Վերջին մի քանի տարում իմ քաղաքական դիրքորոշումների պատճառով ինձ հետ խզվել են պայմանավորվածություններ և պայմանագրեր, չեն կատարվել ստանձնած հանձնառություններ՝ նաև երրորդ կողմերի միջամտության հետևանքով: Այս ամենում ներգրավված են եղել մի շարք միջազգային կազմակերպությունների տեղական ներկայացուցչություններ, և այս ամենը արվել է հաճոյանալու համար Նիկոլի իշխանությանը կամ կատարելու դրա անդամների ցուցումները:
Սրանով հանդերձ, երբևէ սրանց մասին չեմ բարձրաձայնել, որևէ մեկին հանրային չեմ պախարակել, ընդ որում, գրեթե բոլոր դեպքերում իմացել եմ, թե ովքեր են իմ դեմ ցուցումներ տվողներն ու հրահանգներ կատարողները:
Այս անարդարության ծանր հետևանքները կրում եմ լռելյայն և չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքական հայացքներից:
Այս իրականության հակառակ կողմում ոմն ՔՊ-ական մի կին աղմուկ է բարձրացրել, թե իբր Հայաստանում ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) անարդարացիորեն խզել է իր հետ դասավանդման պայմանագիրը, և տեսեք թե այս հարցը այնքան կարևոր է, որ նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը ՀԱՀ-ի ռեկտորի մոտ է գնացել զրույցի:
Եվ սա տեղի է ունենում այն նույն իրականության մեջ, որտեղ երբ ինձ ամիսներ առաջ կանչեցին այս նույն համալսարան որպես հյուր, խոսնակ՝ ընդամենը մեկ դասի 2 ժամով, նախազգուշացրին, որ պահեմ քաղաքական չեզոքություն:
Հայաստանում արդարությունը մահացել է, թաղող չկա: Անարդարության գարշահոտը կխեղդի ամենքին, սակայն չտեսնելու կտան, կապրեն իրենց հորինած կեղծ իրականության մեջ:
Աստված վկա, սա երկար չի տևելու, ամենքն իր վաստակածով իր բաժին արդարությունը ստանալու է, արդարների զրկանքները հատուցվելու են, իսկ անարդարները, իրենց սերունդներով հանդերձ, պատժվելու են:
Հովհաննես Ավետիսյան