Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց փաստաբան Հայկ Ալումյանի՝ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
«Որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը՝ անհապաղ ազատ արձակելով կալանքից դատական նիստերի դահլիճում»,- հայտարարեց Բեկթաշյանը: Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Նախորդ նիստերի ժամանակ ազատ էին արձակվել այս գործով անցնող Գառնիկ Մարգարյանը, Էդուարդ Ներսիսյանը և Խաչիկ Ավետիսյանը: Նրանց խափանման միջոց կալանքը ևս փոխվել էր:
Դատարանի դահլիճից դուրս գալիս պատասխանելով «Ազատության» հարցերին՝ պաշտպանության նախկին փոխնախարարն իր ազատումը պայամանավորեց նախկին իշխանությունների հեռացումով․ «Հայաստանում չարիքի իշխանության վերացումով: Ես բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանում չարիքի իշխանության դադարեցումը: Իմ ազատվելը, այստեղից դուրս գալը պայմանավորված է միայն դրանով»: Վահան Շիրխանյանը ներկա իշխանությունների գործողությունները որակեց՝ «գերազանց»՝ մաղթելով, որ շարունակեն նույն կերպ:
Անդրադառանալով ԱԱԾ-ի վերջին օրերին աղմկահարույց բացահայտումներին, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքին՝ Շիրխանյանն ասաց, թե գեներալը չի դիմացել ոչ փողի, ոչ աթոռի փորձությանը. «Մարդու համար ամենածանր փորձությունը աթոռն է և փողը: Մանվելը չի դիմացել ոչ աթոռի փորձությանը, ոչ էլ փողի փորձությանը: Եվ ընկել ա ամենաստոր վիճակի մեջ»:
«Ազատության» հիշեցմանը, որ վերջերս աղմկահարույց բացահայտումներ եղան նաև ՊՆ-ում, և հարցին, թե դա պայմանավորված չէ նախկին նախարարների վատ աշխատանքով, Շիրխանյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունը դարձրել էր շուրջօրյա խանութ, դուքան, վաճառք օր ու գիշեր: Եվ բնական է, որ դա պետք է վերևից իջներ զորամասեր: Հիմա դա բացահայտվել է, և լավ է, որ բացահայտվել է: Բայց վատ է, որ փառապանծ բանակի հասցեին, պատվին է կպնում դա: Ես շատ եմ ցավում դրա համար»: