Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Հովազներս

Հովազներս
28.05.2025 | 20:23

Հիշում եմ յոթ հովազներիս,

որ դուրս ելան մի առավոտ իմ մրրկահույզ ներաշխարհից -

ազատաբաղձ ու պարզամիտ,

անրջանքով սրբաջրված,

հանդգնությամբ լեցուն՝ նրանք վառ կրքերով բռնված ելան,

ու սրընթաց… կորա՜ն անհայտ եզերքներում -

ասես՝ կոչված բնախույզներ արկածասեր,

հմայվածներ գաղտնահալած…

Նրանք ցայսօր ետ չեն դարձել,-

ու խորհում եմ - գուցե անզուսպ կրակն ընկան,

որ նույն կյանքն է՝ խայթիչ, ունայն լեզվակներով,

կամ էլ՝ նրանց Մանոնան է պատանդառել մի նկուղում…

Չէ՛, անկասկա՛ծ - հովազներ են ծանրամեծար,

նրանց սանձել ու շղթայել հեշտ չէ բնավ,

հավանաբար նրանց շքեղ մի պուրակում

հնարամիտ պիթոններն են հրապուրել

չնաշխարհիկ կանանց տեսքով…

Գիտեմ՝ նրանք կգա՛ն մի օր, ե՛տ կդառնան շնչակտուր

իրենց ոգու, խղճի, արյան օրրանը խայտաճամուկ,–

գուցե լորեր, ծիծեռնակներ ու թիթեռներ դարձած կգա

ամոթահար, խեղճ ու խոնարհ,

հոշոտված ու շանթված կգան,-

բայց ինչ տեսք էլ թե ունենան -

հովազային իրենց վսեմ էաշունչը չժառանգած եթե տեսնեմ,

ես կփակե՛մ նրանց դարձը նենգափոխիկ - ու կսպասե՛մ

էն երազկոտ ու պարզամիտ,

ազտատենչ ու հանդուգն,

էն յոթ անպարտ հովազներիս:

24.05.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ