայտարարել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար: Դրամաշնորհները տրամադրվելու են 12 կամ 24 ամիս տևողությամբ 2-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաների ֆինանսավորման նպատակով:
Պարոն Մարդոյանը հորդորեց առավել ուշադիր լինել ծրագրի նախագծի ներկայացման տեխնիկական կողմին և ժամկետներին:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց ծրագրի կազմման, խմբի անդամներին ներկայացվող պահանջների, հայտի լրացման և ներկայացման, հայտի գիտական փորձաքննության` այդ թվում թե' անկախ փորձագետների և թե' մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից խմբին տրվող գնահատման մանրամասներին:
Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվեց լինել ավելի ակտիվ, անպայման մասնակցել ոչ միայն ռեգիոնալ, այլև` ներհանրապետական և միջազգային այլ մրցույթների, ինչպես նաև ակտիվ երկխոսության մեջ լինել կոմիտեի ներկայացուցիչների հետ` մշտապես հանդես գալ նոր առաջարկներով և դիտարկումներով:
Կոմիտեի նախագահը և աշխատակազմի ղեկավարը այցելեցին նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում հիմնված 2 նոր լաբորատորիաներ:

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ