Ասելիքս Ակադեմիական քաղաքի գաղափարին է վերաբերում, որը հարցականների ու կասկածների տեղիք է տալիս, և քանի որ մեր տառապանքը փորձ ունի, ուրեմն մենք էլ ունենք կասկածելու և հարցի իրավունք՝ ինչու՞:
Մի՞թե այդքան օրհասական ու խիստ անհրաժեշտ ձեռնարկ է, առանց որի գոյության անհնարին է բուհական կրթության բովանդակային-նպատակային-արդյունավետ-միջազգային չափանիշներին համապատասխանող պահանջարկով ուսուցում ապահովելը:
Բուհերի շենքերն, ի՞նչ է, հնացել- մաշվե՞լ են, կենսոլորտը խաթարվա՞ծ է, օդը չի՞ բավականացնում ազատ ու առողջ շնչառության համար, մթնոլո՞րտն է հակաուսումնական- սատանայական, նեղվա՞ծք է, թե՞ ճոխություն:
Տեղափոխությունն ու կոլխոզային միջավայրը մտածողությու՞ն են փոխելու, ուսման հարգն ու պահանջա՞րկն են բարձրացնելու, առավել հարուստ գիտելիք ու բովանդակութու՞ն են ապահովելու:
Իսկ միգուցե Երկրիս անվտանգության կամ Բանակիս հզորացման hրատապ խնդիրնե՞րն են լուծվելու, տնտեսական շշմեցնող ա՞ճ են գրանցելու:
Մեր երկրին առայժմ արագ ու նախ և առաջ՝ լիարժեք կահավորված ու ամեն փորձանքից ապահովագրված զորանոցներ են պետք, օթևանային քաղաքներ են պետք՝ դեռևս Երկրաշարժից ու պատերազմներից հետո տնազրկված, հազարումի պատճառով անօթևան մնացած, որտեղ պատահի ծվարած ընտանիքներին մարդավայել բնակարաններով ապահովելու համար:
Չշեղվեմ ասելիքիցս՝ Ազգային հռչակված պետությունը պարտավոր է նաև սեփական-ազգային ծրագրով կրթություն ապահովել, ուսյալ ու հայեցի դաստիարակությամբ սերունդներ կրթել՝ սեփական ազգի մշակույթի, պատմության, ավանդույթների իմացությամբ ու Հայրենիքի արժևորման զգացողությամբ: Ինչպիսին եղել են Հայաստանյան բոլո՛ր բուհերի շրջանավարտները՝ մինչև 30-ամյա մղձավանջը:
Բուհերին նոր մղձավանջ պետք չէ, յուրաքանչյուր բուհ ինքն իր պատմական, ավանդական, հարազատ օջախում պիտի իր առաքելությունը շարունակի կամ վերսկսի:
Չէ՛ մի չէ՜, Ակադեմիական քաղաք, էդ ո՞ր հզոր, հարուստ ու անվտանգ երկրի ետևից ենք վազում, էդ երբվանի՞ց հայ ծնողը այնքան ազատամիտ ու անտարբեր դարձավ, որ պատրաստ է իր երեխային Հայաստանի որ ծայրից ասես՝ Աշտարակ ուղարկի, ի՛նչ է թե …
Ցանկացած հայ ծնողի ցանկությունն ու երազանքն է իր երեխաներին բարձրագույն կրթության տալը, բայց, վստահ եմ՝ ո՛չ այս տարբերակով:
Կարծում եմ, ի սկզբանէ այս նորաթուխ բարեփոխումը դատապարտված է ձախողման: Ինչու՞-ն բազմաթիվ ու բազմաբնույթ պատճառաբանված պատասխաններ կունենա, եթե հարցը արժանանա ոչ միայն մասնագիտական կամ քաղաքական, այլև հանրայի՛ն քննարկման:
Սակայն, ենթադրվում է, չի դրվելու հանրային քննարկման, ծնողների կամքը չի կարևորվելու, ապագա ուսանողներն էլ առայժմ ձայնի իրավունք չունեն, չի կարևորվի անգամ հարյուրավոր դասախոսների կարծիքը, Երևանն էլ լեզու չունի, որ ճչա, թե ի՞նչ բարոյական իրավունքով եք իմ առօրյան չեղյալ համարում, ինչպե՞ս կարող եք ինձ զրկել ուսանողական շուքից ու ժխորից, իսկ գուցե ինձ է՞լ տեղափոխեք Աշտարակ՝ Կառավարությունով, ԱԺ-ով, Նախարարություններով:
Ամեն ինչ չէ, որ կարելի է ու պետք է քանդել՝ նորից սկսելու համար:Կրթական աշխարհում կան բազմաթիվ բացթողումներ, սխալներ, թերություններ, որոնց շտկելն ու լրացնելը որակ ու նպատակային արդյունք կունենան: Իզուր չի ասված՝ ամենալավ նորը մոռացված հինն է: Մանավանդ և հատկապես կրթության վերականգման համար: Բուհական ու դպրոցական , ինչու՞ ոչ՝, նաև նախադպրոցական կրթությունը հարկավոր է շարունակել այն կետից, որ կետում սկսվեցին ձախողումներն ու փլուզումը, այլապաշտությունը:
Երբ 1990-ականների սկզբում դպրոցները վերածվեցին փորձադաշտի, ծավալուն մի հոդված տպագրեցի՝ «Վերակառուցում՝ վերադարձի ճանապարհով»:
Գուցե շարունակե՞նք այս ճանապարհը՝ հանուն և ի նպաստ ոչ միայն կրթության, այլև առաջընթաց քայլերի՝ գիտության, տնտեսության, մշակույթի, հանու՛ն և ի՛ նպաստ հզոր, հարուստ ու անվտանգ Հայրենիք վերջապես կայացնելուն:
Պետական առաջնահերթ Ծրագիրը՝ կրթական ծրագրերի, կրթական դասագրքերի, կրթական համակարգի նվիրյալների որակական խնդիրների լուծումը պեռք է լինի, դրանք միջազգային պահանջներին համապատասխանեցնելը և հիմքում ավանդական կրթության ձեռքբերւմների պահպանումը պետք է լինի:
Չմոռանանք, որ մենք ավելի վաղ ենք եվրոպա եղել՝ հայկական-ազգային դպրոցներով ու համալսարաններով, գիտական կենտրոններով: Սակայն Եվրամիության անդամ դառնալն ու միջազգային դրամաշնորհները այնքան գայթակղիչ էին, որ մեզ թույլ տվեցինք ներկայանալ որպես անպատմություն, անիմա, թերուս, քաղաքակրթություններից հետ մնացած ազգ ու պետություն և պատրաստակամ կլանեցինք եվրոպական բարիքները՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես ու, ցավոք նաև, կրթությա՜ն բնագավառում:
Իսկ կրթական 30-ամյա բարեփոխումների առհավատչյան կրթության բնաջնջումն էր և կրթության կառավարիչների համարյա թե՝ օլիգարխացումը:
Հ.Գ.
Չեմ կիսում կառավարության ոգևորությունը, վստահ եմ , այն բխում է զուտ վարչապետի չարդարացված ոգևորությունից: Առաջնահերթ ու հրատապ այլ խնդիրներ ու անելիքներ կան:
Վարչապետին, փաստորեն, ի՜նչ կադրեր ու ի՛նչ ծրագրեր մատուցում են, ոգևորված ընդունում է, միայնա՞կ է որոշումներ կայացնում, բա ու՞ր մնաց բազմակարծությունը, այլակարծությունը, ժողովրդավարությունը՝ հանրային ձայնն ու կամքը: Թե՞ այս ամենը տեղավորվում են մի փոքր ու շրջանակներում:
Այսպես չպիտի լիներ, այսպես պետք չէ, այսպես սխալ է ու հիասթափեցնող:
ժողովրդական՝ «յոթն անգամ չափելու» իմաստուն խորհուրդը չպետք է մոռանալ:
Իսկ չափողները մասնագիտական լայն շրջանակներներն ու պահանջատեր հանրությունը պիտի լինեն։
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ