Փետրվարի 24
Հոգու գործը լռությամբ է կատարվում: Սերը արդեն իսկ ուրիշներին մոտեցնում է ձեզ: Ձեզ մոտ եկած բոլոր մարդկանց ընդունեք իբրև Իմ կողմից ուղարկված և արժանացրեք նրանց արքայական ընդունելության: Անակնկալի կգաք, եթե հասու լինեք այն բաներին, որ ծրագրել եմ ձեզ համար:
Անկեղծ սիրով ու ջերմությամբ ընդունեք ձեզ եկողներին: Կարող է այնպես լինել, որ դուք չիմանաք, թե ինչ գործ է կատարվում: Այսօր շատերը կարող են ձեր կարիքը բոլորովին չզգալ, բայց շատ հավանական է, որ վաղը արդեն այդ պահանջը ունենան: Երբեմն, Ես կարող եմ նաև անծանոթ այցելուներ ձեզ մոտ ուղարկել: Այնպես արեք, որ նրանք ձեզ կրկին այցելելու ցանկություն ունենան: Եկվորներից ոչ ոք թող չզգա, որ իր գալը չեք ուզում:
Ուրախությամբ բաժանեք ամենքին ձեր սերը, զվարթությունը, երջանկությունը, ժամանակը, կերակուրը: Իբրև այս ամենի արդյունք` հրաշալի իրողություններ կբացվեն ձեր առջև: Հիմա ձեզ համար ամեն բան չբացված բողբոջի ձևի մեջ է. բայց երբ ծաղիկը բացվի, նրա գեղեցկության փառքը ձեր պատկերացրածից շատ ավելի վեր կլինի: Սեր, ուրախություն ու խաղաղություն և հանգստություն կունենաք առատ ու հորդուն չափով. միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք: Սեր տվեք ուրիշին, տվեք ինչ կարող եք: Տվեք ուրախ սրտով ու բաց ձեռքով: Գործածեք ամեն ինչ ուրիշների օգուտի համար և փոխարենը կստանաք ազնիվ բարիքներ ու օրհնություններ: