Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով տարածաշրջանին, հայտարարել է. «Չնայած մենք աջակցում ենք Հարավային Կովկասի երկրների և Իրանի միջև տրանսպորտային ուղիների և կապի ընդլայնմանը, մենք պետք է իսկապես զգույշ լինենք։ Նախ՝ չփոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները, որևէ կերպ չխախտել որևէ պետության ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը»։               
 

Վարչապետի հայտարարությունների հետևից չեն հասնում

Վարչապետի հայտարարությունների հետևից չեն հասնում
26.10.2018 | 01:57

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական հայտարարություններն ու տնտեսական տեմպերն իրար թշնամի են դարձել։ Քաղաքական հայտարարություններով «ծեփում են պատերին», «փռում ասֆալտին», բայց տնտեսությունը տեղից չի շարժվում։ Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում։ Տնտեսագետներն արդեն մի քանի ամիս է գուժում են, նույնիսկ «անվստահելի» վիճծառայությունն է ասում, որ վիճակն այն չէ, բայց ո՞վ է լսողը։ Դեռ քաղաքական դասավորումների ժամն է, տնտեսությունը կսպասի։ ՈՒ տնտեսության հետ բոլորն անտրտունջ սպասում են «լուսավոր ու պայծառ ապագային» (սա ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի որակումն է մեր այն դիտարկմանը, թե այսպիսի տնտեսությամբ ու՞ր ենք գնում)։


Իսկ կառավարության տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները վարչապետի քաղաքական հայտարարությունների «թռիչքաձև ճախրանքի» հետևից չեն հասնում։ Անգամ կառավարության հազար տարվա տնտեսական քաղաքականության հենասյուներից մեկը՝ Ատոմ Ջանջուղազյանը, այդ քաղաքական հայտարարություններից գլուխ չի հանում։ 2019-ի բյուջեն երկուշաբթի խորհրդարանականների քննարկմանն է ներկայացվելու։ Սա հեղափոխական բյուջե չէ, ավելին, մեծ կասկած կա, որ այն այս տարի կհաստատվի։ Բայց մինչ այդ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը մեզ փոխանցեց, որ չի բարձրանա նվազագույն թոշակը, թեև մինչ այդ կառավարությունը հայտարարեց, թե նվազագույն թոշակը կբարձրանա 60 տոկոսով՝ կազմելով 25 500 դրամ։ Հիմա Ատոմ Ջանջուղազյանն ինչպե՞ս տնտեսագիտորեն բացատրի հանրությանը, հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ունեցող քաղաքացիներին, որ երբ Նիկոլ Փաշինյանը և նրա հեղափոխական կադրերը խոսում են բյուջետային ծախսերի մասին, իրականում չեն պատկերացնում, թե բյուջեն ինչպես է կազմվում, որ եթե ավելացնում ես թոշակը, այն էլ՝ 60 տոկոսով, դա ենթադրում է ինչ-որ տեղից մշտական եկամտի ապահովում։ Այլապես չի ստացվի, ասենք 5 կամ 10 կոռուպցիոների կամ պատգամավորի գումարները, ինչպես Փաշինյանն է ասում, «կոպեկ կոպեկ վերադարձնել» բյուջե և ապահովել թոշակի բարձրացում։ Դա միջնաժամկետ, ոչ թե երկարաժամկետ խնդիր կլուծի։ Չեն կարող, չէ՞, մի տարի թոշակները բարձրացնել, հաջորդ տարի ասել, դե ժողովուրդ, ձեզանից գողացված փողերը հետ վերադարձրինք, թոշակ բարձրացրինք, հիմա էլ փող չկա։
Վերջում ընդամենը մեկ դիտարկում. երբ տնտեսության մասին Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվում, նա հիշեցնում է, թե ինչպես է հունիս ամսին տնտեսությունը երկնիշ աճ գրանցել, ինչը պայմանավորված է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ արված բուքմեյքերական խաղադրույքներով, սակայն իրենց համար դա ցանկալի տարբերակ չէ։ Պարզապես խնդրանք` բավական է հազարերորդ անգամ ասվածը նշեք, ընդամենը բացատրեք, թե ինչու՞ են վերջին ամիսներին կտրուկ դանդաղել տնտեսական աճի տեմպերը։ Բացատրեք տնտեսագիտական լեզվով, ոչ քաղաքական հռետորաբանությամբ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ