ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

Ի՞նչ տեղի ունեցավ Սպիտակ տանը

Ի՞նչ տեղի ունեցավ Սպիտակ տանը
10.08.2025 | 12:27

Տակավին շարունակվում են քննարկումներն առ այն, թե Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել նաև Սյունիքը: Սակայն երեկվա անցուդարձի ու տեքստային վերլուծությունների, փառաբանությունների ու անեծքի տարափի տակ չնկատեցինք ամենակարևորը. երեկ վերջնականապես ազդարարվեց «Հայաստանի Հանրապետություն» կոչվող գոյացության օպերացիոն կառավարման հանձնումը տրանսնացիոնալ կորպորացիաներին:

Հենց դրանք 2018 թ. մայիսին իշխանության բերեցին «Քաղաքացիական պայմանագիր» անվան տակ ծպտված գործակալական խմբին, որի հղփացած ու ցինիկ պահվածքը սեփական վարկանիշի կտրուկ անկման պայմաններում լավագույն վկայությունն է այն ինքնավստահության, որն ապահովված է ռուսական ու արևմտյան, ի մասնավորի՝ ամերիկյան խոշորագույն ընկերությունների ու խիստ բարձր կարգի որոշում կայացնողների որոշումների ու գործողությունների սերտաճմամբ` հիմնված անասելի մեծ ֆինանսական հոսքերի ու վերաբաշխումների վրա:

Այս հզոր տրանսազգային համակցությունը փորձելու է վերարտադրել հենց նույն գործակալական ցանցն ու վերջիններիս միջոցով իրականացնել ՀՀ վերջնական լուծարման գործընթացը, հանուն շարունակական ու աճող շահերի ու հնարավորությունների:

Երեկ տեղի ունեցավ այդ քողարկված նպատակադրումների ազդարարումը:

Մի մոռացեք, որ Ի. Ալիևը մեկ օր առաջ բացեիբաց ինչ պայմանագիր ստորագրեց ամերիկյան նավթային ընկերության հետ:

Ի դեպ, Ալիևն ու Ադրբեջանը այս հզոր համակցության համար դեռ պետք են՝ նավթամուղի ու գազամուղի փականներ բացելու, փակելու և հաշիվներ ներկայացնելու համար: Իրեն էլ դրա համար են պահում:

Երեկ շատ բարձր մակարդակով մեզ հետ վարվեցին այնպես, ինչպես կվարվեին, թույլի, պարտվածի, ստորացված ու պետություն չունեցող ազգի հետ: Ընդամենը:

Երեկ, նախապես ձեռք բերված փոխադարձ համաձայնության արդյունքում, Կրեմլը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, խաղաղապահների, Լաչինի միջանցքի ու Արցախի հայ բնակչության էթնիկ զտման դրվագներով արտապատվիրակեց Սպիտակ տանը: Փոխանցումն ընդունվեց շատ բարձր մակարդակով: Այլ կերպ ասած՝ 2025 թ. նոյեմբերի 9-ին որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու պարտավորություն այլևս չկա, այնպես ինչպես ի սկզբանե Մոսկվայի համար չկար որևէ պարտավորություն՝ Ադրբեջանի շահերը սպասարկելուց բացի:

Հայաստանյան հասարակության և սփյուռքյան որոշ անիրազեկ շրջանակներ տակավին շարունակում են ուտել գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվող փաշինյանական խաղաղության տեսլականները և մյուս հարակից կեղծ գաղափարախոսական գարշահոտ արտանետումները, չհասկանալով սակայն, որ համաշխարհային ներկա զարգացումներում «խաղաղություն» կոչվածը ամենաշուտ փչացող ու ոչ հարգի ապրանքն է:

Երեկվա ստորագրված փաստաթուղթը ոչ միայն ազդարարեց ամերիկյան ժողովրդավարության հերթական նախապատվությունը միջազգային ավտորատիզմին ու ցեղասպանություն իրականացնելու հակվածություն ունեցող ռեժիմին, այլև ԱՄՆ անկախության 250-րդ տարեդարձի նախաշեմին ամոթալի մի էջ արձանագրեց ամերիկյան ու համաշխարհային պատմության մեջ:

Այսպիսի «անհամաչափ» փաստաթղթի ստորագրումը ազդարարում է նոր անցում համաշխարհային քաղաքականության մեջ, որտեղ գոլորշիանում են «մարդու իրավունքներ» և «ազգերի ինքնորոշում» հասկացությունները: Ամբողջ թափով գործողության մեջ է դրվում «մարդը մարդուն գայլ» հայտնի թեզը, որտեղ փոքրներն ու փոքրաթիվները, սեփական շահերն ու իրավունքները չգիտակցողները, դատապարտված են ոչնչացման, իսկ լավագույն դեպքում նրանց կվերապահվի այլոց շահերը սպասարկողների կարգավիճակ:

Հետահայաց վերլուծելով վերջին մի քանի ամիսների ներհայաստանյան իրադարձությունները, հասկանալի է դառնում, որ վարչապետական «հեծանիվ շոուն», Մայր Աթոռի դեմ շինծու արշավը և մյուս սպասարկվող սրացումներն ընդամենը ժամանակ շահելու և փաշինյանական խաղաղության դիետայի վրա նստած բիոզանգվածին կերակրելու համար էր: ՈՒ նրանք դա շարունակաբար ուտում են:

Քաղաքական ընդդիմության պահով էլ իմ բոլոր կանխատեսումները ներկա դրածոների հետ համագործակցաբար ու փոխադարձ համաձայնությամբ գործելու առումով, լիովին արդարացան՝ վերոնշյալ դիտարկումները հաշվի առնելով:

Ընդդիմությունը ներկա պահին փաշինյանա-քպական խունտայի գլխավոր հենարանն ու պատվարն է: Քարոզիչ, վերլուծաբան, քաղտեխնոլոգ կոչված սպասարկուների թափորին դեռ առիթ կունենանք հիշատակելու անուն առ անուն:

Ինձ շատ են հարցնում են՝ հույս կա՞ արդյոք այսքանից հետո:

Պատասխանում եմ՝ այո´ կա, այն տակավին մեր ձեռքերում է:

Այդ հույսը չի մեռնի ու կդառնա մի նոր հնարավորություն միայն մի դեպքում. համաժողովրդական խստագույն պատժի կիրառում Հայաստանի Հանրապետությունում խարդախ ու հակապետական ճանապարհով իշխանությունը զավթած ու 2018-2025 թթ. հայկական պետական ու ազգային շահերի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունները իրականացրած անձանց ու նրանց սպասարկած բոլոր անձանց դեմ: Համազգային ատյան պետք է գումարվի և ոչ ոք չպետք է խուսափի արդարադատությունից: Դա է լինելու մեր հիմնական ու ազդու ուղերձը մեր շահերը ոտնակոխ անողներին:

ՈՒ նրանք կհասկանան թմբիրից արթնանալու ու գործելու մեր նպատակները: Կհասկանան ու հաշվի կնստեն:

Անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձի նախաշեմին առաջարկում եմ միակ հնարավոր գործողության սցենարը՝ պետականության վերջնական կորուստը բացառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության, զինված ուժերի ու ոստիկանության ավագ ու կրտսեր սպայակազմին եմ ցանկանում դիմել հետևյալ ուղերձով.

Պարոնա´յք սպաներ,

Այն երկիրը, որին երդմնակալության արարողությամբ խոստացել եք ծառայել, այլևս գոյություն չունի: Այն ուղղակի դադարել է գոյություն ունենալ: Հենց Դուք կարող եք գրագետ իրականացված օրինական քայլերի ու գործողությունների արդյունքնում տալ աշխարհին այն ուղերձը, որ մենք կքված ու նվաստացած ապրելու երկիր չենք դառնալու:

Մենք դեռ ունենք այդ ներուժն ու հնարավորությունը խստագույն պատժի ենթարկելով օտար ուժերի կողմից ներդրված և այդ ուժերի շահերը սպասարկող գործակալ-դրածոներին՝ ի ցույց դնել հայկական պատժող բազկի հնարավորությունները:

Ժամանակն է հրապարակել այս օրգանիզմների հավաքագրման հետ առնչվող բոլոր գաղտնի տեսագրություններն ու փաստաթղթերը:

Մի´ հապաղեք ու մի´ երկմտեք, քանզի արդյունքում պատմություն կկերտեք:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ