Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մատյանի» իրավաբանական ընթերցումը` ըստ Աղվան Հովսեփյանի

«Մատյանի» իրավաբանական ընթերցումը` ըստ Աղվան Հովսեփյանի
17.10.2017 | 06:43

Հրապարակ է իջել «Մատյան ողբերգության Աղոթարանի իրավաբանական ընթերցումը» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) գիրքը։ Հեղինակը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է։ Եռալեզու գրքի բովանդակությունը երեք չափման մեջ է` «Նարեկի իրավաբանական ընթերցումը», «Ապաշխարության դատաստան», «Հատուցման դատաստան»։


Դրվատենք այն` դրվագելով ըստ գլուխների։
Նախաբանը երկու ամփոփ գլուխ ունի։ Առաջինում («Ի խորոց սրտի խոսք Նարեկացու հետ») հեղինակը դիմում է սրբազնագետ հանճարին, սեփական սրտի խորոց խոսքն ավարտելով այս պարբերությամբ. «Քո «Մատյանը» հայի հոգևոր սահմանադրությունն է և ներառում է բոլոր ժամանակների քաղաքակրթության արժեքները»։ «Ապաշխարության դատաստան» գլխում հեղինակը գրում է. «Բնութագրելով Աստծուն` Գրիգոր Նարեկացին օգտագործում է ինչպես հաստատական, այնպես էլ բացասական որոշարկումներ։ Աստված մի կողմից անքնին է, անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի, անճառելի, անորոշելի, անսկիզբ, անժամանակ, անեղ, անվերջ, անսահման, անպատճառ և այլն, մյուս կողմից` բարի, գթած, ողորմած, արդար արեգակ, օրհնյալ ճառագայթ, լուսեղեն պատկեր, անձկալի փափագ, բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկրավոր, փառաց թագավոր, խոստովանյալ կյանք և այլն։ Աստծո այս տարբեր որոշարկումների մեջ ակնհայտ հակասություն կա։ Եթե Աստված, ասենք, անիմանալի, անըմբռնելի և անճառելի է, ինչպե՞ս կարելի է ասել, որ նա բարի է, արդար դատավոր, ողորմած, գթած և այլն։ Այդ հակասությունը թվացյալ է, որի մեջ խորամուխ լինելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Աստծո ներգործությունների և աստվածաճանաչողության խնդիրներին։
Իր էությունից դուրս Աստված հայտնվում է ներգործությունների միջոցով, որոնք նրա բնութենական զորությունների արտահայտությունն են։ Աստծո բնութենական զորություններն անբաժանելի են Նրա բնությունից, և այդ զորությունների միջոցով է, որ Աստված գործում է, դրսևորում է Իրեն»։


«Հատուցման դատաստան» գլուխը սկսվում է հետևյալ շարադրանքով. «Հատուցման դատաստանն էականորեն տարբերվում է ապաշխարության դատաստանից։ Թողության դատաստանը տեղի է ունենում մարդու երկրային կյանքի ընթացքում, մինչդեռ հատուցման դատաստանը` մարդու մահից, համընդհանուր հարությունից և մարմինների վերափոխումից հետո։
Ապաշխարության դատաստանը նախաձեռնվում է լիովին զղջացող մեղավորների կողմից, մինչդեռ հատուցման դատաստանը տեղի է ունենում Աստծո նախաձեռնությամբ, անկախ կոնկրետ մարդկանցից, ավելի ճիշտ` հակառակ նրանց կամքի։ Այդ տեսակետից` հատուցման դատաստանը ժամանակակից իրավաբանական պատկերացումներով հավատաքննական (ինկվիզիցիոն) դատավարության տիպ է»։

Մեր հեղհեղուկ և խառնակ օրերում, երբ միջնադարյան պայծառամիտ տեսանողի հայրենիքը ենթարկվում է տարաբնույթ հավատաքննական ալեկոծումների, այս գրքի նշանակությունն առավել այժմեական է։


Եվ պետք է հուսալ, որ Աղվան Հովսեփյանի այս աննախադեպ գործը կվերահրատարակվի և կդառնա հայ ընթերցասեր հանրության սեղանի գիրքը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ