Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդիմադիր կարմրուկ (ի նվիրում երկիր կերտողներին և այն քերթողներին)

Ընդդիմադիր կարմրուկ (ի նվիրում երկիր կերտողներին և այն քերթողներին)
02.12.2016 | 11:19

ՑՈՒԳՑՎԱՆԳ-ՆԱԽԵՐԳԱՆՔ


Արգասաբեր էր նախահամագումարյան (ՀՀԿ) 5-օրյակը:
Արգասաբեր անձրևներ տեղացին Հայկական լեռնաշխարհում, քանի որ պահը պատմական էր և զարթոնքով էր հղի:
Հնգօրյակի առաջին օրը մի թրթռուն նամակ ստացա ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էլինար Վարդանյանից:
Մեկ օր անց կտրուկ ընկավ բանանի գինը: Երկու օր անց ՀՀ մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանը առավոտյան սուրճն ըմպելուց քիչ անց հայտարարեց, որ իր ուժերը տասնապատկվել են, և կարծեց, որ դա աստվածային շնորհ է, նաև առաջնորդություն:
Նույն օրը շաքարավազը թանկացավ:
Համագումարի նախօրեին, ադամամութից քիչ անց 7000 մոլորյալներ դարձի եկան և իսկույն ևեթ անդամագրվեցին ՀՀԿ-ին: Հենց այդ օրը գազի սակագինը անողորմաբար նվազեց: Արգասաբեր էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» նշանաբանի ներքո կայացած հեռուստամարաթոնը: Ի մի եկավ 15 մլն 428 հազար 77 դոլար, ի հայտ եկան գլխավոր նվիրատուները՝ Անդրանիկ և Սեդա Բաղդասարյաններ՝ 5 մլն դոլար, Սամվել Կարապետյան՝ 1 մլն դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ 350 հազար դոլար: Կեցցե՛ք:


Երբ համագումարի պատվիրակները վեհաքայլ լքում էին մարզահամերգային ահեղ և փառահեղ համալիրը, ակամա հաշվեցի, որ 100 պատվիրակ կարող է 15 մլն դոլար նվիրաբերել և՛ «Իմ Արցախին», և՛ «Իմ Հայաստանին»: Անցեք գործի, տիարք և տիկնայք բազմամիլիոնատեր հանրապետականներ, չէ՞ որ ԱԶԳ-ԲԱՆԱԿ ամենագնացը նախորդ շաբաթ Թալիշից ճանապարհվեց դեպի Բաղրամյան պողոտա և կայանեց Հանրապետության հրապարակում, ուր կերտվում է ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցը: Եղեք գնացքի հնոցապանն ու մեքենավարը և դարձեք ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցի պահապան հրեշտակները:

ՆԱԽԱՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ԽՈՒՄԱՐ
(հողմաղացը տեղատվության մեջ է)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է, անշուշտ, մասնակցի ԱԶԳ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ամրոցի կառուցմանը, սակայն ինքնալուծարմամբ, քանի որ նա իր պատմական առաքելությունն արդեն իրականացրել է, և պետք է որ առքով-փառքով ինքնալուծարվեր գուցե արդեն 1995-1996 թվերին, երբ հաղթել էինք պատերազմում և հրադադար էինք հաստատել, երբ վերականգնվել էր շուրջօրյա հոսանքամատակարարումը: Զարմացաք, հավանաբար, բայց թույլ տվեք պարզաբանել: Առհասարակ համապետական նշանակության հիմնադրամները ի հայտ են գալիս պատերազմներից հետո: Եվ գործում են մի քանի տարի, մինչև որ պետությունը ոտքի է կանգնում: «Հայաստան» համահայկականը ահա 25 տարի երկրաշինական ծրագրեր է իրականացնում, նույն հաշվետու ժամանակաշրջանում իշխանությունները զարկ են տալիս ՀՀ ատկատաստվերային տնտեսությանը: Օրինակ, երբ Զ գյուղից ջրագիծ է քաշվում մինչև Չ քաղաք, և ծախսն իր վրա է վերցնում վերոհիշյալ պատվարժան հիմնադրամը, նա ակամա նպաստում է պոռթկուն գանձագողությանը. չէ՞ որ ջրագծի (և շատ այլ գծերի ու ճանապարհների, դպրոցների և հիվանդանոցների) կառուցման համար հսկայական վարկեր են անհետ կորչում, դոլարային միլիոնատերեր են հանկարծ բուսնում, և այս իրավիճակը շատ է հիշեցնում Կարապետ-Հայրապետի հայտնի պատմությունը:
Միով բանիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր պետք է վերածվի թանգարանի:

ՀՀ 7000 մոլորյալներ խիստ հուզմունքից նախ կարկամեցին, այնուհետև մեկական թաս ծիրանի օղի ըմպեցին և կռահեցին, թե որն էր իրենց հոգին զօր ու գիշեր ծվատող տանջալից ունայնության պատճառը (կարծես թե հաջողակ էին կյանքում, բայց և այնպես տրտում էին և գլխիկոր): Զանգը հնչեց մեղմաշունչ, կարմրակատար և սևահանդերձ աքաղաղը զիլ ծուղրուղու կանչեց, և ծուղրուղուն այդ քաղաքական օրհներգ էր, և 7000 այր ու կին հանրապետականացվեցին՝ դառնալով իշխող կուսակցության այրուձին: Շնորհավորենք նրանց քաղաքական նորամուտը և մաղթենք, որ հենց նրանք նոր ոգի կտան ՀՀԿ-ին՝ մաքրելով նվիրական կուսակցությունը թաղային խուժանից, օլիգարխիկ գիշատիչներից և այլնից:

Այս օրերին կարծես բոցավառվում էր ՀՀ մշակույթի նախարարությունը: Չէ, նորակառույց հսկա շենքում հրդեհ չկար: Նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն էր ողջունում երկրին, ահա այսպես. «ՈՒժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումը տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձևակերպումները: Տարօրինակ զգացողություն է: Կարծում եմ, սա ևս աստվածային շնորհ է, աստվածային առաջնորդություն»:
Դո՛ւ ասացիր...

Սակայն ի՞նչ թրթռուն նամակ եմ ստացել գեղանուշ և խորագետ պատգամավոր տիկին Էլինար Վարդանյանից: Նամակն ամփոփ է, ներկայացնեմ այն տառ առ տառ.


«Հարգելի պարոն Առաքելյան
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին հասցեագրված Ձեր 2016-ի նոյեմբերի 11-ի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ հանձնաժողովը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ բարձրացված հարցերի և խնդիրների լուծման հնարավորության հարցը քննարկելու նպատակով:
Հարգանքով՝ հանձնաժողովի նախագահ՝ Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ»:

Գերհարգալից մի նամակով դիմել էի տիկին Է. Վարդանյանին՝ առաջարկելով օրենքի ուժով կանխել հայ ներկա հասարակության առողջությունն ու արժանապատվությունը սպանդի ենթարկող աղետը՝ ամենօրյա հրավառություններն ու ամանորյա պայթուցիկային խառնաշփոթը: Դիմել և նկարագրել էի, որ պատկան կառույցները (նաև ՀՀ ոստիկանությունը) կամա-ակամա խրախուսում են վերոնշյալ երևույթը, քանի որ ոտքից գլուխ կաշկանդված են ՀՀ կառավարության 2001-ի սեպտեմբերի 24 հ.895-Ն և 2010-ի սեպտեմբերի 24-ի հ.1283-Ն որոշումներով, որոնք իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրում են հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման և առևտրի լիցենզիա: Նաև հատկանշել էի, որ ՀՀ ոստիկանությունը գործում է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի 180 հոդվածով, որը, ըստ էության, կամա-ակամա խրախուսում է հրավառություններն ու պայթուցիկային տխմար զվարճանքը: Հասկանալի է, որ խնդրել էի տիկին Էլինար Վարդանյանին հանձնաժողովում քննարկել խնդիրը և օրենսդրորեն վերացնել հ.895-Ն և հ.1283-Ն որոշումները:


Սակայն վերոնշյալ հանձնաժողովը, այս խնդիրը թլսորելով, վերստին հիմնավորում է, որ ՀՀ ներկա խորհրդարանական ընդդիմությունն ընդամենը իշխանությունների, շատ կներեք, փոքրավորն է, ուրիշ ոչինչ: Այսպես, եթե հանձնաժողովի հանրապետական անդամները պաշտպանում են հանրապետական կառավարության որոշումները, ապա ինչու են նրանց ջրաղացը ջրում ընդդիմադիր գործիչները, նույն Էլինար Վարդանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Մհեր Շահգելդյանը և վերջապես ու ի վերջո՝ ընդդիմադիր դաշտի «Ժաննա դþԱրկը»՝ Զարուհի Փոստանջյանը:
Մի խոսքով, ներկա հայոց ընդդիմադիր դաշտում (աննշան բացառություններով) կարմրուկի համաճարակ է: Մաղթենք շուտափույթ ապաքինում:
Ամեն:

ՈՒՂԵՐՁ-ԿՈՉ-ՀՂՈՒՄ ՀՀԿ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
(հողմաղացը լավատեսական շրջապտույտի մեջ է)
Այսպիսով ՀՀ-ում ընդդիմությունը մի գերագույն խնդիր է լուծում՝ վարքով և բարքով, անսկզբունքայնությամբ և փարիսեցիությամբ այնպես աղճատել ընտրազանգվածի սիրտն ու միտքը, որ նա խանդավառ հիացմունքով ձայնը կամ չտա ոչ մեկին, կամ էլ ընտրի իշխանություններին:


Սակայն ծանր մարտից առաջ հողմաղացը, ավանդույթի համաձայն, քնարական դադարի մեջ է: Ահա թե ինչպես է մեր ներկա օրը տեսնում անզուգական էսսեիստ Տեր-Գուլանյանը Մերուժան: «Օրեր առաջ մինչև լույս տեղացած ձյունից հետո, որը բացվող լույսի հետ աննկատ հեռացավ, այսինքն թե՝ լույսն իր հետ տարավ ձյունը, նաև սկսվեց տերևաթափը...»:

Հանրապետական կուսակցության ղեկավարի ելույթը ՀՀԿ 16-րդ համագումարում, ըստ էության, լայնք-երկայնքով ուղենշեց այն տեսլականները, որոնք պետք է դառնան ՀՀԿ յուրաքանչյուր անդամի պատվի գործը: Այնպես որ, հարգարժան հանրապետական տիկնայք (որ իշխող, արմատական, վերջապես՝ նժդեհյան-ցեղակրոն կուսակցությունում կազմում եք խիստ հաճելի մեծամասնություն) և հանրապետական տիարք, արժանի եղեք երկրի և ազգի, պետության և համայն հայության այսօրն ու վաղը կանխորոշողների առաքելությանը:

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Հայ արդի հասարակությունն այսօր պետք է խորապես գիտակցի (և նշյալ գիտակցությունից բխեցնի իր անելիքները), թե որն է իր դերն ու նշանակությունը, անելիքն ու ասելիքը այսօր և տեսանելի ապագայում: Մասնավորապես, երբ իշխանությունը, սկսած գյուղապետերից վերջացրած բարձրագույն կառավարիչներով, խարդախում-խաբում է և հասարակության առջև կրնկակոխ բացում է խարդավանքի դուռն ու պատուհանը ի ցույց դնելով այնտեղ եղած գայթակղությունները: Հասարակությունը մեջքո՞վ է շրջվում դեպի նշյալ դուռն ու դարպասը, թե՞, այնուամենայնիվ, թեկուզ մարզական հետաքրքրությունից դրդված ներս է մտնում դռնից, ներս է խուժում պատուհանից և կապանքվում է նյութական գայթակղության սարդոստայնում:
Զի՞նչ է ցուցանում առակն այս...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ