Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այստեղ ամեն ինչ հնարավոր է

Այստեղ ամեն ինչ հնարավոր է
31.05.2016 | 08:41

Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը համարձակվել է չվայելել Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի վստահությունը: Ավելի ստույգ՝ վայելել է 8 տարի շարունակ: Սակայն ինչ-ինչ հանրային հուզումների վերջնարդյունքում Աննա Սարգսյանը քաղաքապետի կողմից շնորհազրկվում և հայտնվում է նախ Մասիսի քաղաքային հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվում է Երևան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անհետաձգելի սրտաբանության բաժանմունք: Ես եղա հիվանդանոցում, հանդիպեցի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանի, մի քանի ժամ անց էլ՝ նրա փաստաբան Վարդան Զուռնաչյանի հետ: Սակայն մինչ զրույցներիս հրապարակումը շատ նուրբ ու նշանակալից մի ուղերձ հղեմ Մասիս քաղաքի ավագանուն. հարգելիներս, ձեր բնակավայր քաղաքում վաղուց խախտված են համակեցության նորմերը քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակազմի՝ մի կողմից, և մյուս կողմից՝ գործարար Օլգա Սարգսյանի, նրա դուստր Աննա Սարգսյանի միջև: «Իրատեսը» մի քանի հրապարակումներով անդրադարձել է խնդրին, ծանոթացեք նյութերին, հանդիպեք քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ, այնուհետև այցելեք «Էրեբունի» բժշկական կենտրոն և ուշի ուշով ունկնդրեք արդեն անկողնային հիվանդ և բավականին ծանր վիճակում գտնվող Աննա Սարգսյանին: Այսօր ձեզ վիճակված է լինել վերոնշյալ հակամարտության և՛ դատավորը, և՛ դատապաշտպանը: Լինել և կարգավորել այս բազմախորհուրդ ու կարծես ավելի թեժացող խնդիրը:

«ԳՆԵԼ ԱՊԻՆՅԱՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՍ ՆԿԱՏՄԱՄԲ»


-Տիկին Աննա, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ եք հայտնվել այստեղ, այն էլ որպես անկողնային հիվանդ:
-Արյան բարձր ճնշումով աշխատավայրից տեղափոխվեցի Մասիսի քաղաքային հիվանդանոց, շտապօգնության մեքենայով: Դա տեղի ունեցավ ապրիլի 22-ին: Առիթը քաղաքապետ պարոն Հակոբյանի կողմից մանկապարտեզ ուղարկված հանձնաժողովի պահվածքն էր: Այդ հանձնաժողովում նախադպրոցական գործի մասնագետներ չկային, փոխարենը հանձնաժողովում էր Գնել Ապինյանը, ով բռնություն էր գործադրում աշխատակիցներիս նկատմամբ, ստիպելով նրանց գործել իր, ավելի շուտ քաղաքապետի կամքով: Երեքխմբանոց մանկական հիմնարկում մի՞թե կարելի է նման հաշվեհարդարային վարք դրսևորել: Եվ ովքե՞ր էին ժամանել մանկապարտեզ՝ գործին անտեղյակ, ոչ մասնագետ մարդիկ: Իսկ հանձնաժողովում ընդգրկված, Մասիսի Սիս համալսարանն ավարտած իրավաբան Լուսինե Աստաբացյանը պարզապես տակնուվրա արեց մանկապարտեզը, ուր վաստակաշատ մանկավարժներ են աշխատում, ովքեր իմ և Լուսինեի տարիքի չափ աշխատանքային ստաժ ունեն: Ինքս, մասնագիտական կրթությունից բացի, ավարտել եմ Հայաստանի կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը:

«ՔԱՂԱՔԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է ՍԱՇԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ»


-Հետո՞ ինչ պատահեց:
-Արյանս ճնշումը չէր կարգավորվում և հիվանդանոցի մասնագետների պնդմամբ ինձ տեղափոխեցին Երևան, ավելի հիմնավոր բուժում ստանալու նպատակով: Վիճակս այսօր էլ բարվոք չէ, ախտորոշել են նյարդային գերլարվածություն, արյան չկարգավորվող բարձր ճնշում: Ես քրոնիկ հիվանդ չեմ, հիվանդանոցում եղել եմ մի անգամ, երբ Սաշա Հակոբյանը վերընտրվեց քաղաքապետ և թիվ 1 մանկապարտեզում իր առաջին ոտնձգությունն իրականացրեց:
Ես մեկ ամսից ավելի է` գտնվում եմ ստացիոնար բուժման մեջ, ունեմ անաշխատունակության թերթիկներ և որքան տեղյակ եմ, նա իրավասու չէր իմ փոխարեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասնագիտական կրթություն չունեցող մեկին, ով մինչ այդ աշխատել էր «Օրանժ» ընկերությունում: Առհասարակ քաղաքապետի վերաբերմունքը անհասկանալի է, նա պարբերաբար զանգահարում էր Մասիս քաղաքի հիվանդանոց և փորձում էր պարտադրել բուժանձնակազմին, որ ինձ այլ հիվանդանոց փոխադրեն: Մի խոսքով, Մասիսի հիվանդանոցից ուղեգրով ես Երևան եմ տեղափոխվել: Բայց այստեղ էլ Սաշա Հակոբյանը ինձ հանգիստ չի թողնում: Նրա նպատակը ինձնից ազատվելն է: Պատճառն էլ անհայտ չէ, ինչ-ինչ գործեր պետք է իրականացնի մանկապարտեզում, որոնց ես խոչընդոտել էի: Իսկ ինձ փոխարինողը անգլերենի մասնագետ է, «Օրանժ» ընկերությունում աշխատել է որպես վաճառքի մենեջեր: Նորընծա այս տնօրենը սպառնալիքներով է խոսում մանկապարտեզի աշխատակիցների հետ, ահաբեկում է, թե կազատի աշխատանքից և այլն: Քաղաքապետն ինձ մտացածին պատճառով նկատողություններ հայտնեց: Այդ հարցով մտել ենք դատարան: Հունիսի 2-ի նիստում պետք է քննվի ինձ հայտարարված երկու նկատողության իրավացիությունը: Այս ամենը լուծարել է մանկապարտեզի բնականոն աշխատանքը, ավագ խմբի դաստիարակ Գեղեցիկ Գրիգորյանն էլ է նյարդային ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում:
-Քաղաքապետարանի կրթության բաժինը երբևէ փորձե՞լ է միջամտել, կարգավորել իրավիճակը:
-Կրթության բաժնի ղեկավարը կիրթ ու բանիմաց մարդ է: Ցավոք, նրա դիտողություններն ու կարծիքները շրջանցվում են:
-Իսկ քաղաքի ավագանի՞ն:
-Քաղաքը միանձնյա կառավարում է Սաշա Հակոբյանը, Մասիսում ավագանու ներկայությունը զգալի չէ:

«ՆԱ ՁԵՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ Է ՍՏԵՂԾԵԼ, ՁԵՎԱՎՈՐԵԼ Է ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ»


Զրուցակիցս է փաստաբան
ՎԱՐԴԱՆ ԶՈՒՌՆԱՉՅԱՆԸ:


-Ներկայացրեք խնդիրը իրավական տեսանկյունից:
-Աննա Սարգսյանի շահերի պաշտպանն եմ, մենք հայց ենք ներկայացրել Մասիսի առաջին ատյանի դատարան: Քաղաքապետը անօրինական ձևով նախ նկատողություն է հայտնել Աննա Սարգսյանին, հետո նաև խիստ նկատողություն: Քաղաքապետն ունի իրավունք նկատողություն հայտնելու իր ենթակայության տակ գտնվող հաստատության տնօրենին, սակայն այս դեպքում բացակայում են հիմքերը: Քաղաքապետը ձևական հիմքեր է ստեղծել, ձևավորել է անօրինական մի մարմին, որը կամայական ստուգումներ է իրականացրել: Այս ամենից բացի, նա մանկապարտեզի կնիքն առգրավելու նպատակով դիմել է ոստիկանությանը, պարբերաբար փորձել է պարզել, թե արդյո՞ք Աննա Սարգսյանը հիվանդանոցում է գտնվում և իսկապե՞ս հիվանդ է: Մենք հայց ենք ներկայացրել, որպեսզի դատարանը վերացնի վերոնշյալ անօրինական նկատողությունները:
Այժմ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հակամարտության մյուս կողմի՝ Մասիսի քաղաքապետ պարոն Սաշա Հակոբյանի պատասխանը փաստաբան Վարդան Զուռնաչյանին:

«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Վարդան Զուռնաչյանին

Ի պատասխան Ձեր գրության, հայտնվում է, որ հաշվի առնելով, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Սարգսյանը չի ներկայանում աշխատանքի, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սվետլանա Անտոնյանը՝ 17.05.2016-ին: Անտոնյանն ունի բարձրագույն կրթություն: Վերջին տասը տարվա ընթացքում չունի նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի, կրթության կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Քաղաքապետ՝ Ս. ՀԱԿՈԲՅԱՆ
20.05.2016 թ.»

Պատրաստեց

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Երկու կողմերին հանգամանալից լսելու մեր ավանդույթը պահպանելով՝ նախորդ ուրբաթ՝ մայիսի 27-ին, ժ. 13-ն անց 12 րոպեին զանգահարեցի թիվ 1 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Սվետլանա Անտոնյանին: Զանգահարեցի խմբագրության հեռախոսով և խնդրեցի տիկնոջը պատասխանել մեկ ուղղորդիչ և անմեղ հարցի. արդյոք նա մինչև թիվ 1 մանկապարտեզում պաշտոնավարելը աշխատե՞լ է «Օրանժ» ընկերությունում, որպես վաճառքի մենեջեր և արդյոք ունի՞ մասնագիտական կրթություն: Սվետլանա Անտոնյանը սկզբունքորեն հրաժարվեց այս հարցերին պատասխանելուց, թե.
-Չեմ կարող պատասխանել Ձեր հարցերին: Ի՞նչ իմանամ, թե ի՛նչ հեռախոսով եք զանգում:
Տիկին Անտոնյանը մեզ առաջարկեց իր մասին տվյալները ճշտել Մասիսի քաղաքապետարանից: Մարդ է՞լ չիմանա, թե ինքը որ թվին որտեղ է սովորել ու ինչ մասնագիտություն ստացել: Է՜հ, ինչպես ասում են՝ սա մեր Մասիս քաղաքն է, ու ամեն ինչ այստեղ հնարավոր է:
Կպատահի:
Իսկ ինձ մնում է մի բան՝ ի սրտե ցավակցել և՛ թիվ 1 մանկապարտեզի կոլեկտիվին, և՛ երեխաներին ու նրանց ծնողներին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ