Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Նա բոլորի չմարած հույսն է

Նա բոլորի չմարած հույսն է
06.04.2023 | 22:38

Տանից դուրս գալը վերջերս անսովոր մի բան է դարձել, և ամեն անգամ զարմանքով ու հիացմունքով եմ շուրջս նայում, նկատում աննշանն անգամ: Ահա այսօր էլ, դեպքերի անհրաժեշտ բերումով, այցելել էի պետական մի հիմնարկ, որտեղ ձանձրույթը ծորում էր՝ հերթի կանգնած մարդկանց ուսումնասիրելու ակամա պարտադրանքով:

Սովորական, հոգսաշատ մարդիկ, անհանգիստ, ինչ-որ բանից ուշացող, ինչ-որ բանից դժգոհ, կողքիններին անհաղորդ: Ու հանկարծ ներս է մտնում անթացուպերով մի երիտասարդ, քսան-քսանհինգ տարեկան մի տղա և հերթագրվում: Սլացիկ հասակով, պայծառ, ծիծաղկուն ժպիտով, ոտքից-գլուխ լավատես թարմություն, բայց... տաբատի մեկ փողքը դատարկ է՝ խնամքով վեր ծալված...

Բոլորն ակամա ձգվում են տղայի ուղղությամբ, նա բոլորի զինվոր բալան է, որ հրաշքով տուն է վերադարձել, թեկուզ՝ առանց մեկ ոտքի, նա բոլորի չմարած հույսն է: Նա ակնթարթորեն ցրում է անհաղորդ սպասումը, ամեն մեկն ուզում է ինչ-որ կերպ գուրգուրել նրան, բայց չեն համարձակվում, և սիրո ու կարեկցանքի շունչը ողողում է տխուր սպասասրահը:

Տղան զգում է այդ, նկատելիորեն ճնշվում, բայց ոչինչ անել չի կարող: Ու հանկարծ նկատում է գետնին ընկած մի թուղթ: Ինչ-որ պետքական տեղեկանք է, որ հենակների վրա հենված տարեց տղամարդու թևի տակ սեղմած թղթապանակից է ընկել: Տղան բնազդորեն ձգվում է դեպի թուղթը, դժվարությամբ վերցնում այն և մեկնում տիրոջը.

-Վերցրեք...

Եվ ամեն ինչ կենդանանում է դարձյալ:

-Բալես...,-հուզված շշնջում է տարեց տղամարդը:

Սպասարահը արձագանքում է՝ վա՜խ , բալես: Ու ժպտում են, բոլորը: Լարվածությունը ցնդեց: Շնչելը դարձյալ թեթևացավ:

Հայկ Մարտիրսյան

Դիտվել է՝ 6077

Մեկնաբանություններ