Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն»

«Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն,  արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ  վարձատրություն»
03.10.2017 | 07:29

Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը, որը կամփոփի վերջին տարիներին կոնֆեդերացիայի գործունեության արդյունքները, կգնահատի կատարված աշխատանքները և կնախանշի առաջիկա անելիքները: Այս առիթով «Իրատեսը» զրուցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ հետ:

-Պարոն Թումասյան, ծանոթանալով հետխորհրդային շրջանի արհմիութենական կազմակերպությունների պատմությանը, ակնհայտ է դառնում, որ ստեղծված ազատ շուկայական տնտեսության պայմաններում աշխատավորների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և այլ իրավունքների պաշտպանության գործում արհմիությունների գործունեության շրջանակները սահմանափակվել են: Հայաստանի անկախացումից հետո ՀԱՄԿ-ին որքանո՞վ հաջողվեց պահպանել ինքնուրույնությունը:
-Հայաստանի անկախացումից հետո արհմիություններին պետության ցուցաբերած աջակցությունը դադարեց, իսկ որոշ ժամանակ անց սկսվեց նաև արհմիությունների լիազորությունների ու իրավունքների սահմանափակման գործընթացը: Բայց մի նկատառում անեմ. թեև ԽՍՀՄ-ը փլուզվեց, հանրապետություններն առանձնացան, կուսակցությունները տրոհվեցին, սակայն արհմիությունները պահպանվեցին: Թեև մեր լիազորություններից որոշ բաներ կորցրինք, սակայն եղած հնարավորություններով հանդերձ շարունակում ենք պաշտպանել աշխատողների աշխատանքային և իրավական շահերը, բացի այդ միջազգային արհմիությունների ընտանիքում կարողացանք պահպանել մեր տեղը:
Ճիշտ է, մինչ օրս էլ հանրապետությունում արհմիությունների համար կայացման դժվարագույն ժամանակներ են: Մեր անկաշկանդ գործունեությանը խոչընդոտում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի խնդիրը, չկայացած ժողովրդավարությունը, սոցիալական երկխոսությունների ավանդույթի և պրակտիկայի բացակայությունը, գործատուից աշխատողների կախվածությունը և դրանից բխող բազում այլ խնդիրներ: Այս ամենը լուրջ վտանգ է ստեղծում արհմիությունների անդամակցությանն ու նրա հանդեպ վստահության ամրապնդմանը:
-Մի շարք կազմակերպություններում արհմիությունները հայտնվել են գործատուի կցորդի կարգավիճակում, մինչդեռ «Արհմիությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, արհմիություններն անկախ են պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից և գործատուներից:
-Իմ կարծիքով, այդ կարգավիճակից դուրս գալու, արհմիությունների դերի բարձրացման նպատակով պետության աջակցությունն անհրաժեշտ է այն առումով, որ կանխվեն գործատուների կամայականությունները՝ ըստ հանրապետությունում գործող Սահմանադրության, օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի վավերացրած Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների: Արհմիությունները պետք է գործատուներից ֆինանսապես անկախ լինեն:
-ՀԱՄԿ-ը գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում աշխատողի աշխատանքային իրավունքների և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:
-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով, շարունակում է ՀՀ կառավարությանը հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության, աշխատանքային պայմանների բարելավման մասին:
Դեռևս ներդրված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը, չլուծված է մնում 2004 թ. օգոստոսից հետո լուծարված կազմակերպություններում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառով տուժած շուրջ 800 անձանց հասանելիք վնասի փոխհատուցման գումարների չվճարման հարցը: Նախկինում այս ոլորտի խնդիրները վերապահված էին Աշխատանքի պետական տեսչությանը, կառույց, որն իրականացնում էր աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն: Սակայն, չգիտես ինչու, 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ միաձուլման ձևով վերակազմավորվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում որպես առանձին կառույց և կոչվում է Առողջապահական պետական տեսչություն:
Այսօր հանրապետությունում աշխատանքի պաշտպանության ոլորտի խնդիրները բազմաթիվ են և անհապաղ լուծման կարիք ունեն: Արհմիությունների կոնֆեդերացիան համոզված է, որ առողջ և անվտանգ աշխատանքի ոլորտում պետական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի աշխատավորների կյանքի, առողջության և աշխատունակության պահպանմանը: Այս ոլորտին առնչվող օրենսդրության պահպանումը յուրաքանչյուր գործատուի համար պետք է դառնա գործունեության նորմ, որը աշխատանքի պաշտպանության պետական ռազմավարության բացակայության արդյունքում հնարավորություն է տալիս որոշ գործատուների խուսափելու աշխատանքային օրենսդրության նորմերի պահպանման պատասխանատվությունից:
Եթե ամփոփելու լինեմ այս հարցը, ապա արհմիությունների առջև ծառացած խնդիրները սկսվում են օրենսդրական բացերից, ավարտվում` իրազեկվածության պակասով։ Արհմիությունների մշտական պահանջը եղել և մնում են սոցիալական արդարությունը, արժանապատիվ աշխատանքն ու արժանապատիվ վարձատրությունը:
-Ցանկացած կազմակերպության ուժը պայմանավորված է իր անդամների քանակով: Որքա՞ն է Հայաստանում արհմիության անդամների թիվը:
-Ներկայումս արհմիութենական կազմակերպությունների շարժը ունի նվազման միտում: Վերջին հինգ տարում 20 ճյուղային միություններից այժմ գործում են 19-ը, իսկ արհմիութենական կազմակերպությունների թիվը նվազել է 52-ով, անդամների թիվը՝ 43 658-ով: Ինչ խոսք` նման իրավիճակին հանգեցրել են նաև նախկին խոշոր ձեռնարկությունների լուծարումը, հանրապետության տնտեսության ստվերային հատվածի ծավալները, մի խումբ ազդեցիկ օլիգարխների կողմից արհմիությունների ստեղծման արգելափակումը, և ամենակարևորը՝ աշխատունակ տարիքի բնակչության թվի նվազումը: Բերեմ երկու պաշտոնական տվյալ՝ Հայաստանում զբաղվածների թիվը նվազել է 166600-ով:
Միայն վերջին տարում արհմիության անդամների նվազման ցուցանիշներ են արձանագրվել հետևյալ ճհմ-ներում՝ առողջապահություն (700), կրթություն և գիտություն (450), լեռնագործություն՝ (390), շինարարություն (1400), պետհիմնարկներ 600/, էլեկտրաարհմիություն (250): Արհմիության անդամների թվի նվազումը կասեցնելու նպատակով անհրաժեշտ է, որ ճյուղային միություններն իրենց շարքերը համալրեն ոչ ֆորմալ սեկտորում ընդգրկված մարդկանցով և իրազեկեն աշխատաշուկա նոր մուտք գործող երիտասարդներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին:
-Կադրային փոփոխությունները համարվում են ցանկացած կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման խթան, հատկապես, եթե ներգրավված են երիտասարդները: Ինչպե՞ս է վիճակն արհմիություններում:
-Դեպի արհմիություններ երիտասարդ կադրերի ներհոսքի ապահովումը արհմիությունների գործունեության գլխավոր նպատակներից է: Կադրային քաղաքականությունը հուզող հարց է, հատկապես Հայաստանում, որտեղ գործազրկությունը ԱՊՀ երկրների համեմատ ընդհանուր առմամբ կազմում է 19 տոկոս (ի դեպ, սա ամենաբարձր ցուցանիշն է), երիտասարդների շարքերում այն 36 տոկոս է կազմում: Ցավն այն է, որ գործազուրկ է մեծ մասամբ կրթված երիտասարդությունը: Բնականաբար, գործազրկությունն անվստահություն է ստեղծում արհմիությունների նկատմամբ: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, մտահոգվելով երիտասարդների զբաղվածության խնդրով, իր շարքերում ներգրավում է երիտասարդ մասնագետների: ՈՒնենք ակտիվ երիտասարդական թև, որը սոցհարցումների ու այլ միջոցառումների շնորհիվ հանրությանը ոչ միայն իրազեկում է արհմիությունների գործունեության մասին, այլև արհմիութենական աշխատանքներին ներգրավում է նոր անդամների:
Վաղը մեզ արժանի փոխարինողներ են հարկավոր, ուստի առավել քան կարևորվում է կադրային փոփոխությունների անհրաժեշտությունը: Մեզ հարկավոր են բանիմաց ու ակտիվ երիտասարդներ, ովքեր իրենց գործունեությամբ էլ ավելի կամրապնդեն արհմիությունների հիմքերը: 40 տարի շարունակ եղել եմ արհմիության լիդեր, սիրտս ցավում է այս կազմակերպության համար: Վերջին տարիներին ծավալուն աշխատանք է կատարվել, կառուցվածքային լուրջ փոփոխություններ են իրականացվել, որոնք պահպանել ու զարգացնել է հարկավոր:
Ես շատ եմ կարևորում օրենքի գերակայությունը: Տեսեք, եվրոպական երկրներում ուժեղ են ոչ այնքան արհմիությունները, որքան օրենքը, ի տարբերություն մեզ, այնտեղ արհմիությունների ցանկացած պահանջն օրենքի շրջանակներում լուծում է ստանում: Հայաստանի արհմիություններն ուժեղ կլինեն նաև այն դեպքում, եթե ունենան սեփական հեռուստաալիք ու լրատվամիջոց: Սակայն արհմիությունների ֆինանսական հնարավորությունները դեռևս սահմանափակ են:
-Լիդերի անձը կարո՞ղ է որոշիչ դեր ունենալ արհմիութենական շարժման գործում:
-Բնականաբար, ղեկավարելու և առաջնորդելու համար լիդերին անհրաժեշտ է բնավորության մի քանի հատկանիշ. նա պետք է կարողանա ոգեշնչել մարդկանց, լսել ու փորձել հասկանալ նրանց, սեփական օրինակով ցույց տալ այն, ինչին մղում է ուրիշներին: Լիդերը պետք է լինի վստահ, համարձակ, որ կարողանա կյանքի կոչել կազմակերպության ծրագրերը, նրան պետք է հետևեն հարգանքից ու վստահությունից մղված: Իսկական լիդերը, լիդեր դառնալու չի ձգտում, դա նրան ուղղակի հաջողվում է: Արհմիության ցանկացած օղակում գործող (սկսած սկզբնական կազմակերպությունից մինչև ճյուղային միության և կոնֆեդերացիայի նախագահ) լիդերը, լավ մասնագետ լինելուց բացի, պետք է տիրապետի գիտելիքների, քանի որ արհմիության գործունեությունը բազմազան է ու բազմակողմանի: Լիդերը պետք է կարողանա տիրապետել մարդկային հարաբերություններին, իր ակտիվ գործունեությամբ վարակի նրանց: Նա հրամանատար է ռազմադաշտում, և պետք է կարողանա իր շուրջը համախմբել արհմիության բազմահազարանոց բանակը:
-ՀԱՄԿ-ը արդեն Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ԱՄԿ) լիիրավ անդամ է: ԱՄԿ-ին անդամակցությունը ի՞նչ է տալիս Հայաստանի արհմիություններին:
-Արհմիությունների միջազգային կազմակերպության ընտանիքին անդամակցելու արդյունքում նախ ընդլայնվում են մեր գործունեության շրջանակները, հնարավորություն է ընձեռվում արհմիութենական շինարարության մեջ ներառելու ԱՄԿ-ի ավանդույթները: Բացի դրանից, ԱՄԿ-ի կողմից համարժեք աջակցության պատրաստակամությունը մեզ ապահովագրում է մեր նկատմամբ կիրառվող ցանկացած ոտնձգությունից:
-Իսկ ԱՄԿ-ի կողմից ՀԱՄԿ-ին ցուցաբերվե՞լ է որևէ աջակցություն:
- 2008-ին կառավարության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխություններն ու լրացումներն իրականացվում էին միջազգային կոնվենցիաների խախտումներով, ինչին ՀԱՄԿ-ը համամիտ չէր: Մենք դիմեցինք ԱՄԿ-ի աջակցությանը: Միջազգային փորձագետների և հայ օրենսդիրների համատեղ քննարկումների արդյունքում Աշխատանքային օրենսգրքի վերամշակված տարբերակում չընդգրկվեցին այն հոդվածները, որոնցով խախտվում էին աշխատողների իրավունքները: Ի դեպ, այդ առումով Վրաստանի վիճակն ավելի ծանր է. ԱՄԿ-ից բավական ժամանակ պահանջվեց Վրաստանի աշխատանքային օրենսգրքում որոշակի շտկումներ անելու համար:
ՀԱՄԿ-ն այսուհետ աշխատավորների շահերի պաշտպանության գործում կներդնի արհմիութենական միջազգային շարժման փորձը:
-Որո՞նք են լինելու ՀԱՄԿ-ի 2017-2022 թվականների գործունեության հիմնական ուղղությունները:
- ՀԱՄԿ-ը շարունակելու է հետամուտ լինել կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանմանը, միջազգային իրավական ակտերով նախատեսված նվազագույն աշխատավարձի սահմանման համակարգի ներդրմանը և կիրառմանը, և որ ամենակարևորն է ՝ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման կարգի ընդունմանը:
Մեր գործունեության հիմնական ուղղություններից են լինելու նաև նպաստելը արհմիութենական շարժման համերաշխության և միասնականության ամրապնդմանը, աշխատանքի ոլորտում սոցիալական գործընկերության համակարգի կայացմանն ու զարգացմանը, միջազգային արհմիութենական շարժման սկզբունքների իրագործմանը:

Հարցազրույցը`
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 7859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ