(Երբ բոլոր դռները փակվում են, Աստված մի նոր դուռ է բացում)
Այս քայլի մեկնաբանությունների ու դեպքերի հետագա զարգացումների տարբերակների թիվը առնվազն երկու տասնյակից պակաս չէ, բայց տեղաշարժեր կլինեն։
Դեռ շատ վաղ է խոսել քաղաքական դաշտի որակական փոփոխությունների մասին։ Սակայն ընդդիմության դաշտում անկասկած կլինեն ինչպես քանակական, այնպես էլ որակական տեղաշարժեր։
Ընդ որում, արտակարգ կարևոր է, որ քանակական ու որակական փոփոխությունների ընդհանուր տրամաբանությունը չհակասի հասարակության այդ երկու խիստ փոխկապակցված բնութագրերի ներդաշնակության մակարդակը բարձրացնող որևէ հայտնի օրինաչափության դրույթներին։
Այս համառոտ ձևակերպմանս յուրաքանչյուր բառի հետևում շատ լուրջ ու ազդեցիկ գործոններ եմ տեսնում, որոնց քննարկումը սակայն, ներկա ու հավանաբար ուժգնացող աղմուկի պայմաններում համարում եմ խիստ աննպատակահարմար։
Միայն ասեմ, որ մնում եմ համոզված, որ 2018 թվականի իրադարձությունները սկսվեցին նախահեղափոխական իրավիճակում։
Այդ իմաստով Հայաստանում իրավիճակը նորից նախահեղափոխական է արդեն շատ վաղուց, ու այն լուծումներ է պահանջում նույնպես շատ վաղուց։
Պետք է հուսալ, որ մենք կանգնած ենք իշխանություն - ընդդիմություն նոր կոնֆիգուրացիայի ձևավորման շեմին, որը հնարավոր կդարձնի արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առավել ընդունակ պետական - հասարակական կառույցի ձևավորումը` երկրի ներքին ռեսուրսների համախմբման ճանապարհով։
Ովքեր որ այս ակնթարթը համարում են մեկնարկային` պետք է առավելագույն ջանքեր ներդնեն անցումային ճիշտ քայլեր նախաձեռնելու ու իրականացնելու գործում։
Հակառակ դեպքում մենք նորից կներքաշվենք արդեն ծանոթ իրավիճակի մեջ, երբ հնչող միակ հարցը կրկին կդառնա, թե մեզ հետ կատարվածը հեղափոխություն էր, թե՞ դարձյալ դավադիր իշխանափոխություն։
Թող Քոչարյանի այսօրվա հարցազրույցը, որը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխանեց եղածներին, դառնա վերջին ելույթը, որտեղ հիմնական շեշտը դրվում է անհատների ու նրանց փոխհարաբերությունների վրա։
Ու թող այսուհետ գործուն ու սրտացավ մարդիկ ու նրանց խմբերը համախմբվեն ոչ միայն կարծեցյալ «անցողիկ թեկնածուների» շուրջ, այլ այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի հաղթանակը նոր էջ բացի ազգային ռեսուրսի էլ ավելի արդյունավետ գործադրման գործում։
Ինձ հարցեր մի տվեք, մի փորձեք ինձ համոզել, որ դա հնարավոր չէ։
Ավելի լավ է խորը մտածեք ու գտեք ձեր այն դիրքը, որում ավելի օգտակար կարող եք լինել իմ նկարագրած ֆանտաստիկ սցենարում, եթե այն թեկուզ մեկ տոկոսով հնարավոր եք համարում։
Շատ պարզ պատճառով` առանձին - առանձին ոչ մեկդ այլընտրանք չունեք։
Եթե տանջվում եք այն մտքից, թե ում օգտին էր իմ այս գրառումը` շարունակեք տանջվել։ Միայն խոստովանեմ, որ փորձել եմ մտքերս շարադրել ետին պլան մղելով անձերի նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքս։
Այն հարցերի պատասխանները, որոնք չեն տալիս մարդիկ` տալիս է ժամանակը։
Բայց հիշենք, որ վերջին հաշվով ավելի կարևոր են լավ արդյունքով ճիշտ գործընթացները։ Իսկ հարցերի ճիշտ պատասխանների կարևորությունը սահմանափակվում է գործընթացները արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծանուցում.
Նախահեղափոխակն իրավիճակը բնութագրվում է նրանով, որ վերևներն այլևս չեն կարող, իսկ ներքևներն այլևս չեն ուզում։