Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ քաղաքական դասավորություններ կլինեն

Ի՞նչ քաղաքական դասավորություններ կլինեն
14.06.2016 | 00:42

2017-ին ընդառաջ ի՞նչ քաղաքական դասավորություններ կլինեն, և կլինե՞ն դրանք գաղափարական:
Ո՛չ:


Ընտրությունների նախնական փուլը, ըստ էության, մեկնարկել է. ամառը կկլանի ևս մի քանի ամիս, մնում է, այսպես ասած, վեց ամիս: Իսկ որևէ հստակություն, «շարժ» դեռ չկա, որպեսզի որսաս` ի՞նչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական դաշտում, ուր գաղափարական պայքար չի եղել ու չի լինի:


Իսկ ի՞նչ կլինի: Կլինի գեոքաղաքական պայքար, որը, սակայն, որևէ կապ չունի գաղափարականի հետ: Պարզապես, այս ընտրություններում շատ ավելի վառ, քան մնացյալներում, «սևի» ու «սպիտակի» հատկանշումները կսրացվեն` ի տարբերություն նախորդ տարիների, երբ ռուսական էմիսարիան խաղում էր անկաշկանդ ու հավակնությունների բարձր նշաձողով. այս անգամ, եթե ռուսական մենթալ «ծածկոցը» բավարարի, պետք է հասկանա` գործ ունի բոլորովին այլ Հայաստանի հետ:


Հայաստան, որն անցել է Պերմյակովի «գործի», ապրիլյան քառօրյայի միջով, ունկնդրել Մեդվեդևին, Ռոգոզինին, Զախարովային: Հայաստան, որն արդեն գիտե` Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն տարածաշրջանը պահի իր ազդեցության տակ, այլև Ադրբեջանը կլանի ամբողջովին` Հայաստանի հաշվին: Եվ այն, որ անչափ արագ ռեժիմով Ռուսաստանը փորձում է ՀՕՊ համակարգին, որն ինքնին նոր չէ, իրավական-փաստաթղթային «կերպարանք» հաղորդել, նույնպես հայոց սիրուն աչքերի համար չէ, այլ նույն Ադրբեջանի թրքաբարո կերպը «յուրացնելու», վերջինիս զգուշացնելու` խելոք չմնալու, արևմտյան խաղերին ենթարկվելու դեպքում հայ-ռուսական միասնական ՀՕՊ հովանոցը «կխոցի» ոչ միայն Թուրքիան, այլև Ադրբեջանը:


Ընդ որում, հակառակ Ռուսաստանի, Արևմուտքը խաղում է ոչ թե նրբագեղ-փափուկ, այլ ուղղակի հեզաճկուն: Նա փորում է հայոց ենթագիտակցությունը և ուրույն չիպեր տեղակայում այնտեղ` մի անհրաժեշտ օր գործողության մղելու համար: Զի երբեք հայ ենթագիտակցությունում չեն խամրելու ռուսական բանակի զինծառայող, իրականում անմեղսունակ Պերմյակովի արածը, նրա ձեռքով սպանված հայ չարքաշ ընտանիքը և մի քանի օր ապրած նրանց մանուկը: Երբեք ու երբեք հայ մենթալ պլանից չեն դուրս գալու քառօրյայում իրենց կյանքը Ղարաբաղին մատաղ արած, դրանով Ղարաբաղը փրկած հարյուր երիտասարդ-մատղաշ զոհերը, նրանց նկատմամբ ազերիների կատարած այլանդակ խոշտանգումները, ինչի նկատմամբ ՀԱՊԿ կարգադիր Ռուսաստանը չորս օր լուռ էր, հետո, երբ Հայաստանը թափ էր հավաքել ու պետք է գրավեր կորսված ութ հարյուր հեկտարը, Ռուսաստանն ասաց` կանգնիր, երկիր, ես պիտի իջնեմ:


Մի խոսքով` ներքաղաքական դասավորությունները տեղի կունենան ոչ այնքան ընտրությունների, որքան արևմտյան և ռուսական «գաղափարական պայքարի» շուրջ:
Ովքե՞ր են մասնակցում այդ բանակումներին, ի՞նչ հավակնություններով:
Սկզբի համար արձանագրենք. կողմերի իրական սպասարկուն, գոնե այս պահին, իշխող տանդեմն է: Ասելով «տանդեմ», նկատի ունենք ոչ միայն ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնական զույգը», այլև «հարսնաքույր» ԲՀԿ-ն և «խաչեղբայր» ՀԱԿ-ը: Կոնգլոմերատ, ուր որոշումները կայացվում են մեկ դեմքում: Հասկացա՞ք` ում։ Նրա, ով, եթե շատ անկեղծ, որպես գերագույն գլխավոր հրամանատար, դեռ կարողանում է հմտորեն մանևրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև` արժանանալով երկուսի էլ պերմանենտ «դժգոհությանը», սակայն քանի որ սեփական շահերի մարտահրավերները գնահատելու հարցում երկու գերխաղացողներն էլ ռեալ պոլիտիկի կրողներն են, կրկին ու կրկին վերադառնում, հույսները դնում են նույնի` Սերժ Սարգսյանի վրա, որովհետև Հայաստանում գոնե այս պահին այլ խաղացողներ, այլ դասավորություններ չկան, որքան էլ նույն Ռուսաստանը «ոսկերչական ասեղնագործությամբ» «հինգերորդ շարասյուն» է հունցում` հասցեականացնելով իր պատգամներն ու մեսիջները, որքան էլ հարգարժան «յանկիները» փորձարկում են այս կամ այն հայոց անհատին` իրենց ջահակրի Օլիմպոսում, այնուհանդերձ, թե այս, թե այն բանակումները չեն պսակվում հարկավոր հաջողություններով ու հաղթանակներով:


Վառ ապացույցը միստր Հանթսմանի լավագույն ընկեր Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունն է, որը գնում է հիմնադիր-համագումարի, և վերջինիս կողմից Ղարաբաղում վայրէջքի «իջած» Սամվել Բաբայանը, որոնց շուրջ դույզն-ինչ «համախմբում» որևէ կերպ` «նիխտ»:
Իսկ այս մասին` հաջորդ դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ