Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վերածնվում է Խոսրովի անտառը»

«Վերածնվում է Խոսրովի անտառը»
01.12.2017 | 10:32

Զրուցակիցս ՀՆՄ անդամ, այս նախաձեռնության հեղինակ, գեղանկարիչ ՍԵՎԱԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:

-Պարոն Սարգսյան, ստեղծագործական արշավները դեպի Խոսրովի անտառ-արգելոց պարբերական բնույթ են կրում, ինչն աննախադեպ երևույթ է, և արժե այն ներկայացնել «Իրատեսի» ընթերցողներին:
-Այո, սա աննախադեպ ծրագիր է, հավանաբար, նաև աշխարհում: Եթե յուրաքանչյուր ստեղծագործող իր ժամանակի իրողությունների կրողն է, ապա նա անդրադառնում է նշանակալից այն խնդիրներին, որոնք ծառացել են մարդկության առջև: Արդյունաբերության զարգացմանը զուգընթաց հրապարակ իջավ արդյունաբերական գեղանկարչությունը: 21-րդ դարում աշխարհի և մարդկության առջև բնապահպանական խնդիրներ են ծառացել, և մեզ չէր կարող չհետաքրքրել, թե նկարիչն ինչպես է ընկալում բնապահպանական խնդիրները, ինչպես է դրանք վերարտադրում իր կտավներում: Եվ այս տարվա հուլիսին կազմակերպվեց «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» ցուցահանդեսը՝ ՀՀ բնապահպանության և մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
-Գլխավոր խնդիրը ո՞րն է:
-Ստեղծագործողը կարող է անմիջական ազդեցություն ունենալ մարդու և հասարակության բնապահպանական գիտակցության ձևավորման վրա, ինչից ելնելով՝ հուշագիր ստորագրվեց Հայաստանի նկարիչների միության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև, հաստատվեց հայեցակարգը, որը մշակել էի ինքս: Հայեցակարգից բխող ծրագրեր ի հայտ եկան, և մեկնարկեց «Խոսրովի անտառ» ծրագիրը: Նկարիչները դիտում, ուսումնասիրում են թե՛ այրված, թե՛ պահպանված տարածքները և պատկերում են այդ ամենն իրենց կտավներում: Սա շարունակական գործընթաց է: Հինգ այց է եղել մինչ այժմ, և քանի դեռ եղանակը թույլ է տալիս, այցերը շարունակվելու են: Ամենայն հավանականությամբ, տարեվերջին Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպվի «Վերածնվում է Խոսրովի անտառը» խորագրով ամփոփիչ ցուցահանդես:
-Հայեցակարգն ի՞նչ է ներառում:
-Երեք բաղադրիչ՝ ստեղծագործական, կրթական և տեղեկատվական: Ստեղծագործականը նկարիչների միության մենաշնորհն է, կրթականը վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և բուհերին, իսկ տեղեկատվական բաղադրիչը ենթադրում է, որ մենք պետք է ստեղծենք առանձին տեղեկատվական մարմին, որը պատկերագրքի տեսքով կներկայացնի այս յուրօրինակ նախաձեռնությունը:
-Ես զրուցել եմ Խոսրովի անտառ-արգելոց այցելած մեր նկարիչների հետ, նրանք բավականին տպավորված են, չնայած ժամանակակից կերպարվեստագետին այնքան էլ հեշտ չէ զարմացնել: Այս ծրագրի մեկնարկի մասին պատմեք:
-Սա, ըստ էության, շարժում է: Երբ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետ այն ներկայացրինք բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, նա անմիջապես ասաց, որ անհրաժեշտ է այս շարժմանը պետական քաղաքականության կարգավիճակ տալ: Եվ տրվեց: Եկող տարի բազում այցեր և ցուցահանդեսներ կլինեն, կանդրադառնանք հանրապետությունում առկա բոլոր բնապահպանական խնդիրներին, ի մասնավորի՝ Գետառի աղտոտվածությանը, Հրազդանի կիրճին, «Նաիրիտին», Սևանա լճին և այլն:

Հ. Գ. Նոյեմբերի 14-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում կայացավ «Ահազանգ և վերածնունդ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Խոսրովի անտառ-արգելոցում կազմակերպված «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» բազմափուլ միջոցառմանը մասնակցած շուրջ 70 կտավներ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ