Երբ պատմական միջավայրից մշակութային կոթողները տեղափոխվում էին Երևան՝ վերականգնելու, ամրակայելու, Հայաստանի պատմության թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում ցուցադրելու պատրվակով, ոլորտի մասնագետներն ահազանգում էին՝ խաթարում եք պատմամշակութային միջավայրը: Պատկան կառույցի ներկայացուցիչներն էլ պարզաբանում էին՝ բերում ենք այն բեկորները, որ «անտերուդուս վեր են ընկած»:
Հիմա պարտադրված ենք «անտերուդուս» թողնելու (թշնամուն ի պահ) արցախյան պատմամշակութային ժառանգությունը կամ պոկելու-բերելու-փրկելու այն, ինչ կարող ենք՝ խաթարելով պատմամշակութային միջավայրը։ Պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները գույքագրել-արձանագրել են Արցախի հուշարձանները, պատրաստ են գալ-ստուգելու՝ տեղու՞մ են դրանք, թե՞ տեղում չեն։ Ասում են՝ տեղի բնակիչը հուշարձանի առաջին պահապանն է։ Ադրբեջանին հանձնված տարածքներն արդեն այլ տերեր ունեն։ Թշնամին փորձելու է վերացնել պատմական հետքերը կամ ժխտել դրանց հայկական ծագումը։ Առաջին փորձերն արդեն արվել են։ Մենք դեռ մեղավորներ ենք փնտրում մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսը չկորցրած։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ