Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Թուրքիան սպառնում է սպանել Բունդեստագի պատգամավորներին

Թուրքիան սպառնում է սպանել Բունդեստագի պատգամավորներին
06.06.2016 | 22:21

Բունդեստագում հինգշաբթի օրը 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգային փոքրամասնությունների զանգվածային սպանությունը ցեղասպանություն ճանաչելու բանաձևի ընդունումից հետո Թուրքիան կոչ է արել սպանել Բունդեստագի 11 պատգամավորներին, որ թուրքական արմատներ ունեն՝ հաղորդում է Die Zeit-ը:

Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Էզկան Մուտլուն հայտարարել է նոր որակի սպառնալիքներ ստանալու մասին բանաձևի ընդունումից հետո: Անկարայի քաղաքապետը Twitter-ում տեղադրել է Բունդեստագի թուրք պատգամավորների լուսանկարները, որոնք տարածվել են ցանցում և շատ օգտատերեր պահանջել են նրանց սպանել: Մուտլուն հայտարարել է, որ տագնապած է, «որովհետև ինչ-որ խելագարներ կարող են լսել ու որոշել, որ դա իշխանությունների հրամանն է: Թուրքիայում այդպես շատերին են սպանել»։

Իր ներդրումն է ունեցել և նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, որ Բունդեստագի 11 պատգամավորները Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության «երկար ձեռքն են», իսկ Գերմանիան «վերջին երկիրն է, որ կարող է խոսել իբր թե Թուրքիայում կատարված ցեղասպանության մասին»: Իբրև սկիզբ, Էրդողանի կարծիքով, Գերմանիան պետք է «պատասխան տա Հոլոքոստի և 100 հազար հերերոների սպանության համար Հարավային Աֆրիկայում ХХ դարասկզբին»:

Թուրքական շատ թերթեր ձայնակցել են Էրդողանին: Կառավարամետ Star-ը հրապարակել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը հիտլերյան բեղերով, Sabah-ը գրել է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ սկսված ճակատագրական բարեկամությունը Թուրքիայի ու Գերմանիայի միջև ավարտվեց, որովհետև «զինակից եղբայրը Թուրքիային դաշույնի հարված հասցրեց թիկունքից»: Էրդողանի և թերթերի քննադատության կենտրոնում Կանաչների պատգամավոր Ջեմ Օզդեմիրն է, որ բանաձևի նախաձեռնողներից մեկն է եղել: Նրա ընդունարանի ղեկավար Մարկ Բերտոլդն ասել է, որ Օզդեմիրը դեռ երբեք սպանության այդքան սպառնալիքներ չէր ստացել: Քրեական ոստիկանության դաշնային ծառայությունը նրան անձնական թիկնապահ է հատկացրել և ուժեղացրել է տան հսկողությունը:
Die Zeit, Գերմանիա


Հ.Գ. Եթե որևէ մեկը կասկածում էր ցեղասպանության փաստին, Անկարայի արձագանքներից կարող է համոզվել, որ 101 տարում ոչինչ չի փոխվել: Խալիֆ Էրդողանը երիտթուրք երեք փաշաների արժանի հետնորդն է, հայրենակիցների սպանությունը սոցիալական ցանցերում պահանջողներն էլ նրանց բաշիբոզուկների ժառանգները: Բայց մի հարցում Էրդողանը ճիշտ է՝ եթե իսկապես Գերմանիան վերջին երկիրն է, որ իրավունք ունի ցեղասպանության մասին խոսել ու խոսեց, ուրեմն Թուրքիան մնում է մենակ իր ժխտողականության մեջ և ժամանակն է ցեղասպանությունը ընդունելու: 101 տարի չարժի հայերից ու հայերի պահանջած հատուցումից վախենալ: Հայերն ուրիշինը չեն ուզում, իրենց ունեցածն են ուզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ