Տե՜ր, ողորմեա քո արարածոց և ինձ` բազմամեղիս։
Գնում էր քարավանը դժոխքի ճանապարհով, բայց չէր ղողանջում։ Զանգերը պոկել էին թուրքերը, սապատավոր ուղտը սապատը տվել էր բարձած մեքենաներին ու ինքը պառկած, շնչահեղձ էր լինում։ Ով էր տեսել, մի ամբողջ ժողովուրդ շնչահեղձ լինի։
Իսկ ինչ աներ, որ շնչահեղձ չլիներ։Տ երը խառնել էր իր կանոններն անգամ։ Գիտեինք, որ դժոխքը մեղավորի համար է, բայց մեր մեղքը չգիտեինք։ Դրախտից ինչպես հայտնվեցինք դժոխքում։ Գոնե քավարան մտնեինք, իմանայինք մեր մեղքի անունը, հետո նոր` դժոխք գայինք։ Քո կարգը այդպիսին չէ՞ր, Տեր։ Բայց Տիրոջ կամքին ով կարող է հակառակվել։ Միայն սատանան։
Մեղա՜ Տեր։
Փոքրուց մայրս սարսափելի բաներ էր պատմում սատանայի մասին։ Ասում էր գլխին կոտոշ ունի, հետևում պոչ ունի, մարդկանց խաբում է, գայթակղում և հետո դժոխք տանում։ Իր թագավորությունը այնտեղ է։ Եվ ես միշտ փնտրում էի սատանային` վատ մարդկանց մեջ ու ոչ կոտոշ էի տեսնում, ոչ` պոչ։
Հետո մեծացա ու հասկացա, որ սատանան զորեղ է և փոխակերպվող։ Կարող է դառնալ գեղեցիկ կին` շողոմ լեզվով, կարող է դառնալ տղամարդ` ազգի փրկիչի կերպով։ Նաև հասկացա ու խղճացի մարդուն, որ շրջապատված է բազում սատանաներով և արդեն չի կարողանում տարբերել մարդուն սատանայից։
Խղճացի նաև քեզ, Տեր, որ դժոխածիններին խառնել ես դրախտածինների հետ։ Դրախտային ճանապարհը դարձրել էիր դժոխային և դրախտի բնակիչներին լցրել այնտեղ։
Մեքենաների քարավան էր։ Մի մեքենայից հաց էին խնդրում, մյուսից` ջուր։ Մեկից սրտի դեղ էին խնդրում, մյուսից ջերմության։ Մեկի մեջ երեխա էր ծնվում, մյուսի մեջ` մարդ էր մահանում։
Գլուխս խառնվել էր այս տեսակ դժոխքում։ Տե՛ր, սահմանդ որտե՞ղ է, գթասրտությունդ որտե՞ղ է։
Քարավան-ավտոշարասյունը կրիայի քայլերով շարժվում էր առաջ ու միտքս տանում Դանթեի մոտ։
Քո տեսածը իմ տեսածին նման է՞ր, աստվածային Դանթե։
Քո դժոխքում շրջված շտապ օգնության մեքենայի մեջ մարդ էր ծնվու՞մ։
Քո տեսածում երեխան ձեռքերը մեկնած հաց էր խնդրու՞մ։
Քո տեսածում մի ամբողջ ժողովուրդ թողած երկրի նշխարք էր դարձե՞լ։
Դժոխքի ճանապարհն անծայր էր, ինչպես խառնիխուռն մտքերս, որոնք շտապում էին իսկական դրախտս հասնել` Մայր Հայաստանս։
Միամիտս ի՜նչ իմանար, որ գլխավոր սատանան այստեղ էր նստած։
( շարունակելի)
24.02.25 թիվ
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ