Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել

Սրբոց Վարդանանց տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել
11.02.2021 | 15:59

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սրբոց Վարդանանց տոնի առիթով.


«Սիրելի զավակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց: Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին և Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք Դ 12):


Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում:


Հայցում ենք առ Փրկիչ մեր Տերը, որ բարեխոսությամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր հույսով ու հավատքով և պարգևի մեր սրտերին հայրենաշեն ու ազգաշեն ձեռքբերումների ու հաղթանակների ուրախություններ»:

Դիտվել է՝ 8255

Մեկնաբանություններ