Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Եվրատեսիլ-2025. երբ հումորը հատում է դիվանագիտության սահմանը

Եվրատեսիլ-2025. երբ հումորը հատում է դիվանագիտության սահմանը
19.05.2025 | 11:38

Եվրատեսիլը վաղուց դադարել է լինել զուտ երաժշտական մրցույթ։ Այն վերածվել է մեծածավալ մշակութային-քաղաքական մի երևույթի, որտեղ երգը միայն մեկնարկ է՝ իսկական պատմության սկիզբը։ Եվ այս տարվա՝ 2025 թվականի մրցույթը դարձյալ ապացուցեց այդ իրողությունը՝ ի ցույց դնելով, թե որքան աննշան է սահմանը ստեղծագործական սատիրայի և քաղաքական զգայունության միջև։

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Survivor» խորագրված հուզիչ ու բեմականորեն վարպետությամբ ներկայացված կատարումով, իրոք ուշադրություն գրավեց` թե՛ երաժշտությամբ, թե՛ հուզական բովանդակությամբ։ Սակայն նրա ելույթից հետո, Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում, Իսրայելի հանրային հեռարձակող «Kan 11»-ի մեկնաբանի արտահայտությունն առաջացրեց լայն քննարկումներ։ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»՝ հնչեց տաղավարից անմիջապես Պարգի ելույթից հետո։

Հնչած արտահայտությունը՝ թեև ձևակերպված հումորային ոճով, ընկալվեց որպես անտեղի և անշրջահայաց մեկնաբանություն՝ իր մեջ պարունակելով թե՛ տարածքային, թե՛ ազգային զգայուն շերտեր։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում պահանջեց իսրայելական կողմից, ինչին ի պատասխան՝ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը ներկայացրեց հրապարակային ներողություն՝ շեշտելով, որ մեկնաբանությունը երբեք չի ուղղվել երկրի կամ ժողովրդի դեմ։

Հասկանալի է`սատիրան և հումորը մշտապես եղել են Եվրատեսիլի ուղեկիցները։ Այս փառ'ատոնը շատ լուրջ պետք չէ ընդունել: Շատ երկրներ հենց այդ լեզվով մոտենում են՝ դարձնելով դիտումը զվարճալի և անմիջական։ Սակայն, երբ հումորը առնչվում է պատմականորեն բարդ և քաղաքականապես սուր թեմաների, այն կարող է դառնալ վիրավորական։

Երուսաղեմի անվան հիշատակումն այս դեպքում դուրս եկավ կոլորիտային սատիրայի շրջանակից՝ փոխանցելով ենթատեքստ, որը հայ լսարանի կողմից ընկալվեց որպես վիրավորական կամ, առնվազն, անհամատեղելի բեմի համընդհանուր արժեհամակարգի հետ։

Պարգի «Survivor» երգը պատմություն է դիմակայության, ինքնության և վերապրելու ուժի մասին։ Նրա բեմականությունը՝ մինիմալիստական, բայց ազդեցիկ, փոխանցում է այն ներքին պայքարը, որը գերազանցում է մրցույթի սահմանները։ Այդ իսկ պատճառով էլ մեկնաբանի այդ արտահայտությունը տեղին ու համապատասխան չէր, ավելին` անարդար էր։

Պարգը հանդիսանում է նոր սերնդի արվեստագետ, որի ներկայությունը միջազգային բեմում նոր մշակութային երևույթ է, անձնական ուժի վերափոխում՝ երաժշտության լեզվով։

Այս միջադեպը վերհանեց մեկ կարևոր փաստ՝ Եվրատեսիլը վաղուց դարձել է ոչ միայն երգի, այլև լեզվի, պատմության, ինքնության ներկայացման հարթակ։ Այն պահանջում է հաղորդակցման առավել զգայուն ու պատասխանատու մոտեցում, որովհետև այնտեղ հնչող ամեն մի արտահայտություն կարող է ընդլայնվել՝ դառնալով հանրային ընկալման և պետական հարաբերությունների մի մասնիկ։

Այնուհանդերձ իսրայելական կողմի արագ արձագանքը, ներողությունը և հետագա պարզաբանումները կարելի է դիտարկել որպես օրինակելի քայլ՝ մշակութային երկխոսությունը վերականգնելու ճանապարհին։

Ասենք մի բան. Եվրատեսիլն ապրում է ոչ միայն երաժշտությամբ, այլ նաև պատմություններով։ Իսկ պատմությունները հաճախ ավելի բարձր են հնչում, քան բեմից հնչած նոտաները։

Հայ ԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ