Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանից «ինչ-որ բան» են նախապատրաստում իրենց հարևանների դեմ
06.10.2017 | 07:07

(Նախորդ մասը)

Tasnim News-ի վերոհիշյալ տեղեկության մեջ նույնպես որոշ հիշեցումներ կան. «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ավելացել է ԻՀՊԿ-ի հակաահաբեկչական գործողությունների թիվը: Անցած ամսվա նույնպիսի գործողության ընթացքում ԻՀՊԿ-ի «Համզե Սայիդ ալ-Շոհադ» բազայի ուժերը մի խումբ ահաբեկիչների են հայտնաբերել Արևմտյան Քրդստանի նահանգում և կարողացել են նրանցից մի քանիսին ոչնչացնել, իսկ երեքին գերել: Ռազմաբազան հայտարարել է, որ իր ուժերը գործողության ընթացքում բռնագրավել են ահաբեկչական խմբի զենք-զինամթերքը»: Այսպիսով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում, ինչպես նշել են իրանական աղբյուրները, «օտարերկրացի ահաբեկիչները ճեղքման երեք փորձ են արել: Սակայն, եթե հիշեցնելու լինենք նաև ընթացիկ տարվա մայիսի վերջը, ապա կտեսնենք, որ, ԻԻՀ-ում նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Իրանում վարչակազմը փոխելու անհրաժեշտության մասին ԱՄՆ-ից հնչած (այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատտիսի մակարդակով) մի ամբողջ շարք հայտարարություններին զուգընթաց, ինչ-որ ուժեր չորս անգամ փորձել են ապակայունացնել իրավիճակը արտաքին աշխարհի հետ Իրանի հյուսիսարևմտյան սահմանին: Հիշեցնեմ, 2017 թ. մայիսի 27-ին Fars News գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի Արևմտյան Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանի վրա, PJAK-ի («Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն») ահաբեկիչների հետ բախման ժամանակ երկու իրանցի սահմանապահ սպանվել է և յոթը՝ վիրավորվել (PAK-ը ԱՄՆ-ի և Իսրայելի խնամակալության ներքո գտնվող մի խմբավորում է, որը Իրաքից արտաքսվելուց հետո անցել է Թուրքիա- խմբ.): Ահաբեկիչների հետ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «ՈՒրումիե» գնդի իրանցի սահմանապահները շարժվում էին սահմանի երկայնքով: Այդ ժամանակ արդեն Իրանի սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Ք. Ռըզային Թուրքիային նախազգուշացրել էր, որ անհրաժեշտ է գործնական միջոցներ ձեռնարկել՝ «վերջ դնելու անփույթ վերահսկողությանը Իրանի հետ սահմանին անվտանգության ապահովման գործում» և կանխելու հանցագործների կողմից սահմանի խախտումները: Գեներալ Ք. Ռըզային դատապարտել էր ահաբեկչական ակտը և ասել. «Մենք, իհարկե, ջախջախիչ պատասխան կտանք այդ քայլերին... Մենք Թուրքիային պատասխանատու ենք համարում, և այդ երկիրը պետք է հաշվի առնի այդ ակտը»:


Քրդստանի և Արևմտյան Ադրբեջանի օստանները (նահանգները), այսպիսով, մայիսի վերջից մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակամիջոցում եղել են անընդմեջ հարձակումների և լարվածության սրման փորձերի օբյեկտներ: Բայց եթե Քրդստան կարելի է ներխուժել բացարձակապես Իրաքի տարածքից, ապա Արևմտյան Ադրբեջանը հիմնականում սահմանակից է հենց Թուրքիային ու... Նախիջևանին: Սա է նրբագույն առանձնահատկությունը: Չէ՞ որ Իրանի հյուսիսարևմտյան շրջաններ զինված ներխուժման փորձերի մասին հուլիսյան հաղորդագրություններում իրանական աղբյուրները չեն ընդգծում (ինչպես, օրինակ, մայիսի վերջերին էր), որ ահաբեկիչները գրոհել են Թուրքիայից: ՈՒրեմն, որտեղի՞ց են ձեռնարկվել «օտարերկրացի ահաբեկիչների» վերջին ճեղքման փորձերը՝ Թուրքիայի՞ց, թե՞ Նախիջևանի Ինքնավարությունից: Այս հարցի պատասխանը կարևոր է, և դա պաշտոնական Անկարային Իրանի մայիսյան նախազգուշացման նույն այն լույսով, որի իմաստն ավելի քան թափանցիկ է. այլևս չհամարձակվեք, թուրքեր, ի շահ երրորդ պետությունների, ձեր տարածքը տրամադրել հակաիրանական քրդական կազմակերպություններին (ԻՀՊԿ-ի այս յուրօրինակ վերջնագիրը առաջվա նման ուժի մեջ է): Մայիսին և հունիսի սկզբին, բացառված չէ նաև Անկարային ցուցադրելու համար, թե ինչի են ընդունակ ԻՀՊԿ-ի ուժերը, իրանցիները, հետ մղելով բելուջական ահաբեկչական խմբավորման նոր սահմանամերձ գրոհները Պակիստանի տարածքից, Պակիստանին իրենց ավելի վաղ (ապրիլին) արած «նախազգուշացումը» վերածել են կոնկրետ գործողությունների՝ երկու անգամ անցնելով սահմանը և ահաբեկիչներին ոչնչացնելով արդեն Պակիստանի տարածքում:
Շոշափվող հարցը ապարդյուն ու հռետորական չէ: Մի տեսակ հավատդ չի գալիս, որ ԻՀՊԿ-ի գեներալ Ք. Ռըզայիի նախազգուշացումից և Պակիստանին այն բանի ակնբախ ցուցադրումից հետո, որ Իրանի խոսքին անպայման հետևում է գործը, Անկարան կհամարձակվեր վերստին իր սահմանամերձ գոտին տրամադրել PJAK-ի նույն քրդերի սադրանքների համար, առավել ևս, թուրքերին հայտարարվել էր, որ Թեհրանը շատ լավ գիտե, թե հատկապես ով է հովանավորում այդ խմբավորումը, ինչ «հրահանգիչներ» են ԱՄՆ-ից ու Իսրայելից ամերիկյան ռազմաբազաներում և ճամբարներում «հրահանգավորում» PJAK-ի զինյալներին: Հիմա Թուրքիան ամեն ջանք գործադրում է Իրանին ու Ռուսաստանին ներկայանալու որպես ԱՄՆ-ին ու Իսրայելին չենթարկվող տարածաշրջանային ուժ, իսկ նախագահ Էրդողանը, առնվազն ամիսը երկու անգամ, հեռախոսային խոսակցություններ և այլ շփումներ է ունենում Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ, ապացուցելով, որ Անկարան շարունակում է հավատարիմ մնալ Սիրիայի վերաբերյալ կնքված «Աստանայի համաձայնագրին»: Գաղտնիք չէ, որ նույն Սիրիայի վերաբերմամբ Իրան-Ռուսաստան զույգի ու Թուրքիայի տարաձայնությունների շարքում նաև սիրիացի քրդերի հարցն է: Սակայն, սկսած մայիսի 27-ից, զինված ներխուժումների ու ճեղքումների փորձերը միայն քրդական խնդրի դրսևորումներ չեն, եթե մայիսին Թեհրանը կոնկրետ քրդական PJAK խմբավորման անունն էր տվել, իսկ հունիս-հուլիսին խոսվում էր ինչ-որ «օտարերկրացի ահաբեկիչների» մասին՝ առանց նշելու նրանց ազգությունն ու այս կամ այն երկրին պատկանելությունը:


Այսպիսով, այն հարցը, թե որտեղից է հուլիսին գրոհի ենթարկվել իրանական սահմանի հյուսիսարևելյան հատվածը՝ Թուրքիայի՞ց, թե՞ Նախիջևանից, դառնում է ամբողջ տարածաշրջանում հնարավոր ցնցումային փոփոխությունների մի նոր շատ կարևոր լծակ: Թերևս, շատերը նկատած կլինեն, որ համեմատաբար վերջերս՝ հուլիսին, Սոչիում գաղտնի ոչ պաշտոնական բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, ինչպես նկատել են շոշափված թեմաների բովանդակության մասին այդ երկու երկրների արտգործնախարարությունների հաղորդագրություններում եղած էական տարբերությունները: Բաքուն պնդում էր, թե նախագահները հիմնականում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին, իսկ Մոսկվան՝ թե առհասարակ «տարածաշրջանային հակամարտությունների» կարգավորման կարևորության հարցն է շոշափվել: Պուտին-Ալիև հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո շատ լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ, որոնց իմաստը հետևյալն էր. «Ալիևը խնդիր է դարձել Ռուսաստանի համար», Պուտինը «նախազգուշացրել է Ալիևին»: Տարօրինակ է, բայց տարածաշրջանում Ադրբեջանի գործողություններից Իրանի դժգոհության մասին (ավելի մեղմ շեշտադրումներով) հանդիպումից առաջ հիշատակել էին նաև իրանական լրատվամիջոցները: Իսկ Սոչիի հանդիպումից հետո երևան եկան նաև հրապարակումներ, որոնք պնդում են, թե «Ալիևը խնդիր է դարձել նաև Էրդողանի համար»:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ