Ադրբեջանը կիրակի օրն աննախադեպ ինտենսիվությամբ գնդակոծել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին, քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Վերջին պաշտոնական թվերով՝ խաղաղ բնակչությունից 4 զոհ, 10 վիրավոր կա: Ստեփանակերտին հարվածներ սկսեցին հասցվել երեկ վաղ առավոտից՝ 7:30-ից սկսած, լսվեց առաջին օդային տագնապը, որից հետո ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանը ինքնաթիռից, «Սմերչ» ու «Պոլոնեզ» համակարգերից հարվածներ հասցրեց Արցախի մայրաքաղաքին: Զինատեսակների հետ կապված հաստատում եղել է նաև պաշտոնական աղբյուրներից: Ավերվել են շենքեր, տներ, քաղաքում տեսանելի են պայթյունի հետևանքով առաջացած խոշոր և խոր փոսեր: Ստեփանակերտի տարբեր հատվածներում երեկ նկատելի էր երկինք բարձրացող սև թանձր ծուխ:
Ռազմավարական նշանակության օբյեկտների հնարավոր խոցման մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: «Ազատության» տեսախցիկը ֆիքսել է «Սմերչ» կասետային հրթիռի հարվածի հետքերը: Կասետային զինատեսակները միջազգայնորեն արգելված են, բայց Ադրբեջանը կիրառում է խաղաղ բնակչության նկատմամբ: Ստեփանակերտի և Շուշիի նկատմամբ երեկվա աննախադեպ հարվածներից հետո որոշում է կայացվել մամուլի կենտրոնը տեղափոխել այլ՝ առավել ապահով վայր: Արցախի ԱԳՆ հայտարարությունում ասում է, որ հաշվի են առել ստեղծված իրավիճակը, փաստը, որ լրագրողներն ադրբեջանցիների կողմից հատուկ են թիրախավորվում, և այստեղ օտարերկրյա քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և նրանց կյանքին իրական սպառնալիքը կանխելու խնդիր կա, և հենց դա է եղել որոշման պատճառը:
Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում և Շուշիում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան, «Ազատությանը» հայտնեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Զոհերի և վիրավորների թիվը դեռևս չի հստակեցվում, քանի որ ըստ խոսնակի՝ փլատակների տակ գտնվող անձինք կան։ Ստեփանակերտի ուղղությամբ հրետակոծությունը գրեթե ողջ օրը չդադարեց, երեկոյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Շուշիում էլ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները»։
Իսկ կեսօրից հետո Արցախի նախագահը հայտարարեց, որ իր հրամանով Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով մի քանի հրթիռային հարված է հասցրել: Հարությունյանը նաև հայտարարել է, որ ավելի ուշ հանձնարարել է դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակված տեսանյութում ասում է, որ Գյանջայի օբյեկտի խոցումը նախազգուշացնող կրակ էր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այնտեղից դուրս եկող ռազմական օդանավերը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում են ագրեսիա իրականացրել։
«Այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել, նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին, Գանձակ քաղաքին: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին` Գյանջային` Կիրովաբադին, մենք նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել ենք: Խփել ենք, որովհետև նրանք են պարտադրել, ուշքի եկեք, ուշքի եկեք, որովհետև շարունակելու ենք այլ քաղաքների և եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ, ի դեպ, հրամայել եմ դադարեցնել որոշ ժամանակ խոշոր քաղաքների հրթիռային և հրետանակոծությունը` ժամանակ տալով հակառակորդին: Հեռու պահեք խաղաղ բնակչությունը: Ուզում եմ հայտարարել, որ արդեն այդ հրամանն իմ կողմից եղել է` դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային և հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ: Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները` թիրախավորելով խաղաղ բնակչությունը: Ժամանակ ունեք, մտածեք: Շարունակելու ենք, նշում եմ, մինչև վերջին մարդ, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում հաղթել», - ասել է նա: