Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»

«Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը»
29.01.2019 | 04:31

Աշխատող արհմիության անդամների աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը եղել և մնում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, իսկ աշխատանքի պետական տեսչությանը «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքով վերապահված էր աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև սահմանվում էին ՀՀ աշխատանքի պետական տեսչության, աշխատանքի պետական տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:

2013-ին կառավարության որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով վերակազմակերպվեցին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, որին վերապահվեց աշխատողների առողջության և անվտանգության վերահսկողության գործառույթը, իսկ հսկողության գործառույթը նախատեսվեց միայն առավել ռիսկային ոլորտներում ու տնտեսավարող սուբյեկտներում: Մինչդեռ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կոնվենցիայով նախատեսված է բոլոր տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառել և՛ հսկողության, և՛ վերահսկողության գործառույթներ:
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարությունն այս որոշումն ընդունել է «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ տեսչության մասին օրենքը դեռ գործում էր:


Ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը կոչվում է «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին»:
Աշխատողների իրավունքների պաշտպանությունը նորաստեղծ տեսչական մարմնի տեսադաշտում հայտնվում է միայն այն դեպքում, երբ աշխատողների առողջությանը վտանգ է սպառնում: Մինչդեռ աշխատանքի վարձատրությունը, աշխատանքային ռեժիմը, ընդհուպ աշխատաժամանակի տևողությունը, արտաժամյա աշխատանքը և այլն տեսչության կողմից չեն իրականացվում: Բայց եթե մարդն աշխատում է առանց հանգստյան օրերի, չունի սնվելու հնարավորություն կամ նրան հատկացվում է հինգրոպեանոց ընդմիջում, իսկ երբեմն էլ աշխատավարձը ժամանակին կամ ամբողջությամբ չի վճարվում, մի՞թե սրանք բացասաբար չեն անդրադառնում աշխատողի առողջության վրա:
Թեև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հետևողական է աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ աշխատողներից ստացված դիմում-բողոքների նկատմամբ, որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, այնուհանդերձ նախկին լիազորությունների սահմանափակման պատճառով տեսչության գործառույթները կիրառվում են ոչ լրիվ ծավալով: Արդյունքում աշխատող-գործատու հարաբերություններում շարունակում են արձանագրվել աշխատանքային իրավունքների խախտման և աշխատողների շահագործման դեպքեր:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան առաջիններից էր, որ բարձրաձայնեց աշխատանքի պետական տեսչության գործառույթների ամբողջական վերականգնման անհրաժեշտության մասին:


-Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան նախապատրաստել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացրել «Տեսչական մարմինների մասին» օրենքի վերաբերյալ իր դիրքորոշումը, որում հանգամանալից նշված են օրենքի այն դրույթները, որոնք չեն համապատասխանում ԱՄԿ-ի 81-րդ կոնվենցիային, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին: Տեսեք, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքով տեսչական մարմնին վերապահված է միայն վերահսկողության գործառույթը, իսկ հսկողական գործառույթը նախատեսված է միայն 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առավել ռիսկային ոլորտներում և տնտեսավարող սուբյեկտներում: Մինչդեռ ԱՄԿ-ի 81-րդ կոնվենցիայի 10-րդ, 12-րդ, 17-րդ, 21-րդ հոդվածներով և՛ հսկողության, և՛՝ վերահսկողության գործառույթները նախատեսված են տնտեսավարող բոլոր սուբյեկտների նկատմամբ: Ըստ կոնվենցիայի, տեսչության գործառույթներից է նաև գործարարների ուսուցումը: Ի դեպ, աշխատանքի պետական տեսչության գործառույթների վերականգնման խնդրին օրերս անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հուսանք, որ խնդիրն ի վերջո լուծում կստանա,- «Իրատես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:


ՀԱՄԿ-ի նախագահը կարևորեց աշխատանքի պետական տեսչության գործունեությունը, հավելեց նաև, որ Հայաստանի կառավարությունը 2004 թվականին վավերացրել է տեսչության մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության 81-րդ կոնվենցիան, որում հստակ նշված են տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Թեև Հայաստանը ստանձնել է աշխատանքի պետական տեսչության վերաբերյալ կոնվենցիայի պահանջները, այնուհանդերձ դրանք շարունակում են անտեսվել:
-Իհարկե, ՀԱՄԿ-ը, մտահոգված լինելով աշխատանքային հարաբերություններում աշխատողների շահերի պաշտպանությամբ, բազմիցս դիմել է կառավարությանն ու այլ ատյանների, բարձրաձայնել աշխատանքի պետական տեսչության կարևորության մասին: Երկրի տնտեսական աճն ապահովում է ոչ միայն գործատուն, այլև աշխատողը: Վերջինս պետք է վստահ լինի, որ աշխատանքային հարաբերություններում կբացառվեն անօրինականությունները, որ իր աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն: Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել աշխատանքի ավելի բարձր արտադրողականություն և որակ,- նշեց պարոն Թումասյանը:


Էդուարդ Թումասյանի փոխանցմամբ, ՀԱՄԿ-ը կառավարությանն առաջարկել է ստեղծել պետական հսկողության և վերահսկողության լիազորություններով օժտված մեկ միասնական աշխատանքի տեսչական մարմին, որոնք մինչ 2013 թ. ունեցել է աշխատանքի պետական տեսչությունը:
Ընթերցողին հարկ է հիշեցնել, որ ԱՄԿ-ի 81-րդ կոնվենցիան ԱՄԿ-ի կողմից դասվում է առաջնահերթ կոնվենցիաների շարքին, ուստի ՀՀ-ն պարտավորվել է հաշվի առնել 2017 թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 274-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ «Կողմերը վերահաստատում են իրենց օրենքներում և գործելակերպում անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխանաբար վավերացված ՝ ԱՄԿ-ի հիմնարար, առաջնահերթային և մյուս կոնվենցիաները և այդ կոնվենցիաների արձանագրություններն արդյունավետորեն կիրարկելու հանձնառությունը»:


Հ.Գ. Օրերս «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աշխատանքային իրավունքների բնագավառում վերահսկողություն իրականացնող աշխատանքի պետական տեսչության լիազորությունների վերստեղծման առաջարկով:

Զրույցը` Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ