Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քաղաքական խառնամուսնությունների քավարանն ու դրախտը

Քաղաքական խառնամուսնությունների քավարանն ու  դրախտը
27.01.2017 | 11:03

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Խառնամուսնությունից ծնված երեխան իր շրջապատի զարդն է: Անհնար է չհիանալ կապուտաչյա խափշիկով: Սլացիկ, շեղաչք ու շիկավարս սլավոնա-մոնղոլական խաչասերվածք կինը հմայչորեն առանձնանում է միջավայրում:
Կենդանական աշխարհում խառնամուսնության գլուխգործոց է ջորին, քանզի ունի նժույգի վեհանձնությունն ու ռոմանտիզմը, ավանակի համառությունն ու իմաստությունը:
Մրգաշխարհում էլ կան խառնամուսնությունների (իմա՝ խաչասերումների) հրաշալի օրինակներ: Զորօրինակ, երբ հայրը տանձ է, իսկ մայրը՝ սալոր, տանձասալոր զավակն ունենում է ինքնատիպ համ և բույր:
Ներկա հայ քաղաքական ներկապնակը՝ իշխանական ու ընդդիմադիր, ազնվականությամբ բավականին զիջում է և՛ սլավոնա-մոնղոլական, և՛ նժույգա-ավանակային, և՛ տանձա-սալորային զուգավորումներին: Այն ավելի շուտ խառնամուսնական բուֆոնադա է:
Բուֆոնադան իտալական թատերախաղ է, որ միաձուլում է կատակը, խեղկատակությունն ու հացկատակությունը: Միջնադարի հայկական թատրոններում հաճախ են դիմել բուֆոնադայի ժանրին: Մի խոսքով, ներկա նախընտրական խառնամուսնական բուֆոնադայում գերիշխող դիրքերում են խեղկատակությունն ու հացկատակությունը...

7-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ


40 օր է` Արարատյան դաշտավայրը և մայրաքաղաք Երևանը պարուրված են ձյունեղ մառախուղով: Հանրությունը դժգոհ է, նրա հեզ ծառան, այսինքն ես՝ հողմաղացյան ասպետս, միանգամայն գոհ: Ինչո՞ւ: Զի մառախուղը քողածածկում է շատ քաղդեմքերի քրեագլամուրային երեսն ու դարձերեսը: Հյուսիսաբնույթ սույն եղանակը նաև հուշում է՝ անհապաղ հարկ է փոխել 2017-ի բախտախնդիր (այլ մեկնությամբ՝ խիստ բախտորոշ) ընտրության օրը, զի հարիր չէ համազգային հերոսամարտի տարելիցին զբաղվել քվեաթերթիկների լիցքավորմամբ (ոմանց համար՝ նաև կեղծարար լցոնումներով):
Վասն 7 տոկոսի ձեռքբերման քաղդաշտն արդեն կենաց-մահու կռիվներ է մղում, պետականաշահ և ժողովրդապաշտ կենացները ժամ առ ժամ առավել մեղրահամ են դառնում, իսկ բազմափորձ քաղկավատները, արհեստավարժ հանրային կուրտիզանները ամեն լուսաբացի կուսանում են, գիշերամուտին վերադառնում ելման կետ: Այսուհանդերձ ինչ-ինչ հույսեր նրանք, ինչ խոսք, պահպանում են:

Ընդդիմադիր նավարկումները մեկնարկել են: Հատկապես երանելի են օվկիանոսային քաղհածանավ «Ծառուկյան ընդ քոմփընի»-ի և լճակային քաղհեծանիվ Հայրիկյանի նավագնացությունները: Գերօլիգարխ-գերագույն Գագիկի մասին խոսք չկա, նա 7-տոկոսանոց շեմը հաղթահարում է հենց սեփական դղյակի շեմին: Հայոց երախտապարտ հիշողությունը չի մոռանում նրա զանգվածային ներդրումները բարեգործական զամբյուղում: Զի պետական հովանու ներքո գտնվող զամբյուղը անգթորեն աղքատիկ է: Իսկ Պարույրը պարուրվեց, հայրիկացավ և ո՜վ երկինք և ո՜հ երկիր, իջավ Օլիմպոսից ու խառնամուսնական դաշնագիր վավերացրեց Օհանյան-Օսկանյան-Սարգսյան քաղկառույցի հետ, որը, հարկավ, նրան կկարգի վարչապետ և կվերականգնի մեր պատմության մեծագույն անարդարությունը, չէ՞ որ Մասսյաց հովիտներ վերադարձած Պ. Հ.-ն 1989-ին վսեմաբար առաջարկեց խորհրդահայ հայությանը՝ դեն նետել նսեմ պայմանականությունները և իրեն ընտրել հայոց ազգընտիր նախագահ, գալով մինչև Արաքս մայր գետի ափն ու դիմավորելով այնպես, ինչպես դարեր առաջ դիմավորել է Մաշտոցին: Մի խոսքով, ինքնորոշման փարոս Պարույրը մի ձեռքով նամակ էր գրում յուր վաղեմի ախոյան Լևոնին Տեր-Պետրոսյան, մյուս ձեռքով բարոյական պահանջագիր է ներկայացնում Ծառուկյան Գագիկին: Միով բանիվ՝ Հայրիկյանը իրականացնում է յուր առաքելությունը, այն է՝ հնարավորինս ապականել քաղաքական ցանկացած գործընթաց, զի այն, ինչը դուրս է հայրիկյանական պարուրաձև մտասևեռումներից, հակահայեցի է և ապաքաղաքակրթական: Միով բանիվ դաշինքներից մեկը վասն ՀՀ-ի անամպ երկնքի թող անցողիկ մի տեղ վավերագրի Պարույրի համար: Չկասկածեք, նրա ներկայությունը խինդ ու զավեշտ կներմուծի օվալաձև դահլիճ: Բայց չանտեսենք նախապայմանը՝ Հայրիկյանը պետք է առաջադրվի որպես ազգային փոքրամասնություն «Ինքնորոշում» համայնքի կողմից: Այս մասին ի՞նչ են խորհում նրա ներկա դաշնակիցները, չի խանգարի տեղեկանալ:
Պատվարժան նախկին գործընկերս, Փաշինյանը՝ Նիկոլ, միակն է, որ ձեռնոց նետեց Պարույրին՝ ազգապետակափրկչական Օլիմպոսում. «Եթե կառավարությանը 4-5 ամսում չհաջողվեց կոտրել բանանի մենաշնորհը, «Ելք» դաշինքը դա կանի 47 րոպեում, դա երաշխավորում եմ»: Ներքին ձայնս հենց նոր հուշեց, որ այդպես էլ լինելու է, միայն ահա փոքրիկ մի ցեց տագնապում է հոգիս, ինչո՞ւ հենց 47 րոպե, ո՞րն է այս թվի խորին խորհուրդը... Մի խոսքով, «Ելք»-ում ելուստվում են տարասեռ քաղաքական համոզմունքները՝ ի նպաստ քրեաքաղաքական խմբիշխանության գահընկեցության: Բերկրալից բավականությամբ ձայնս կտամ «Ելքին», եթե այսօր երեկոյան ներկայացվի հանրությանը, թե քանի ժամ (գուցե րոպե՞) է անհրաժեշտ, որ հողմաղացյան (ինչ խոսք՝ նաև լճիցլճյան) գերիղձս կյանքի կոչվի, այն է՝ ազգայնացվեն (պետականաշնորհվեն) գազի և շաքարավազի, թերևս նաև բանանի ներկրումները, արգելափակվի թուրքական լոլիկի մուտքը ՀՀ և այլն:
«Հայկական վերածննդի» բոցախոս աջթևային տիկին Բիշարյան Հեղինեն քաղաքական մի բոց-կարմիր խաղաքարտ նետեց խառնամուսնական զոհասեղանին. «Իրավունք չունենք գայթակղվելու կեղտոտ գարշահոտ ունեցող և թալանված փողերով»: Կեցցե՛ք, տիկին: Կեցցեք և ամրագրեք վերածննդյան ձեր հրովարտակներում տիար Արթուր Բաղդասարյանի դեռ 10 տարի առաջ հնչեցրած պետականաշեն միտքը. «Ավելի լավ է, որ 100 մարդ ունենան մեկական խանութ, քան 1 մարդը՝ 100 խանութ»: Այսօր, ցավոք, 1 մարդն ունի հազար ու մի խանութ: Բայց այս հարցը օդում կախված չի մնալու, և դուք պետք է այսօր ևեթ մի լայն արշավ սանձազերծեք ընդդեմ հազար ու մի խանութատերերի, անկախ նրանց զբաղեցրած քաղաքական դիրքից և երկիրը կողոպտելու հրեշավոր կրքից:
Իսկ Լևոնը և հարակից լևոնամերձ-ՀՀՇաբույր գործիչները ի՞նչ են անում: Յոթ տոկոսի հաղթահարման նպատակով արդյո՞ք այսօր շինիչ մի բան դուրս է սահում նրանց շաքար-մեղր, որոտ-կայծակ բերանից:


Ժամանակին խառնամուսնության դաժան օրինակ էր Ծառուկյան-Տեր-Պետրոսյան զուգակշռումը: Սակայն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը կյանքի կոչվեց հայտնի բամփով: Մի խոսքով, ՀԱԿ-ը պետք է իսպառ մոռանա Արցախի ճանապարհը և հևիհև կենտրոնանա անցյալ մեղքերի բեռնաթափման վրա: Այսպես, «Տերը» պետք է լքի սև շենքը և այս քայլով էապես խնայի պետբյուջեի միջոցները: Այնուհետև պետք է հաստիքուկեսով գործի անցնի կուսգրասենյակում և վերջ, զի նրա ժամանակը վաղո՜ւց սպառված է: Իսկ եթե ոչ, ապա մեղքերի քավության շատ ավելի պատվավոր հնարավորություն կա՝ կազմակերպել շարժում, միանալ Ծառուկյանին, ընդգրկել մյուս գեներալազգեստ օլիգարխներին (Մանվելից մինչև Օհանյան) և կազմակերպել բուրժուա-ժողովրդավարական անարյուն հեղաշրջում: Բայց, կներեք, Լևոնը Տեր-Պետրոսյան, հո նվիրյալ դեկաբրիստ չէ՞:

ՀՀԿ-Ն ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ Է, ՎԱՌՎՈՒՄ Է ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍԸ


Միով բանիվ խառնամուսնական ընդդիմության կատարածուները ընտրազանգվածի ձայներն են հավաքագրում՝ լուսաբանելով խմբիշխանության քանդարար վարքը, սակայն որո՞նք են նրանց ստեղծարար առաջարկները: Լավ, բավ է, հողմաղացը քնարական դադարի մեջ է: Ահավասիկ մեր ներկան ինչպես է դիտարկում խորագետ և գեղադեմ պոետ տիկին Սոնա Վանը.
Երբ վերջապես կիջնի
արճիճե գիշերը տաք
ահեղ դատաստանի
և
կփչի փիղը
մսե շեփորն իր
դատարկ անհունի մեջ
բա՜րձր
վերջին անգամ...
(«Արմագեդոն»)

ՀՀԿ-ում էլ, ինչ խոսք, առկա են քաղաքական խառնամուսնությունները։ Այստեղ հանրապետական (իմա` պետական) մտածողության այրաց կողքին (թվարկենք առանց դույզն-ինչ քաշվելու` Վահրամ Մկրտչյան, Արտակ Զաքարյան, Արտակ Դավթյան... մի երկու անուն էլ թող հավելի ընթերցողս խիստ ուղղամիտ), սակայն չէ՞ որ լուսաբացից մայրամուտ հանուն 3-րդ հանրապետության վերջնական (իմա` քրեաքաղաքականության հաստատման) կենաց-մահու կռիվ են մղում 3 խմբեր.


ա) մականունակիր-մենաշնորհատերերը,
բ) հացկատակ-խեղկատակ-քծնասպետները,
գ) մարդ-կուսակցությունները։
Խմբիշխանական բուրգը քայքայվում է, զի պատմության ընթացքն անբեկանելի է, դատավճիռը` անողորմ, 14-րդ վարչապետն էլ՝ վճռական:
Խմբիշխանական որոմը, արդեն 2017-ի մայիսի 28-ին (օրն այդ հերոսական է և լուսեղեն) կկնքի սեփական մահկանացուն։
Այսպիսով, հիշելով պայծառ Մովսեսին Գորգիսյան, հենց այս պահին հանրահռչակենք օրվա, տարվա և դարի նշանաբանը` «Կեցցե՛ այն Հայաստանը, որը գալու է մայիսի 28-ին»։
Ամեն։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Նախ և առաջ` ՀՀԿ-ն պետք է սկսի կուսակցության զանգվածային քիմմաքրումը։
Նախ և հետո` ընդդիմությունը պետք է միաբանվի ոչ թե ընդդեմ ՀՀԿ-ական խմբիշխանության, այլ հանուն դարձի եկող հանրապետականների և վարչապետի:
Եվ վերջապես` եթե իշխանությունն ու ընդդիմությունը գալիք երկու ամիսներին արմատական քայլեր չիրականացնեն, մեղքը նրանց պարանոցին թող ագուցվի։
Զի՞նչ ցուցանեցին առակներն այս...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ