Նախքան քաղաքական անուններ ընտրելն ու գեղեցիկ փաթեթավորումը` շատ կարևոր է հասկանալ բովանդակային հետևանքները։
Թեև որոշ շրջանակներ խոսում են այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» կամ այլ ձևակերպումներով նախագծի մասին, իրականում, եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն տվյալ պարագայում երրորդ երկրի ապրանքները տեղափոխվեն Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում։
*ԵԱՏՄ հիմնական սկզբունքներից է `
1. երրորդ երկրների ապրանքների նկատմամբ միասնական մուտքի սահման և
2.ԵԱՏՄ տարածքով դրանց տեղափոխման հստակ կարգ` միասնական մաքսային հսկողության ներքո։
Եթե Հայաստանը թույլատրում է միջանցքային ուղի, որտեղ մաքսազերծում չի իրականացվում, ուրեմն այդ տարածքը փաստացի հանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից։ Սա ոչ միայն խաթարում է ԵԱՏՄ-ի միասնական տնտեսական տարածքի տրամաբանությունը, այլև`
ԵԱՏՄ անդամ պետությունը (Հայաստանը) ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ բացում է սահմանի մի հատված, որով երրորդ երկրի ապրանքները կարող են ազատորեն անցնել` առանց որևէ մաքսային ընթացակարգի։
Այդ դեպքում`
- ԵԱՏՄ բյուջեն տուժում է (քանի որ մաքսային մուտքերը ընդհանուր են) և չի բացառվում, որ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների կողմից հարց բարձրացվի` Հայաստանին ամբողջությամբ կամ մասնակի զրկել իր մասնաբաժնից:
- Միության մյուս անդամները բախվում են տնտեսական խեղումի:
Եվ ամենակարևորը`
- Հայաստանը հայտնվում է մենակ` ԵԱՏՄ օրենսդրական տարածքից դուրս գործող ռեժիմ ստեղծած կողմի դերում։
Այս իրավիճակն անխուսափելիորեն բերելու է կոշտ հակազդեցության, և հետևանքը կարող է լինել Հայաստանի դուրս մղումը ԵԱՏՄ-ից կամ համախմբված ճնշում այդ ուղղությամբ։
Հետևաբար`
անկախ այն բանից, թե Սյունիքի միջանցքը ի՞նչ անուն կկրի` «խաղաղության», «տարանցիկ» կամ «միջազգայնացված գոտի», դրա միջանցքային տրամաբանությունը հակասում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին և հղի է Հայաստանի համար լուրջ աշխարհաքաղաքական, տնտեսական և իրավական հետևանքներով։
Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ