Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵՐԵՔ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է «ԼՈԿՈՄՈՏԻՎԻ» ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է «ԼՈԿՈՄՈՏԻՎԻ» ԴԵՐ ԽԱՂԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
14.06.2011 | 00:00

Երկրի տնտեսության զարգացումը պայմանավորված է ինչպես առանձին ճյուղերի մրցակցային առավելությունների բացահայտմամբ և տեղական ու արտաքին շուկաներում դրանց արդյունավետ իրացմամբ, այնպես էլ ճյուղային և տարածքային զարգացման սկզբունքների համադրմամբ: Մասնավորապես, նպատակահարմար է բացահայտել հանրապետության յուրաքանչյուր մարզի, անգամ բնակավայրի տնտեսության առավել մրցունակ ճյուղերը և դրանց հիման վրա մշակել համայնքների զարգացման հեռանկարային ծրագրեր: Նման մոտեցումը կարող է նպաստել նաև համայնքների զարգացման անհամաչափությունների հաղթահարմանը, դրանով իսկ բարձրացնելով Հայաստանի տնտեսության մրցունակության մակարդակը:
Մենք մշակել և ՀՀ կառավարության ուշադրությանն ենք ներկայացնում Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տնտեսության զարգացման հայեցակարգային մոտեցումները, որոնց իրականացումը պահանջում է ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ կառավարման հանրապետական կառույցների համադրված գործողություններ և համապատասխան նպատակային տնտեսական քաղաքականություն:
ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երկրում գործող բազմաթիվ գիտական հաստատություններն իրարից էապես տարբերվում են ոչ միայն իրենց գիտական հետազոտությունների բնագավառներով, այլև հասարակության շրջանում իրենց նկատմամբ առաջացնող հետաքրքրությամբ, ազգային կրթական և ճանաչողական մակարդակի վրա իրենց ունեցած ազդեցությամբ: Այդ իսկ պատճառով որոշ գիտական հաստատություններ, անկախ իրենց գերատեսչական պատկանելությունից, պետք է դասել ազգային արժեքների շարքին, և կառավարության որոշմամբ դրանց տրամադրել ազգային գիտակրթական կենտրոնի կարգավիճակ:
Ազգային գիտակրթական կենտրոնի կարգավիճակի կարող է հավակնել գիտա-հետազոտական այն հաստատությունը, որը հետազոտությունների իր բնագավառում
ա) հասել է միջազգային ճանաչման, հիմնական գործունեության շրջանակներում իրականացնում է նաև միջազգային համագործակցություն,
բ) հիմնական գիտական հաստատություն է և որպես այդպիսին արժանացել է համազգային ճանաչման,
գ) հանրապետությունում բարձրորակ մասնագետների պատրաստման հիմնական հաստատություն է, մասնակցում է մասնագետների պատրաստմանն ու վերաորակավորմանը նաև միջազգային մակարդակով,
դ) զգալի լուսավորչական աշխատանք է կատարում, ինչն ընդգրկում է ինչպես մեծ թվով այցելուների ընդունումն ու հանրամատչելի դասախոսությունների կազմակերպումը, այնպես էլ ԶԼՄ-ներով գիտահանրամատչելի հոդվածների տարածումը,
ե) տարվա ընթացքում առնվազն մեկ օր հայտարարում է բաց դռների օր, երբ գիտության տվյալ բնագավառով հետաքրքրվողները կարող են հանդիպել առանց բացառության ինստիտուտի ցանկացած աշխատակցի և քննարկել իրենց հետաքրքրող հարցերը,
զ) մասնակցում է ազգային գիտական ռազմավարության մշակմանը,
է) ունի միջազգայնորեն ճանաչված գիտական սարքավորումներ, որոնք եզակի են առնվազն տարածաշրջանային չափանիշներով,
ը) ունի ազգային ճարտարապետության ավանդույթներով իրականացված և ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների համալիր:
Ազգային գիտակրթական կենտրոնն իր տարածքով, շինություններով, գործառույթներն իրականացնելու համար ստեղծված ենթակառուցվածքներով պետության կողմից պահպանվում է որպես ազգային արժեք:
Ազգային գիտակրթական կենտրոնին հատկացված տարածքները, շենքերն ու շինություններն օգտագործվում են բացառապես նրա գործառույթներով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելվող և կենտրոնին ֆինանսական կամ այլ օժանդակություն բերող այլ գործունեության իրականացման նպատակներով։
Ազգային գիտակրթական կենտրոնին հատկացված տարածքները, շենքերն ու շինությունները ենթակա չեն օտարման կամ սեփականաշնորհման:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բյուրականը մրցունակ գյուղատնտեսական կենտրոնի վերածելու ծրագիրը պայմանավորված է նրա յուրահատուկ բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական դիրքով և տնտեսությունում ձևավորված այն կառուցվածքով, ինչը, անկախ տնտեսավարման տարբեր եղանակներից ու ժամանակաշրջաններից (մինչխորհրդային, խորհրդային, հետխորհրդային), ավանդաբար աչքի է ընկել գյուղատնտեսական արտադրության բարձր արդյունավետությամբ: Ներտնտեսական և համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի ներկա փուլում պետության աջակցությունը կարող է կանխել ինչպես աշխատանքային, այնպես էլ գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների փոշիացումը և նպաստել դրանց մրցունակության բավարար մակարդակի ձեռքբերմանը:
Գյուղատնտեսական կենտրոնի ձևավորումը հիմնականում պայմանավորված է հետևյալ կարևորագույն գործոնների առկայությամբ.
t Բյուրականի տնտեսությունը թույլ է տալիս զարգացնել ոչ միայն գյուղմթերքների անհատական, միմյանցից մասնատված արտադրություններ, այլև խոշորամասշտաբ ծրագրեր, որոնցում գյուղատնտեսական մեխանիզացիայի և նոր տեխնիկայի կիրառումն առավել նպատակահարմար է: Նման պայմաններում գյուղմթերքների արտադրության ձևավորվող ինքնարժեքը և գինը նույնպես ցածր են, ինչը բարձր որակի հետ մրցունակության կարևորագույն պայմաններից է:
tԱյս տարածքում հնարավոր է դառնում նաև փոքր ավիացիայի մասնակցությունը մշակովի գյուղատնտեսական տարածքներում թունաքիմիկատների, պարարտանյութերի տարածման, հակակարկտային միջոցառումների և այլ նպատակների համար:
tԲյուրականում հանդիպում են հանրապետությունում առկա գրեթե բոլոր կլիմայական գոտիները` հարթավայրերից մինչև ալպյան մարգագետիններ և Հայաստանի ամենաբարձր գագաթը` Արագածը:
tԲյուրականում աճեցվում են նուռ, հոն, թուզ, խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, տանձ և հայկական մրգերի գրեթե ողջ տեսականին: Հավաքում են նաև ուրց, դաղձ, մասուր, այլ վայրի պտուղներ և դեղաբույսեր, որոնք ունեն մեծ պահանջարկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
tԱռկա են բոլոր պայմանները անասնապահության տարբեր ճյուղերի զարգացման համար. բուծում են ցեղական կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր, հավեր և այլ կենդանիներ:
tՀաշվի առնելով Արագածի լանջերին տարվա բոլոր ամիսներին առկա քաղցրահամ ջրի առկայությունը, տնտեսագիտական հաշվարկների համաձայն, եկամտաբեր ճյուղերից կարող է լինել նաև ձկնաբուծությունը:
Այս ամենով հանդերձ, կարևոր է ցուցաբերել համակարգված մոտեցում հիշյալ և ածանցյալ ճյուղերի զարգացման համար: Մասնավորապես, նպատակահարմար է մրգերի և բանջարեղենի պահպանման համար սառնարանային տնտեսության կազմակերպումը, ինչպես նաև գյուղմթերքների վերամշակման տեղական արտադրությունների հիմնումը, ինչը ևս լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի և հնարավորություն կտա պատրաստի արտադրանք ստանալու ինչպես տեղական սպառման, այնպես էլ արտահանման համար:
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության զբոսաշրջության կենտրոններից մեկը կարող է դառնալ Բյուրականը միանգամից մի քանի փաստարկների առկայության շնորհիվ:
1. Բյուրականում կառուցվել և գործում են մի շարք հանգստյան տներ, որոնք վկայում են առողջության պահպանման և վերականգնման համար նախալեռնային գոտու, հարուստ անտառների և գետակների, ինչպես նաև տեղանքի այլ յուրահատուկ կողմերի խիստ բարերար ազդեցության մասին:
2. Վերջին տարիներին նկատվում է ներգնա զբոսաշրջության որոշակի աճ: Ամռան ամիսներին Երևանի և այլ քաղաքների բնակիչները Բյուրական գյուղում տներ են վարձում իրենց հանգստի կազմակերպման համար:
3. Բյուրականի գրավչությունն արտահայտվում է նաև նրանում, որ այստեղ գերադասում են իրենց առանձնատներում հանգստանալ թե՛ գիտնականներն ու արվեստագետները, թե՛ մարզիկներն ու մարզիչները, թե՛ հոգևոր դասի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բազմաթիվ անվանի ներկայացուցիչներ:
4. Բյուրականում իրենց հանգիստն են կազմակերպելու գալիս նաև միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված բազմաթիվ դեսպանատների աշխատողներ:
5. Ճանաչողական, ուսուցողական նպատակներով մեկօրյա այցելության են մեկնում նաև դպրոցներից և բարձրագույն ուսումնական հաստատություններից:
6. Հաշվի առնելով աշխարհում մեծ հռչակ վայելող Բյուրականի աստղադիտարանի գոյությունը, քիչ չեն նաև խմբերը, որոնք ժամանում են աստղերի դիտումների նպատակով: Սա ևս զբոսաշրջության մեջ առանձնահատուկ ուղղություն է:
7. Վերը նշված փաստը կարող է նպաստել նաև ոչ միայն մեկօրյա այցելություններին, այլև ավելի երկարաժամկետ ծրագրերով կրթական և գիտական զբոսաշրջության զարգացմանը:
8. Այստեղ հնարավոր է նաև զարգացնել աշխարհում մեծ մասսայականություն վայելող ագրոտուրիզմը` հաշվի առնելով Հայաստանի և Բյուրականի առանձնահատկությունները:
Այս ամենը վկայում է, որ կան բնականորեն ձևավորված նախադրյալներ` Բյուրականում զբոսաշրջության զարգացման համար: Պետական աջակցությունն անհրաժեշտ կլինի ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների ձևավորման, դրանց պահպանման և զարգացման համար: Միաժամանակ, կարևոր է Բյուրականն ավելի ակտիվորեն ներգրավել տեղական և միջազգային զբոսաշրջային ծրագրերի և երթուղիների մեջ, պաշտոնապես ներգրավել զբոսաշրջության միջազգային կազմակերպությանը` մասնակցելու համապատասխան ծրագրերի մշակմանը` հիշյալ կառույցից ակնկալելով նաև տեխնիկական և մասնագիտական աջակցություն:
Վերը նշված ոլորտներով, բնականաբար, չեն կարող սահմանափակվել Բյուրականի տնտեսության զարգացման առաջնահերթությունները: Գոյություն ունեն փոքր և միկրո բիզնեսի զարգացման բազմաթիվ հնարավորություններ և ռեսուրսներ: Այսուհանդերձ, առաջարկվող երեք ճյուղերի համակարգված զարգացումը կարող է «լոկոմոտիվի» դեր խաղալ համայնքի նպատակային զարգացման համար և հիմք ծառայել հարակից ոլորտներում գործարարության աշխուժացման համար: Վերջապես, առաջարկվող մոտեցումները կարող են ծառայել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելների ձևավորման և դրանց իրագործման համար:
Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ