(Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը Վահե Ավետյանի մահից անմիջապես հետո)
 «Խորին ցավակցություններս Վահե Ավետյանի ընտանիքին ու հարազատներին: Պինդ կացեք ու մխիթարվեք Վահեի հիշատակի հավերժությամբ, ով այլևս ապրելու է ձեր հետ, ձեր հիշողություններում ու մտքերում: 
 Անկեղծորեն, Վահեի մոր ու քրոջ նման հավատում էի հրաշքին` նրան, որ եթե մինչև հիմա Վահեն թեկուզ անգիտակից ապրում է, ապա Աստված նրան մեզանից ու իր ընտանիքից չի խլելու: Ավաղ, Վահեին տարավ իր մոտ, որովհետև չկարողացանք պաշտպանել նրան: 
 Մեր երկրում մարդիկ զավակ են ունենում, հույսեր կապում նրա հետ, հավատում նրա ապագային, պետական բյուջեով լավ թե վատ ծախս է արվում այդ քաղաքացու վրա, ու վերջինս  կամ լքում է իր երկիրն ու ծնողին, կամ էլ, վատագույն դեպքում, մի անպատժելի, թռփոշացած, հաբռգած կենդանի ջնջում է այդ ամենը` հույսեր, երազանքներ, ջանքեր, ներդրումներ, ապագա` ցույց տալով, թե մարդը Հայաստանում ճանճի նման բան է: 
 Երկու դեպքում էլ մարդը մեր երկրում արժեք չունի: Եվ պետությունը, իր հանցավոր անտարբերությամբ, որոշ դեպքերում հանցավոր մեղսակցությամբ անուղղակի թե ուղղակի հավանություն է տալիս այս ամենին: 
 Եթե այդպես չլիներ, ապա շատ պաշտոնանակությունների մասին լսած կլինեինք մինչև հիմա»,- Վահե Ավետյանի մահից հետո այս գրառումն է թողել  «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում: