Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սևանա լիճը քմահաճ «բնորդ» է

Սևանա լիճը  քմահաճ «բնորդ» է
23.12.2016 | 12:09

Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը արվեստասեր հանրության դատին էր ներկայացել 1988-ից ՀՆՄ անդամ, գեղանկարիչ ԱՐՏԱԿ ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆԸ։ Ցուցահանդեսը նա նվիրել էր հորը՝ գեղանկարիչ Մկրտիչ Տիրատուրյանին։


-Արտակ, հինգ տարի է անցել քո նախորդ անհատական ցուցահանդեսից։ Այսօր ի՞նչն է նոր քո ներկայացրած կտավներում։
-Ավելի ջինջ են նկարներս և ավելի անկեղծ։ Ինչ վերաբերում է վարպետությանը, այդ մասին պետք է դատի միայն ցուցահանդեսի այցելուն։
-Յուրաքանչյուր անհատական ցուցահանդես ինքնին տոն է, նաև որոշակի հանրագումար է նկարչի համար։ Այնուամենայնիվ, ի՞նչ է տալիս անհատական ցուցահանդեսը նկարչին։
-Ինչ խոսք, ցուցահանդեսն ընթացք է, որոշակի փուլի ավարտ է և նոր ստեղծագործական ժամանակափուլի մեկնարկ։ Միաժամանակ ինքդ հիանալի տեսնում ես ստեղծագործություններիդ թույլ և ուժեղ կողմերը, զատում ես հաստատունն ու անցողիկը։ Ներկայացրել եմ 32 աշխատանք, բնանկարներ Շորժայից, նաև «Հրազդանի կիրճը» և «Պտղնի» կտավները։
-Դու կերպարվեստագետների շրջանում հանրածանոթ ես որպես Շորժայի բնաշխարհին ինքնամոռաց սիրահարված նկարիչ։ Շատ հաճախ ես նկարել Շորժայի ափը, ափամերձ տարածքը, Սևանա լիճը։ Բայց Սևանա լիճը բավականին քմահաճ «բնորդ է»։
-Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էր հռչակավոր «передвижка»-ն։ Նկարիչները շրջում էին Հայաստանի տեսարժան վայրերով, ընտրում էին տեղանքը և ուրվագծում էին գալիք ստեղծագործությունները։ Այսպես էին աշխատում մեր մեծերը՝ Սարյանը, Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը, մյուսները։ Այսինքն, բնանկարելուց առաջ միջավայրը պետք է ուսումնասիրել, լիովին ընկալել այն։ Սևանա լիճը իսկապես խորհրդավոր է, փոփոխվում է ժամը մեկ, պետք է որսալ պահը։ Այո, հաճախ եմ այցելում Շորժա, նստում լճափին, մտորում, հիանում լճի գեղեցկությամբ, հետո խոհերս և ընկալումներս փոխանցում եմ վրձնին և կտավին։ Անկասկած, Սևանա լիճը քմահաճ «բնորդ» է, և պետք է որսալ պահը։ Արևածագից հետո եմ սիրում լիճը և շրջակա բնաշխարհը նկարել, երբեմն էլ՝ մթնշաղից առաջ։
-Ցուցահանդեսդ նվիրել ես հորդ՝ Մկրտիչ Տիրատուրյանին։ Նա նաև ուսուցի՞չդ էր։
-Ե՛վ այո, և ո՛չ։ Երբ դեռ նոր էի սկսել նկարել, բնականաբար, ուշի ուշով հետևում էի, թե ինչպես է հայրս աշխատում։ Հիշում եմ՝ նկարն ավարտելուց հետո շուռ էր տալիս դեպի արվեստանոցի արևահայաց պատուհանը, որպեսզի կտավի մակերեսը չորանա, ներկերը նոր գույն և որակ ստանան։ Շատ ուշադիր էր կարգ ու կանոնի հարցերում։ Նրա վրձինները միշտ մաքուր էին, ասես սպասում էին իրենց հերթին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ