Բարի լույս, սիրելի ժողովուրդ։
Իմ ամբողջ կյանքում մատս հայ քաղաքական կյանքի զարկերակի վրա եմ պահել, բայց երբևէ չեմ զգացել երկրիս զարկերակի այսպիսի անկանոն պուլս։
Մեր քաղաքական գործիչները (հին և նոր) ժողովրդից հեռացած, իրար են փնովում։ Մեկը չկա դրանց հարցնի` դուք ու՞մ եք պետք առանց ժողովրդի։ Մի՞թե սրանք չեն հասկանում, որ ժողովուրդը հոգնել է իրենց ճոռոմաբանությունից, հավատն է կորցրել բոլորի հանդեպ։
Եվ մինչ զբաղված են միմյանց գաղտնիքները բացելով, իշխանությունն էլ ձեռքերը ազատված, զբաղված է իր հարևաններին խնդրանք-պայմանագիր հրամցնելով, խոստումներ տալով, Եվրոպայի դռները բախելով, ռուսների հետ խաղեր տալով ու խաբելով։
Կործանարար քաղաքական ճահիճ է Հայաստանում, ժողովուրդս, ու միայն իրար ձեռքից բռնելն ու միասին ջանք գործադրելով ճահիճից դուրս գալն է ելքը, բայց ամեն մեկը առանձին թափահարում են իրենց ձեռքերը, ավելի խոր ընկղմվելով ճահիճի մեջ։
Գժվել կարելի է։ Դուք ինչ լիդեր եք, որ ժողովրդին թողած, ձեր անձնական հաշիվներն եք իրար հետ մաքրում։ Իսկ իշխանություն կոչվածը օգտվելով ձեր ստեղծած քաոսից, երկրի առևտրով է զբաղված: Սրանք էլ այստեղ չեն հասկանում, որ ամբողջ աշխարհում ծաղր ու ծանակի առարկա սարքեցին Հայաստանին ու հային։ Մարդ է՞լ այդքան ազգային արժանապատվություն չունենա, իր ժողովրդին չհավատա ու ուրիշներից պաշտպանություն մուրա, թշնամու ոտքերի տակ փալաս դառնա։ Վախկոտ իշխանությունը միայն կկործանի երկիրը, հասկացե՛ք, կամ իր կաշին փրկելով կվաճառի այն։
Ճահիճում գտնվողնե՛ր, խելքի՛ եկեք, իրար օգնելով դու՛րս եկեք ճահիճից, մոռացե՛ք անձնական ձեր «ես,-ը և իշխանական աթոռի վրա նստելու ձեր մարմաջը։ Հիմա Հայաստանը միայն մեկ և գլխավոր խնդիր ունի։ Ազատվել այս իշխանություններից, և լծվել երկրի փրկության գործին։ Այդ փրկության համար ես միայն մեկ դեղատոմս ունեմ, որ ժողովուրդն է գրել։
Քո կացինը սրի, հարևանից կացին մի ուզի։
Հիշու՞մ եք այդ ասույթը։ Հայրը որդուն ուղարկում է հարևաններից կացին ուզելու։ Բոլորն ասում են` չունենք, կոթն է ջարդված։ Այնժամ հայրը որդուն ասում է` լավ, մերը բեր։
Մերը թողած ուրիշների ոտքերն ենք ընկել։ Իշխանափոխություն արեք, հզորացրեք երկիրը։ Փառք Աստծո, հայը հանճարեղ ուղեղ ունի, ցավոք, այն օգտագործում է այլ ազգերի համար։ Հավաքեք նրանց այստեղ և աշխարհին հասկացրեք, որ հայն է լինելու իրենց դահիճը, եթե չդադարեցնեն ոտնձգությունները մեր սրբազան երկրի հանդեպ։
Մինչև չմիաբանվեք, իշխանափոխություն չանեք, ոչ Արցախս հետ կբերեք, ոչ Հայաստանից տվածը, ոչ աշխարհը կընդունի ու կհարգի մեզ, ոչ մեր զոհերի պատասխանը կկարողանաք տալ, մնացած այս մի բուռ երկիրն էլ կվերացնեք։
Ովքեր այս հասարակ բանը չեն հասկանում, թող քթերը չխոթեն քաղաքականության մեջ ու երկիրը չպառակտեն։ Ամեն օր մի կուսակցություն ու մի ՀԿ է ստեղծվում և իր հետևից տանում է մի խումբ մարդիկ` նրանց թշնամի սարքելով մյուսների հետ։ ՈՒմ ծրագիրն եք կատարում, որ երկիրը բաժանեն ու գան տիրե՞ն։
Մեզ միաբանվել է պետք ու մեր կացինը սրել։
Սա պետք է լինի այսօրվա հրամայականը։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ